Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի խոսնակը ընդունում է, որ Ղարաբաղի տեղական ընտրություններին վերաբերող հայտարարությունը սխալ էր


Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լորդ Ռասել-Ջոնսթոնը, այսօր հանդիպելով Հայաստանի վարչապետին եւ արտգործնախարարին, ասել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող Եվրախորհրդի ղեկավարության օգոստոսի 24-ի հայտարարությունը ճիշտ չէր գնահատում իրավիճակը:

Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից երկու շաբաթ առաջ Եվրախորհրդի ղեկավարները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ եւ կոչ արել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին չանցկացնել տեղական ընտրություններ՝ հասկացնելով, որ Եվրախորհուրդը դրանք կհամարի ոչ լեգիտիմ: Եվրախորհրդի ղեկավարները նշել էին նաեւ, թե ընտրությունների անցկացումը կարող է վնասել ղարաբաղյան հակամարտության արագ եւ համակողմանի կարգավորմանն ուղղված ջանքերին:

Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ Ռասել-Ջոնսթոնի հանդիպումների ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է եղել նաեւ նշված հայտարարությանը, եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահն ասել է, որ հայտարարությունն իր կարծիքով, ճիշտ չէր եւ որ նշված ընտրությունները չեն կարող որեւէ բացասական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա: Ռասել-Ջոնսթոնն ավելացրել է, որ ինքը պաշտպանում է այդ հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը:

Պետքարտուղարության խոսնակ Ռիչարդ Բաուչերը Եվրախորհրդի ղեկավարության հայտարարության առնչությամբ օգոստոսի 31-ին ասել էր, որ ԱՄՆ-ը չի կարծում, թե այդ ընտրությունները կարող են խոչընդոտել խաղաղության գործընթացին:


Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG