Մատչելիության հղումներ

Հայաստանի կայուն զարգացման ազգային զեկույցի հեղինակները քննադատում են կառավարությանը


ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր ներկայացվեց «Ռիո+10» գնահատման գործընթացի վերաբերյալ ազգային զեկույցը: Ոչ կառավարական այս զեկույցը կազմվել է 2002 թվականին Յոհաննեսբուրգում կայանալիք «Ռիո+10» միջազգային գագաթնաժողովին նախապատրաստվելու շրջանակներում:

1992 թվականին շրջակա միջավայրի եւ զարգացման վերաբերյալ ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացված «Ռիո 92» գագաթաժողովին Հայաստանը մասնակցել էր երկրի նախագահի գլխավորած կառավարական պատվիրակությամբ: Ստորագրվել էին գագաթնաժողովի ընդունած բոլոր փաստաթղթերը, բայց ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում այսօր հրավիրած հանդիպման ժամանակ ազգային զեկույցի հեղինակները նշեցին, որ պետության կողմից մինչեւ այժմ հիմնավոր քայլերը չեն ձեռնարկվել: Մշակված չեն երկրի կայուն զարգացման հայեցակարգն ու ռազմավարությունը, չի ստեղծվել համապատասխան ազգային խորհուրդ: Մասնագետների մեղմ ձեւակերպմամբ, թերի է պետական, քաղաքական կամքը:

Ամենակարեւորներից է Սեւանա լճի հարցը: Սեւանի ջուրը էներգետիկ եւ ոռոգման նպատակներով օգտագործվում է 1936 թվականից, եւ մինչեւ հիմա լճի մակարդակն իջել է 20 մետրով: Փոխվել է լճի եւ շրջակայքի կենդանական աշխարհը:

Մասնագետների հաշվարկներով, վերջին տարիներին հատվել է 30 հազար հեկտար անտառ, որից 7 հազարը ամբողջությամբ: Հայաստանում ամեն տարի մոտ կես միլիոն խորանարդ մետր փայտ է վառվում, հաշվառվում է, սակայն, դրա միայն 10-12 տոկոսը:

Կայուն զարգացման սկզբունքները ենթադրում են համահունչ զարգացում էկոլոգիական, տնտեսական, սոցիալական, իրավական ուղղություններով: Մասնագետների գնահատմամբ, Հայաստանում ոչ միայն ռազմավարություն չի մշակվել այդ ուղղությամբ, այլեւ՝ արձանագրվել է շեղում նշված սկզբունքներից:

Զեկույցի հեղինակներից մեկի՝ Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, «Հանուն Մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի խոսքերով, 1992 թվականից ի վեր առաջնթաց է արձանագրվել միայն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերում, «մնացած բոլոր ոլորտներում մենք ունենք հետաճ. տնտեսական ոլորտում, սոցիալական ոլորտում: Այն բեւեռացումը, որ գնալով մեզանում աճում է, այն վիճակը, որում մարգինալ խավերը գտնվում են մեզանում, իր ամբողջ էությամբ հակասում է կայուն զարգացման սկզբունքներին: Եվ հասկանալի է, որ դա պետք է անդրադառնա նաեւ շրջակա միջավայրի վրա»:

Զեկույցի հեղինակներից կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Բալոյանի խոսքերով, բնապահպանությունը ազգային անվտանգության խնդիր է, բայց պետությունը, հասարակությունը, քաղաքական կազմակերպությունները, մամուլը այդ հարցերին լուրջ չեն վերաբերվում: Բնապահպանությունը առաջնահերթ խնդիր են համարում միայն գիտնականները, մասնագետներն ու հասարակական կազմակերպությունները, որոնք, սակայն, ի վիճակի չեն գործն առաջ մղել:

Իսկ պետականորեն գործը կազմակերպելուն խանգարում են, օբյեկտիվ պատճառներից բացի, նաեւ այլ պատճառներ: «Շատ հաճախ են փոխվում կառավարությունները, շատ հաճախ են փոխվում նախարարները: Ռազմավարության խնդիրներով նման պայմաններում զբաղվելը դժվար է», - ասաց Կարինե Դանիելյանը:

Իսկ Սամվել Բալոյանի կարծիքով, «այսօրվա մեր եւ' քաղաքական դաշտը, եւ կառավարման համակարգը խիստ անձնավորված են: Այդ անձնավորվածությունն է, որ մեզ խանգարում է ընդհանրապես զարգացում ապրել»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG