Մատչելիության հղումներ

Պետական մրցանակները չեն շնորհվել, քանի որ չեն եղել պահանջվող չափանիշներին համապատասխան ստեղծագործություններ


Հայաստանի պետական մրցանակաբաշխության հանձնաժողովը օրերս ամփոփելով 2001 թվականի արդյունքները, հրապարակել էր պետական մրցանակի արժանացած ստեղծագործություններն ու դրանց հեղինակների անունները: Հանձնաժողովի որոշմամբ, պետական մրցանակներ չեն շնորհվել թատերական արվեստի եւ գրականության բնագավառներում:

«Մենք բավականությամբ չէ, որ արձանագրում ենք, որ գրականության մարզը եւ թատերական արվեստի մարզը պետական մրցանակների չեն արժանացել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի նախագահի խորհրդական, պետական մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Դավոյանը: - «Միաժամանակ շեշտում ենք, որ հրամանագիրը, որով հիմնվել է Հայաստանի պետական մրցանակը, պահանջների բարձրագույն չափանիշներ է դրել արվեստի բոլոր մարզերի առջեւ»:

Հանձնաժողովը, որ բաղկացած է մշակույթի եւ արվեստի լավագույն գործիչներից, պետական մրցանակաբաշխությանը ներկայացվածների մեջ վերջին երկու տարվա ընթացքում այդ չափանիշներին համապատասխանող գրական եւ թատերական արվեստի ստեղծագործություններ չի տեսել:

«Երկարաժամկետ գոյության, ժողովրդին երկար ժամանակ սնելու ընդունակ արժեքներն է, որ պետք է արժանանան Հայաստանի պետական մրցանակի», - ասաց Ռազմիկ Դավոյանը: - «Երկու տարվա ընթացքում որեւէ ասպարեզում հնարավոր է, որ այդպիսի մակարդակ չհաղթահարվի: Եվ եթե չի հաղթահարվել, խրախուսանքի կամ հաճոյանալու սկզբունքներից ելնելով, որեւէ ձեւով չենք կարող պետական մրցանակի արժանացնել»:

Անդրադառնալով հատկապես գրողների շրջանում առաջացած դժգոհությանը, Դավոյանի համոզմամբ, աղմուկ բարձրացնողները նրանք են, ովքեր «իրենց մեջ հեռանկար չեն տեսնում այդ բարձրագույն չափանիշները հաղթահարելու»:

2001 թվականի Հայաստանի պետական մրցանակի են արժանացել Ալբերտ Մկտրչյանի «Ուրախ ավտոբուս» գեղարվեստական կինոնկարը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (ճարտարապետ՝ Ստեփան Քյուրքչյան), երաժշտության ասպարեզում Ռուբեն Ալթունյանի Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված օրհներգ-կոնցերտների շարքը եւ Ռուբեն Ադալյանի գեղանկարչական շարքը՝ կերպարվեստի բնագավառում: Մրցանակաները կհանձնվեն Ամանորի տոներին:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG