Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների դեսպանը շոշափելի է գնահատում Հայաստանի առաջընթացը





Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Լեմոնի կարծիքով, Հայաստանի առաջընթացն իր այստեղ անցկացրած երեք տարիների ընթացքում շոշափելի է, իսկ ԵԱՀԿ հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը փակուղի չի մտել: Դեսպան իմաստուն եւ հաջող է գնահատում Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական՝ կոմպլիմենտարության սկզբունքը եւ խրախուսում է թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի ստեղծումը:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Լեմոնը իր հրավիրած ասուլիսից անմիջապես առաջ ստացել էր ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության պետ Գագիկ Պողոսյանի սպանության լուրը եւ իր ցավակցությունը հայտնեց սպանվածի ընտանիքին:

Հոկտեմբերի սկզբին Լեմոնն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում եւ վերադառնալու է Միացյալ Նահանգներ՝ դասավանդելու Վաշինգտոնի դիվանագիտական ծառայության դպրոցում:

Դեսպանի գնահատմամբ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը փակուղի չի մտել: Լեմոնը համարում է, որ դա զարգացման նորմալ փուլ է՝ գնահատականներ տալու ժամանակը: Խաղաղ կարգավորման գործընթացին միջազգային այլ կառույցների, մասնավորապես Եվրախորհրդի ներգրավման հնարավորության վերաբերյալ հարցին դեսպանը պատասխանեց, որ ընդհանուր համաձայնություն կա, ըստ որի, ԵԱՀԿ Միսկի խումբը պատասխանատու եւ միակ մարմինն է, որը պետք է զբաղվի ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ:

Մայքլ Լեմոնը տեղեկացրեց, որ անցյալ շաբաթ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ժնեւում, ներկայացրել են գործընթացի մասին իրենց կարծիքները, իսկ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին առանձին-առանձին, ապա բոլորը միասին այցելելու են տարածաշրջան:

Մայքլ Լեմոնը կրկնեց այն տեսակետը, որ միջնորդների գործը օժանդակելն է, նոր գաղափարներ առաջարկելը, բայց, կայուն եւ երկարատեւ խաղաղության, հակամարտության լուծման համար փոխզիջումների պետք է գնան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Դեսպանը համոզմունք հայտնեց, որ տարածաշրջանի տնտեսական զարգացումը, կայունությունը, անվտանգությունը հնարավոր չէ առանց երկրների միջեւ նորմալ հարաբերությունների հաստատման ու համագործակցության:

Անդրադառնալով թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբին, Լեմոնն ասաց, որ խրախուսում է դրա ստեղծումը: Նրա խոսքերով, կարեւոր չէ՝ հանձնախումբն իդեալական է, թե ոչ, կարեւորը որեւէ աշխատանք սկսելն է, որեւէ արդյունքի հասնելը:

Դեսպանը շատ հաջող եւ իմաստուն գնահատեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքը՝ կոմպլիմենտար քաղաքականությունը: Պատասխանելով այն հարցին, թե որքանով է արդարացված Հայաստան-Ռուսաստան ռազմական ամենասերտ համագործակցության ձգտումը, Մայքլ Լեմոնն ասաց. «Ես երբեք չեմ կարծել, որ Ռուսաստանի հետ շահավետ հարաբերությունները կատարվում են եվրաատլանտյան երկրների հաշվին»:

Երեք տարի Հայաստանում Միացյալ Նահանգները ներկայացրած դեսպանը մեկնում է հետեւյալ մաղթանքով. «Մեր նպատակն է Հայաստանը տեսնել անվտանգ, ապահով, ժողովրդավարական, բարգավաճ երկիր, որն ինտեգրված է միջազգային բոլոր կառույցներում եւ գործընթացներում»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG