Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկի փորձագետները տնտեսական աճի կտրուկ նվազում են կանխատեսում տարածաշրջանում


Ըստ Համաշխարհային բանկի հրապարակած կանխատեսման, այս տարվա ընթացքում Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում տնտեսական աճն անցյալ տարվա համեմատ կնվազի շուրջ 3 անգամ։ Ամենալավատեսական գնահատումներով անգամ, ընթացիկ տարվա արդյունքներով այս ընդարձակ տարածաշրջանի երկրներում տնտեսական աճը կկազմի 2,1 տոկոս։

Տարածաշրջանի երկրների ընդհանուր տնտեսական աճի դանդաղումը Համաշխարհային բանկի փորձագետներն անմիջականորեն կապում են ոչ միայն եւ ոչ այնքան սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետեւանքների, որքան Թուրքիայի տնտեսության աննախադեպ անկման հետ։

Հայաստանի Կենտրոնական բանկի մասնագետների գնահատմամբ էլ, հայկական դրամի վրա ազդեցության ուժգնությամբ թուրքական լիրան երկրորդ տեղում է՝ ԱՄՆ դոլարից հետո։ Լիրայի արժեզրկումը ուղղակիորեն ազդում է նաեւ հայաստանյան սղաճի վրա՝ Հայաստան ներմուծվող թուրքական ապրանքների գների բարձրացման հետեւանքով։

Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը թուրքական ընկնող տնտեսությունը վերջնական փլուզումից փրկելու նպատակով վերջին մեկուկես-երկու տարվա ընթացքում ավելի քան 15 միլիարդ դոլարի ֆինանսական ներարկումներ են արել։ Չնայած դրան, թուրքական լիրան ոչ մի կերպ չի կայունանում։

Վերլուծաբանները շեշտում են, թե այժմ թուրք ձեռներեցները գերադասում են ներդրումներ անել ոչ թե երկրի ներսում, այլ դրսում, քանի որ ներդրումներն այնտեղ ավելի ապահով են։ Իսկ կապիտալի նման փախուստը երկրից էլ ավելի է վատացնում երկրի վճարային հաշվեկշիռը՝ շեղակիորեն հարվածելով լիրայի առանց այդ էլ երերուն դիրքերին։

Համաշխարհային բանկի փորձագետները հաջորդ տարում ԱՊՀ երկրների համար հետագա անկում են կանխատեսում. այս տարվա 4,9 տոկոսի փոխարեն, հաջորդ տարի տնտեսական աճն այս տարածաշրջանում լագագույն դեպքում ակնկալվում է 3,2 տոկոս։

Մեր պաշտոնական կառույցների կանխատեսումներն ավելի լավատեսական են. Հայաստանի տնտեսությունը առաջիկա 4-5 տարիներին միջին հաշվով աճելու է 5,5-6 տոկոսով։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG