Մատչելիության հղումներ

Արտախորհրդարանական կուսակցությունները քննարկում են «Քաղաքական կուսակցությունների մասին» օրինագիծը


«Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկմանը մասնակցում էին Հայաստանի լիբերալ-դեմոկրատական (ԼԴԿ), Հայոց Համազգային շարժում (ՀՀՇ), «21-րդ դար», «Նոր ուղի» կուսակցությունների նախագահներն ու ղեկավար անդամները:

Ընդհանուր գնահատականն այն էր, որ ընդունվելու դեպքում օրինագիծը կխոչընդոտի քաղաքական կուսակցությունների զարգացումը Հայաստանում:

Քննարկման զեկուցող, ԼԴԿ-ի նախագահ Վիգեն Խաչատրյանն ասաց, թե օրինագիծը՝ որոշ նորամուծություններով, վերարտադրված է Ռուսաստանի նույնանուն օրենքից, եւ ամենեւին կապ չունի Հայաստանի իրողությունների հետ: Նրա հայացքով, ձեւակերպումներում ոչ թե երեւում է ցանկալի հեռանկարը, երբ քաղաքական կառույցներն ինքնուրույն զարգանալու հնարավորություն են ստանում եւ՝ ընտրությունների միջոցով իշխանության գալով, իրականացնում իրենց ծրագրերը, այլ հակառակը: Ստացվում է, որ իշխանության հասնելը նպատակ է՝ ոչ թե միջոց:

«Նոր ուղի» կուսակցության նախագահ Աշոտ Բլեյանի կարծիքով, օրինագծում հակասահմանադրական սկզբունքներ կան, «բայց ես չեմ տեսնում շահագրգռվածություն քաղաքական ուժերի կողմից, որպեսզի նման օրենքը չանցնի»:

«21-րդ դար» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանի կարծիքով, «ցանկացած պետություն, որը ձգտում է զարգացման, պետք է նման օրենքներով նպաստի քաղաքական դաշտի կայացմանը: Այս նախագիծը վերջնականապես այդ դաշտը ջախջախում է»:

«Քաղաքական կուսակցությունների մասին» օրինագծի՝ առաջին ընթերցմամբ քննարկումն Ազգային Ժողովի այս եռօրյայում կիսատ մնաց: Հաջորդ եռօրյայում իրենց դիրքորոշումները կհայտնեն խորհրդարանի խմբերն ու խմբակցությունները: Ընդհանուր տրամադրվածությունն է առաջին ընթերցմամբ ընդունել այն եւ մինչեւ երկրորդ ընթերցում սկզբունքային առաջարկություններ ներկայացնել:

Խորհրդարանական մեծամասնության՝ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հնարավոր համարեց, որ առաջարկությունների արդյունքում ընդլայնվի համահեղինակ պատգամավորների ցանկը: Ներկա օրինագծի հեղինակները ՀԺԿ պատգամավորներ են եւ Վիկտոր Դալլաքյանը՝ Հանրապետական կուսակցությունից:



Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG