Մատչելիության հղումներ

Մեծամորի ատոմակայանը վերագործարկվել է


Հինգշաբթի վաղ առավոտյան, պլանային վերանորոգման հերթական աշխատանքների եւ վերալիցքավորման բարեհաջող ավարտից հետո, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը միացել է հանրապետության էներգահամակարգին:

Հայաստանում էլեկտրաէներգիայի ավելի քան 40 տոկոսը ապահովող ՀԱԷԿ-ը ծրագրված 40 օրվա փոխարեն չաշխատեց մոտ չորս ամիս, ինչը երկրին հասցրեց մի քանի միլիոն դոլարի վնաս:

«Այսօր առավոտյան ատոմակայանը հաջողությամբ միացել է երկրի էներգացանցին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀԱԷԿ-ի գործադիր տնօրեն Սուրեն Ազատյանը:

Ատոմակայնի վերագործարկումը, որ նախապես ծրագրված էր օգոստոսի վերջին, հետաձգվել էր Ռուսաստանից միջուկային վառելիք գնելու համար միջոցների բացակայության պատճառով: Անհրաժեշտ վառելիքը Հայաստան է բերվել միայն անցած ամսին այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը վճարեց 4 միլիոն դոլար կանխավճարը: Վառելիքի արժեքի մնացած գումարը՝ 9 միլիոն դոլար, պետք է վճարվի առաջիկա երեք ամսվա ընթացքում:

Սուրեն Ազատյանի խոսքերով, հուլիսից ի վեր ատոմակայանում իրականացված վերանորոգման աշխատանքները բարձրացրել են դրա անվտանգությունը: Չնայած կայանի՝ հուլիսից հետո աշխատավարձ չստացած աշխատակիցների շրջանում առկա դժգոհությանը, վերագործարկումը, ըստ Ազատյանի, «նորմալ է ընթացել»: Տնօրենն ասաց նաեւ, որ կառավարությունը խոստացել է այս շաբաթ վճարել ՀԱԷԿ-ի աշխատակիցների հուլիսի աշխատավարձը:

Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը մտահոգություն էին արտահայտել խորհրդային տարիներին կառուցված ատոմակայանի անվտանգության կապակցությամբ եւ ճնշում էին գործադրում՝ 2004 թվականին այն փակելու նպատակով: Հայաստանի իշխանություներն, սակայն, պնդում են, որ այն դեռ կարող է ապահով կերպով աշխատել եւս մի քանի տարի:

Ատոմակայանի չաշխատած ամիսներին Հայաստանը ստիպված էր կրկնապատկել ջերմաէլեկտրակայանների աշխատանքի համար անհրաժեշտ Ռուսաստանից ներմուծվող բնական գազի ծավալները:

Այսօրվա նիստում կառավարությունը որոշել է պահուստային ֆոնդից 2 միլիարդ 800 միլիոն դրամի բյուջետային արտոնյալ վարկ հատկացնել «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ ստացած գազի դիմաց ռուսաստանյան «Իտեռա» ընկերության ընթացիկ պարտքը մարելու համար։ Այս գումարը հավասարազոր է ատոմակայանի չնախատեսված դադարի պայմաններում գազի հավելյալ քանակի օգտագործման հետեւանքով առաջացած կորստին։


Էմիլ Դանիելյան եւ Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG