Մատչելիության հղումներ

Ընդդիմության հանրահավաքը պահանջում է նախագահ Քոչարյանի հրաժարականը


Ուրբաթ օրը մի քանի ամիս առաջ ստեղծված եւ արմատական ընդդիմադիր դիրքորոշում ունեցող «Հանրապետություն» կուսակցությունը Երեւանում անցկացրեց իր առաջին հանրահավաքը: Հավաքվել էր մոտ 10-14 հազար մարդ: Հանրահավաքում խոսում էին բացառապես իշխանափոխության ու նախագահ Քոչարյանի հրաժարականը պահանջող ստորագրահավաքի մասին:

Հարթակում կանգնած ԱԺ պատգամավորները իրար հետեւից ստորագրեցին փաստաթուղթը: Հայտարարվեց, որ «Հանրապետության» հետ համագործակցող կուսակցությունների՝ «Հայաստանի ժողովրդական կուսակցություն»-ը (ՀԺԿ) եւ «Ազգային միաբանություն»-ը ԱԺ-ում ներկայացնող պատգամավորները փաստաթուղթը կստորագրեն խորհրդարանում:

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Հանրահավաքը կլիներ ավելի բազմամարդ, ուղղակի իշխանությունները խոսքով ասում են, որ լուրջ չեն վերաբերվում ընդդիմությանը կամ չեն նկատում այն, իսկ նրանց ազդեցության տակ գտնվող ուժային նախարարությունները շատ լուրջ են մոտենում այդ խնդրին»:

Նրա խոսքերով, շրջաններից հանրահավաքին մասնակցել ցանկացող մարդկանց Երեւան գալը խոչընդոտվել էր մարզպետների, քաղաքապետերի, գյուղապետերի, ներքին գործերի բաժինների աշխատակիցների մակարդակով:

ՀԺԿ-ի եւ «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդները հանրահավաքին ներկա չէին:

Հանրահավաքի մասնակիցները բուռն արձագանքում էին հարթակից հնչած ցանկացած կոչի: «Ես ուզում եմ, որ Կարեն Դեմիրճյանի եւ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում մյուս բոլոր զոհերի սպանությունը բացահայտվի: Չեն անում», - հանրահավաքին իր մասնակցության նպատակը այսպես պարզաբանեց մասնակիցներից մեկը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք հանրահավաքներով հարց լուծել, «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Նապոլեոն Ազիզյանը պատասխանեց. - «Այո: Հասարակությունը պետք է մասնակցի, եւ ես շատ ուրախանում եմ, որ այսօր հասարակությունն անտարբեր չէ... Ես համոզված եմ, որ միայն ժողովրդի հետ համատեղ ուժերով հնարավոր կլինի այս իշխանություններին ճանապարհ դնել»:

Օրինապահ մարմինների բազմաթիվ ներկայացուցիչները ուշադրությամբ հետեւում էին հանրահավաքի ընթացքին:


Մարգարիտ Եսայան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG