Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը «Հայաստանի Հանրապետություն» թերթի հարցազրույցում հավաստիացնում է, որ իր հրաժարականի մասին խոսակցությունները ճշմարտության հետ որեւէ աղերս չունեն եւ ինքը պարզապես լուրջ չի ընդունում նման խոսակցությունները: «Տեղաշարժ կա, մեզ հաջողվել է խնդիրներ լուծել», - արձանագրում է նա, առաջիկայի համար, սակայն, նաեւ ավելացնելով՝ - սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ազդեցությունը, ըստ վերլուծությունների, «ամենածանրը կլինի անցումային փուլում գտնվող երկրների համար: Մենք բյուջեի կատարողականի մեծ թիվ էինք վերցրել, ակնկալելով նաեւ տոնական տարում զբոսաշրջիկների մեծ հոսք, սակայն սեպտեմբերի 11-ից հետո իրադրությունը փոխվեց, անգամ մեր ավիաուղիները ծանր վիճակում են հայտվել: Հետեւանքները, կարծում եմ, դեռ կզգացվեն»:

Ինչպե՞ս է վարչապետը գնահատում արմատական ընդդիմություն ղեկավարող այն մարդկանց գործունեությունը, ում հետ շատ կարճ ժամանակ առաջ քաղաքական զինակիցներ էին: «Նախագահի եւ իշխանությունների վերաբերյալ հնչող մեղադրանքները մեր կողմից ընդունելի չէին... եւ մեր ճանապարհները բաժանվեցին», - ասում է նա: - «Բայց այս ամենը խնդրի «կեղեւն» է միայն: Հիմքում այն է, որ իշխանություն կորցրած մարդիկ եւ քաղաքական ուժեր կան, որոնք նրանց մոտեցումներն օգտագործելով՝ փորձում են իշխանության գալ... Ես գոնե հաստատ գիտեմ, որ նրանք երկրի վիճակի բարելավման ոչ մի ծրագիր չունեն»:

«Հանրապետություն», «Ազգային միաբանություն» կուսակցություններն ու ՀԺԿ-ն արդեն տարածել են հոկտեմբերի 26-ին հանրահավաքի հրավիրող կոչը, ըստ որի «Ռ. Քոչարյանի ձեւավորած վարչախումբը հանրապետությունը տանում է կործանման... իշխանությունները բացահայտորեն հովանավորում են ահաբեկիչներին... հայրենիքն այս վիճակից դուրս բերելու միակ ելքը Ռ. Քոչարյանին իշխանությունից հեռացնելը եւ օրինական իշխանություն ձեւավորելն է»։

Սրա կողքին «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» թերթերը ներկայացնում են Արամ Սարգսյանի եւ Ալբերտ Բազեյանի արձագանքը՝ իրենց ուղղված նախագահ Քոչարյանի մեղադրանքներին: «Իր լավ կամ վատ տնօրեն լինելու մեղադրանքին ի պատասխան Ա. Սարգսյանը նշում է. «Այսօրվա դրությամբ «Հոլսիմ» ընկերությունն ինձ առաջարկում է «Արարատցեմենտի» տնօրենի պոստը, այնպիսի աշխատավարձով, որը տասնապատիկ անգամ գերազանցում է նախագահի աշխատավարձը։ Այ, սա ես՝ որպես տնօրեն, իմ գնահատականն եմ համարում»։ «Արարատցեմենտի» մասով՝ ըստ Արամ Սարգսյանի, ՀՀ նախագահը ընդհանրապես պիտի չխոսեր՝ «մի պարզ պատճառով, որ ես երեք անգամ փորձեցի գնել գործարանը, առաջարկելով ավելի լավ պայմաններ։ Նախագահը, այն պատճառով, որ ես իր զոհված ընկերոջ եղբայրն եմ, բարոյական մոտեցում ցուցաբերեց եւ թույլ չտվեց»։

«Բարդ համաշխարհային իրավիճակում, իրոք, պետք է համախմբվել երկրի ղեկավարության շուրջ: Բայց», - իր հերթին ընդգծում է Ալբերտ Բազեյանը՝ - «այն ղեկավարության, որը հարգում է Սահմանադրությունը, այն իշխանության, որը օրինական է»։ Բազեյանը կեղծ է որակում նախագահի ներկայացրած փաստերը քաղաքապետարանում իր աշխատանքի վերաբերյալ ու, մասնավորապես, պնդում, որ երկարաժամկետ վարձակալության տարածքներ տրվել են հենց Սերժ Սարգսյանին, նախագահ Քոչարյանի հրահանգով, կամ էլ՝ կառավարության որոշմամբ:

«Իրավունք»-ի մեկնաբանի պատկերմամբ, «նախագահի քարոզչական արշավը բավականին պարզունակ է: Ամեն մի հերթական ձեռնարկություն այցելելիս Ռոբերտ Քոչարյանը ճեպազրույց է անցկացնում, որտեղ մի կողմից բնակչությանը կերակրում է ապագա փայլուն հեռանկարների մասին հեքիաթներով, մյուս կողմից՝ անձամբ մրոտում քաղաքական հակառակորդներին... Հականախագահական ընդդիմությունն էլ նախընտրել է ամենեւին էլ ոչ լավագույն մարտավարությունը... թույլ տվեց, որ Մուշեղ Սաղաթելյանի անունը կապվի իր հետ: Իսկ նախկին գլխավոր բանտապետը, մեղմ ասած, ամենեւին էլ սուրբ անձնավորություն չէ»:

«Նախագահական ճամբարը եւ հականախագահական ընդդիմությունը լիովին արժանի են իրար: Երկուսն էլ օգտվում են հակաքարոզչության ամենագարշելի եղանակներից», - ընդհանրացվում է «Իրավունք»-ում: - «Շատ հետաքրքրական զարգացումներ կարող են լինել հոկտեմբերի 26-ի հանրահավաքից հետո: Նախաձեռնողները խոստանում են, որ մասնակիցների թիվը կլինի առնվազն 30 հազար, եւ եթե օգտագործվեն Արկադի Վարդանյանի հայտնի մեթոդները, ապա իրոք, բացառված չէ այդքան շատ մարդ հավաքելը: Բնական է, որ այդ օրը լիուլի շոշափվելու է «Հոկտեմբերի 27»-ի թեման, եւ հրապարակավ երեւէ թե արդեն իսկ չքողարկված մեղադրանք ներկայացվի նախագահին եւ պաշտպանության նախարարին: Չպետք է բացառել, որ ի պատասխան իշխանություները կձեռնարկեն հիստերիկ քայլեր, ինչպես եղել է Արկադի Վարդանյանի պարագայում»:

«Ի՞նչ է անում Հայաստանն ընդհանրապես եւ երկրի արտգործնախարարությունը՝ մասնավորապես, ադրբեջանական քարոզչական համազարկերին պատասխանելու նպատակով: Համատարած լռությունը թույլ է տալիս ենթադրել, որ համակարգային առումով այդ գործին կոչված պետական մարմինները կա'մ ոչինչ չեն անում, կա'մ ինչ-որ բան փորձում են ձեռնարկել, սակայն ոչ այն որակի», - գրում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը, որի հայացքով, պատերազմական պայմաններում կարծր ընդդիմության պահվածքն էլ «համեմատելի է միայն մեր բանակի թիկունքում հայտնված թշնամական դիվերսանտների գործողությունների հետ»:

«Վաղուց ոչ միայն հետեւություններ, այլեւ կոնկրետ քայլեր անելու ժամանակն է թե' մեկ, եւ թե' մյուս ուղղությամբ», - հուշվում է «Հայոց Աշխարհ»-ում:

«Անգամ Թբիլիսիի կողմից անջատողական բնորոշված աբխազների նկատմամբ վրացական կողմն այնպիսի ատելություն չի դրսեւորում, ինչպես հայ բնակչության նկատմամբ, - վերջին իրադարձությունների փաստերով արձանագրում է «Երկիր» թերթը՝ մեծ հույսեր կապելով, որ «Վրաստանի նախագահի այցը Հայաստան շատ բան կարող է փոխել:

Վարչապետ Մարգարյանն էլ «Հայաստանի Հանրապետություն» թերթի հարցազրույցում այսօր ասում է. «Խառը իրավիճակից օգտվելով, փորձ է արվում հայերի վրա ճնշումներ գործադրել՝ խախտելով նրանց տարրական իրավունքները: Առջեւում պետական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, եւ Վրաստանում այնպիսի օրենք ընդունվեց դրա վերաբերյալ, որ նախկինից վատ վիճակում է դնում մեր համայնքին... Վրացական իշխանությունները նախատեսել են Ջավախքի զարգացման ծրագիր մշակել, բայց փորձը ցույց է տալիս, որ ինչքան ծրագիր են մշակել մերոնց համար, այնքան վատացել է նրանց վիճակը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG