Մատչելիության հղումներ

Քոչարյանի պաշտոնանկության պահանջով փաստաթուղթը դեռ պատրաստ չէ


Նախագահ Քոչարյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու նախաձեռնությամբ հանդես եկած ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները սկսել են կազմել համապատասխան փաստաթուղթը եւ այսօր հնչեցրեցին իրենց վերաբերմունքը շաբաթ օրը Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ երեք կուսակցությունների հայտարարությունը ստիպել է իրեն ընդունել հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու որոշում:

Այսօր «Հանրապետություն», ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունների ղեկավարները քննարկում էին Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության պահանջով փաստաթղթի նախագիծը: Սեպտեմբերի 7-ին «Հանրապետություն» կուսակցության համագումարում նշված երեք կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ նախագահ Քոչարյանը մեղադրվում էր հանրապետությունում ստեղծված «սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական եւ քաղաքական խորը ճգնաժամի» համար եւ ասվում էր, որ նախաձեռնվելու է նախագահին սահմանադրական եղանակով պաշտոնանկ անելու գործընթաց:

Գործող Սահմանադրությունը նախագահի պաշտոնանկության միայն երկու դեպք է նախատեսում՝ պետական դավաճանություն կամ ծանր հանցագործություն: Սահմանադրության համահեղինակներից մեկի՝ Աժ իրավաբանական վարչության նախկին պետ Վլադիմիր Նազարյանի խոսքերով, միայն 2000 թվականին նախագահն իր հրամանագրերով բազմաթիվ սահմանադրական խախտումներ է թույլ տվել: «Բայց հարկավոր է դրանցից ընտրել այնպիսիները, որոնք իրենցից ներկայացնում են կամ պետական դավաճանություն կամ ծանր հանցագործություն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վլադիմիր Նազարյանը:

Օրինակ, 2000 թվականի մայիսին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին ազատելու հրամանը, Վլադիմիր Նազարյանի կարծիքով, Սահմանադրության մի քանի հոդվածների խախտում է պարունակում: Որպես փաստարկ նա ասաց, որ նոր Սահմանադրության նախագահական տարբերակում ավելացված են այն լիազորությունները, որոնք չունենալով Ռոբերտ Քոչարյանը պաշտոնանկ է արել պաշտպանության նախարարին:

Սեպտեմբերի 8-ին Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ ընդդիմադիր 3 կուսակցությունների հայտարարության պարունակած «չարությունը» իրեն ստիպել է կողմնորոշվել հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու հարցում, քանի որ «այդ քանակի չարություն ունեցող մարդիկ... նաեւ վտանգավոր են երկրի համար»:

Ստեփան Զաքարյանն այդ առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Եթե պատճառը այն է, որ մենք հայտարարություն ենք արել, ու նա դնում է իր թեկնածությունը, ապա մենք, եթե հնարավոր լիներ, մեր հայտարարությունը հետ կվերցնեինք»:

Իսկ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարներից Արամ Սարգսյանն ասաց, որ ինքը չի կարող նախ «չհամաձայնել Ռոբերտ Քոչարյանի խոսքերի հետ, որ չարության թույնով լցված մարդը չի կարող երկիր ղեկավարել: Երկրորդը, որ հաջորդ ընտրություններում ինքն իր թեկնածությունը դնելու է, այս առումով կարող եմ միայն շնորհավորել հայ ժողովրդին եւ համաշխարհային հանրությանը»:

«Խոսվում է թունավոր հայտարարության մասին, բայց չգիտես ինչու չի խոսվում թունավորված կյանքերի մասին մի ամբողջ ազգի, մի ամբողջ ժողովրդի», - ասաց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:

Վլադիմիր Նազարյանի խոսքերով, իրենք առայժմ ունեն միայն անհրաժեշտ փաստաթղթի «մախագծի նախագիծը»:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG