Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթն այսօր հանդես է եկել գունավոր շապիկով, կանխատեսմամբ, որ թեժ նոյեմբեր է սպասվում, եւ առաջին էջին՝ այդ թեժության առարկա խաշի սեղանի մանրակրկիտ առինքնող լուսանկարով: Իր նոր՝ «Պետականամետ լուրեր» խորագիրը «Առավոտ»-ը բացել է լրատվությամբ, թե «երեկ Երեւանում հանդիսավոր պայմաններում բացվել է Մատենադարանը՝ հին ձեռագրերի գրապահոցը: Կտրելով կարմիր ժապավենը, նախագահ Քոչարյանը նշել է, որ իր հետեւողական քաղաքականության շնորհիվ բացել է եւս 150 աշխատատեղ»:

Այսօրինակ այլ լուրերի կողքին, գուցե կատակ է նաեւ խմբագրականը, ըստ որի «հենց նախագահները վերընտրվում են երկրորդ ժամկետի, ընդհանրապես դադարում են հասարակական կարծիքի հետ հաշվի նստել եւ հանրությանը ներկայանում են այնպես, ինչպիսին կան»։ Ու եթե Ռոբերտ Քոչարյանը վերընտրվի, նոր Լուկաշենկոյի նման ազատ կասի, թե «թե ինչպե՜ս կպոկեր (կամ ինչպես է պոկել) նրանց գլուխները, ովքեր խանգարում են երկրում կայունություն հաստատելուն եւ տնտեսական աճ ապահովելուն»։

«21-րդ դար» կազմակերպության ղեկավար Արկադի Վարդանյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է. «Ինձ հետ տեղի ունեցածից հետո ես վերջնականապես համոզվեցի, որ ՀՀ ներկա իշխանությունները իրենցից քաղաքական ուժ չեն ներկայացնում, եւ դասական քաղաքական մեթոդներով նրանց հետ պայքարելն անիմաստ է»։

Հերքելով երեկ «Հայոց Աշխարհ»-ում ներկայացվածը, թե «Հանրապետություն», «Ազգային միաբանություն» եւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունների ղեկավարների հանդիպման ժամանակ որոշվել է, որ Քոչարյանին պաշտոնանկ անելուց հետո հանրապետության նախագահ է դառնալու Արտաշես Գեղամյանը, վարչապետ՝ Արամ Սարգսյանը, իսկ ԱԺ նախագահ՝ Ստեփան Դեմիրճյանը, ՀԺԿ լրատվական ծառայության ղեկավարը «Հայկական ժամանակ»-ին ասել է. «Եռյակի որեւէ հանդիպման ժամանակ լիդերի հարցի քննարկում չի եղել, ու առայժմ օրակարգում նման հարց դրված չէ»:

Մի հերքում էլ այսօր «Հայոց Աշխարհ»-ում կա: «Բանակցողների կազմը նախաքննական մարմինը պարզել է», - հայտարարել է զինդատախազության քննչական բաժնի ղեկավար Արտակ Հարությունյանը՝ մեկնաբանելով ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունը, թե ինքն էլ է ներկա եղել 1999 թվականի լույս 28-ի գիշերը Ազգային ժողովում տեղի ունեցած նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Նաիրի Հունանյանի առանձնազրույցին:

«Կարծում ենք», - ավելացնում է «Հայոց Աշխարհ»-ը, - «քննչական խումբը պետք է փորձի պարզել, թե ինչից դրդված է Գասպարյանը բացահայտ ստում ու պնդում, թե ինքը ներկա է եղել այդ բանակցություններին, քանզի, ըստ գործի նյութերի, բանակցություններն ընթացել են Ռոբերտ Քոչարյանի եւ Նաիրի Հունանյանի միջեւ, որին ներկա է եղել միայն Ալեքսան Հարությունյանը: Իսկ եթե Գասպարյանը չի ստում եւ ինքն իսկապես ներկա է եղել, ապա ինչո՞ւ է առ այսօր լռել եւ ինչո՞ւ նրա ներկայության մասին որեւէ ցուցմունք չի տվել նաեւ Նաիրի Հունանյանը»:

«Քայլ առ քայլ Դաշնակցությունը վերցնում է կառավարությունը». - այսպես ընկալելով Լեւոն Մկրտչյանի նշանակումը նախարար, «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. ստացվում է՝ «Կառավարության առջեւ ծառացած խնդիրները լուծելու նպատակով հենց դաշնակցականների թիվն է այդ կառավարությունում դինամիկորեն աճում... Ազգային ժողովում մանդատների պակաս քան 7 տոկոսին տիրապետող Դաշնակցությունը կառավարությունում տիրապետում է պորտֆելների ավելի քան 13 տոկոսին»: Իսկ կառավարության գործունեության պատասխանատվությունը ՀՅԴ-ն շարունակում է չկիսել:

Երեկ Հայաստանի բոլոր մարզերում նշվեց Դաշնակցության օրը եւ, ինչպես «Երկիր»-ն է փոխանցում՝ «շուրջ երեք հարյուր նորագիրներ անդամագրվեցին Դաշնակցության մեծ ընտանիքին»: Իրենց շարքերը մտնողներին Վարդենիսում եւ Մարտունիում առավել հանգամանալից լուսաբանել է «կնքահայրը՝ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի Հայ Դատի գրասենյակի տնօրեն, Մյունխենի հայկական հարցերի հաստատության տնօրեն Էդվարդ Հովհանննիսյանը»: Կուսակցությունը միակն է, որ ստեղծվել է «ոչ թե ծրագրի, ոչ թե կանոնագրի, ոչ թե նպատակի, այլ մարդկանց նկարագրի վրա», - նշել է նա: - «Հավաքվել են մարդիկ, ովքեր ունեն հատուկ նկարագիր՝ ընբոստ նկարագիր, արդարությունը պաշտպանելու ցանկություն, անարդարության հետ չհաշտվելու բնույթ... ՀՅԴ դավանած ազգայնականությունը նշանակում է, որ ազգն ամեն ինչից վեր է: Ազգային անվտանգության հրամայականը ազգի եւ ոչ թե պետության անվտանգությունն է... Այն անարդարությունն էլ, որ տվեց մեզ կապիտալիզմը, որին դպրոցներում սովորելիս չէինք հավատում, այժմ իրականություն է... Դաշնակցությունը չի կարող թույլ տալ, որ ազգն այդպիսի բեւեռացում ունենա՝ աղքատի եւ ոչ աղքատի»:

Ըստ Էդվարդ Հովհաննիսյանի, «կոռուպցիայի դեմ, կաշառակերության եւ բոլոր անարդարությունների դեմ եթե Դաշնակցությունը չպայքարի, ոչ ոք չի պայքարի»:

«Տնտեսական աճ առանց կենսամակարդակի բարելավման: Ի՞նչն է երեւույթի պատճառը Հայաստանում»: «Ազգ» թերթում մատուցվող վերլուծությամբ, «պատճառը մեկն է՝ ստվերային շրջանառության մեծ ծավալները, ինչի հետեւանքով ի չիք են դառնում արձանագրված տնտեսական հաջողությունները, եւ ավելի է խորանում հասարակության սոցիալական բեւեռացումը»:

«Այստեղ էական դեր է խաղում այսպես կոչված կլանների գոյությունը, որոնք ստեղծվելով նախկին իշխանությունների կողմից, շարունակում են գոյատեւել այժմ», - խորանում է մեկնաբանը: - Ներկայումս իշխանության, կառավարության կողմից «վճռական գործողությունների չդիմելու հիմնական պատճառ կարող են լինել հարկերից խուսափողների ուժգին դիմադրությունն ու լոբբինգը, որոնք կարող են անկանխատեսելի բարդություններ առաջացնել 2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին»:

«Հայոց Աշխարհ»-ի գնահատականով, մեր արտգործնախարարությունն էլ «չի գտնում իր իրական տեղն ու դերը պետական իշխանության ողջ համակարգի ներսում: Կարծես վերածվել է մի դանդաղաշարժ ապարատի, որը վատնելով պետական միջոցներ, չի ապահովում դրանց համարժեք վերադարձը երկրի առջեւ կանգնած արտաքին քաղաքական խնդիրների լուծման տեսքով»:

«Ժամանակ» թերթի մեկնաբանի մատուցմամբ, «Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ ղեկավարների համատեղ կոչ-հայտարարությունը... եւս մեկ անգամ փաստեց, որ պատերազմի վերսկսման կոչերը, գոնե այս փուլում, բոլորովին էլ բլեֆ չեն, եւ Ադրբեջանի կողմից նման խելահեղ քայլի դիմելու հավանականությունը շատ հեռու է զրոյից: Ակնհայտ է, որ Ադրբեջանի ոգեւորությունը ծնունդ է առնում Թուրքիայի խոստումներից»:

Բայց՝ «Թուրքիան առանց լուրջ երաշխիքների, հենց այնպես, մեծ ռիսկի չի գնա եւ Ադրբեջանի պատճառով ձեռքերը կրակի մեջ չի մտցնի: Իսկ եթե, այնուամենայնիվ, գնա այդպիսի քայլի, ուրեմն դա «մեծ քաղաքականության» մեջ իրեն սահմանված դերի կատարումը կլինի ընդամենը», - մտորում է մեկնաբանը՝ կասկածելով. - «Արդյո՞ք Արեւմուտքը երկդիմի խաղ չի խաղում... արդյո՞ք այս ամենը չի գալիս մտայնությունից, թե դիվանագիտական ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը հասնելն այլեւս անհնար է, եւ Հարավային Կովկասի նպատակահարմար, նախօրոք մշակված քարտեզը կարելի է պարտադրել երկու կողմերին «բլից պատերազմի» միջոցով»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG