Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ադրբեջանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը». այս վերնագրի տակ է մամուլում տարածվել Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրությունը, համաձայն որի «սեպտեմբերի 19-ին Եվրոպայի Խորհրդի նախարարների պատվիրակների նիստը միաձայն հաստատել է միջազգային իրավունքում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ պետությունների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի հավասարազորությունը»: «Ազգ» թերթում էլ բերված է արտգործնախարար Օսկանյանի գնահատականը. «Սա իսկապես աննախադեպ է: Մենք լիովին բավարարված ենք այս որոշմամբ»:

Մյուս կողմից, «Առավոտ» թերթում շեշտադրվում է բացասական միտումների շարքը. Եվրախորհրդի դատապարտող հայտարարությանը «հետեւեց Եվրամիության ավելի քան կոշտ հայտարարությունը, թե ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չի ճանաչում ԼՂ-ի անկախությունը եւ դատապարտում է այնտեղ տեղի ունեցած ընտրությունները: Եվրամիության հայտարարությանը հետեւեցին նաեւ Վրաստանի, Ուկրաինայի եւ Էստոնիայի նմանօրինակ հայտարարությունները»:

Քաղաքագետներից մեկը «Առավոտ»-ում վստահեցնում է, թե «շան գլուխը թաղված է» նախագահ Պուտինի այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների ու, ընդհանրապես, Հայաստանի՝ Ռուսաստանի գիրկն ինքնամոռաց ընկնելու փաստի մեջ: Հաջորդ քայլով քաղաքագետը կապում է. «Արեւմուտքի քթին դռներ շրխկացնելը, իհարկե, չի բխում ոչ միայն Արեւմուտքի, այլեւ Հայաստանի «կոմպլեմենտար» քաղաքականության տրամաբանությունից, մեր պետական, նաեւ՝ Ղարաբաղի շահերից: Նման քաղաքականության պատճառը միայն այն է, որ նախագահ Քոչարյանը վերջին շրջանում սկսել է լրջորեն վախենալ ակտիվացող ընդդիմությունից եւ փորձում է Հայաստանի պետական շահերը շրջանցելով՝ պահել սեփական իշխանությունը»:

«Երեկ Հռոմի Պապը ժամանեց ամենահին քրիստոնեական երկիրը, որտեղ, սակայն, «մի սպանիր» պատվիրանը առանձնապես հարգի չէ», - ընդգծել է «Առավոտ»-ը այսօրվա համարի ճակատին։ «Ես վախենում եմ», - ասել է խմբագիր Արամ Աբրահամյանի ծանոթներից մեկը՝ անցած գիշեր «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած իրադարձությունների ականատեսներից: - «94-95 թվականներին ինչ ասես գրում էի եւ չէի վախենում, իսկ հիմա այդ դեպքի մասին վախենում եմ պատմել»:

«Երբ սպանությունները կատարվում են բացեիբաց, լկտիորեն, բոլորի աչքի առաջ՝ դա հենց վախի մթնոլորտը հասարակության մեջ ամրապնդելու համար է», - ընդհանրացնում է խմբագիրը: - «Նրանց քաջ հայտնի է, որ գրպանային դատախազությունը ամեն ինչ կանի՝ գործը կոծկելու համար, կհնարի ինքնասպանության, սրտի նոպայի կամ որեւէ այլ անհեթեթ վարկած... Եվ, որն ավելի սարսափելի է, ականատեսներից գրեթե ոչ մեկը քաղաքացիական արիություն չի ունենա ճշմարտությունը պատմելու»:

Ինչպես «Առավոտ»-ի, այնպես էլ «Հայկական ժամանակ»-ի մատուցումներում առավել տպավորվողը թերեւս սա է. սեպտեմբերի լույս 25-ի գիշերը «Պապլավոկ» սրճարանում եղած բազմաթիվ ականատեսներից որեւէ մեկը չի համարձակվում հրապարակավ խոսել, որ Հանրապետության նախագահի թիկնապահների ծեծից մարդ է մահացել: Նախագահի աշխատակազմից էլ, «Հայոց Աշխարհ» թերթի փոխանցմամբ, պարզապես ասել են, որ «Ռոբերտ Քոչարյանի եւ նրան ուղեկցող անձանց՝ «Առագաստ» սրճարանում գտնվելու ամբողջ ընթացքում այնտեղ որեւէ միջադեպ տեղի չի ունեցել»:

Դեպքերի զարգացմանը հետեւելու վճռականություն է հայտնում եւ Դաշնակցության «Երկիր» պաշտոնաթերթը, ուր նշված է. «Ակամա հիշում ենք նախկինում պատահած մի շարք այլ խայտառակ դեպքեր՝ կապված վայ-թիկնապահների անօրեն պահվածքի հետ, սկսած փողոցում մարդու գնդակահարումից մինչեւ որոշ սրճարաններում ու ռեստորաններում ծեծուջարդի կազմակերպումը... Այս անարդարություններն են նաեւ մեր հասարակության հիասթափության, վաղվա օրվա հանդեպ հավատի բացակայության պատճառները: Իբրեւ առաջին հիմնավոր քայլ պետք է դիտարկել «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած միջադեպի ամբողջական քննությունն ու պարզաբանումը, մեղավորների խստագույնս պատիժը եւ պատասխանատուներին տույժի ենթարկելը»:

«Մեր հանրապետության քաղաքացիները քրիստոնեության ընդունման եւ անկախության փառավոր հոբելյանների կողքին այսօր հնարավորություն ունեն նշելու եւս մեկ հոբելյան՝ այն տխրահռչակ օրերի հնգամյակը, որոնք պատմության մեջ մնացին «սեպտեմբերի 25. իշխանության զավթման փորձ» տխուր անվանումով» («Ազգ»): «Ի՞նչն էր վտանգել այդ օրը սահմանադրական կարգը՝ անձեռնմխելի պատգամավորներին դաժան ծեծի ենթարկե՞լը, թե՞ ողջ քաղաքը տանկերով ու զրահամեքենաներով լցնելը, իշխանության բռնի զավթման փո՞րձը, թե՞ կեղծիքներով անցկացված նախագահական ընտրությունները: Թերեւս, սրանց միջեւ էական տարբերություններ չի կարելի դնել, քանի որ երկու կողմերից յուրաքանչյուրը հավասարապես մեղավոր էր նրանում, ինչը տեղի ունեցավ սրանից ուղիղ 5 տարի առաջ», - շարունակում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը՝ կապակցելով. - «Այսօր արդեն հետաքրքիր չէ վերլուծել, թե ինչն էր պատճառը, որ իշխող վարչախմբի որոշ անդամներ ամեն գնով փորձեցին պահել իշխանությունը, սակայն դա ամեն դեպքում պատմական քայլ էր, որի տրամաբանական ավարտը 1998թ. հայտնի ուժերի գործողություններն էին: 1996-ից հետո մենք լեգիտիմ իշխանություն չունեցանք: Անհայտ է, թե ինչպիսին կլիներ Վ.Մանուկյան նախագահը, ուր կտաներ նա երկիրը, սակայն փաստ է, որ նա կլիներ լեգիտիմ, իսկ սա ժողովրդավարության ամենագլխավոր պահանջներից մեկն է»: Հասնելով մեր օրերին, մեկնաբանն արձանագրել է. «Այսօր նախկին ընդդիմությունը, որը ԱԺ ճաղեր էր կոտրում, գրեթե ողջ կազմով վայելում է իշխանության բարիքները եւ ամրացնում այդ ճաղերը: Իսկ նախկին իշխանությունները կասկածի տակ են առնում նորերի լեգիտիմությունն ու հանրահավաքներ կազմակերպում: Նրանք այլեւս ոխերիմ եւ հավերժ թշնամիներ են»:

«Ժամանակ» թերթի «Քաղաքական դիմանկար» շարքում այսօր նախկին այդ ընդդիմությունից պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանն է: Եվ հավաստիացնում է՝ «Օտարերկրյա ներդրողների համար Հայաստանում ստեղծվել են նպաստավոր պայմաններ, խոչընդոտներ չկան... Հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը կայուն է, օրենքները չեն հակասում միջազգային չափանիշներին, եւ ներդրողն իրավաբանորեն պաշտպանված է»: Դավիթ Վարդանյանը իր նախարարական աշխատանքը դժվար չի համարում: Ժամանակ է գտնում եւ' ֆուտբոլ խաղալու,եւ' կարդալու իր սիրած արկածային գրականությունը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG