Մատչելիության հղումներ

ՀԱԷԿ-ի կոլեկտիվը գործադուլի չի դիմում


Այսօր վաղ առավոտյան ատոմակայանի տարածքից դուրս ձեռնարկության շուրջ 300 աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ՀԱԷԿ-ի տնօրեն Սուրեն Ազատյանը աշխատավարձի վճարման ռեալ ժամկետ է նշել ընթացիկ ամսվա վերջը: Փոխըմբռնումը ղեկավարության եւ կոլեկտիվի միջեւ ներառում է պայմանը, որ սեպտեմբերի ընթացքում վճարվի եւս երկու ամսվա աշխատավարձ, իսկ մինչեւ տարեվերջ մարվեն աշխատավարձի բոլոր պարտքերը:

«Պիտի հուսախափ անեմ նրանց, ովքեր ուզում էին, որ ատոմակայանն այսօր գործադուլ անի, քանի որ ատոմակայանի աշխատողներ գիտակցությունն ու պատասխանատվության զգացումը շատ բարձր են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մեծամորի ատոմակայանի տնօրեն Սուրեն Ազատյանը:

Ուշացած աշխատավարձերը չվճարելու դեպքում գործադուլի դիմելու սպառնալիքով ատոմակայանի 750 աշխատակիցների ստորագրությամբ դիմումը քննարկվել էր ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի օգոստոսի 2-ի արտահերթ նիստում: Հանձնաժողովը որոշել էր հարցի կարգավորման համար դիմել գործադիր իշխանությանը:

Ատոմակայանի հերթափոխի պետ Վարազդատ Մկրտչյանի խոսքերով, «նախարարի եւ վարչապետի խոստումներից ելնելով, մենք այսօրվա դրությամբ արդեն ստացել ենք ապրիլ ամսվա աշխատավարձը, մինչեւ ամսի 10-ը , ըստ վարչապետի եւ նախարարի խոստման, կստանանք եւս մեկ աշխատավարձ՝ մայիս ամսվանը»:

Աշխատավարձի վճարման ուշացումների առնչությամբ ատոմակայանում ծայր առած վերջին օրերի դԺգոհությունը Սուրեն Ազատյանն այսօր մեկնաբանեց այսպես. «Երբ մարդն ուրիշ եկամուտի աղբյուր չունի, բացի աշխատարձից, իսկ այն ուշացել է մի քանի ամիս, բնականորեն պետք է որեւէ լծակ փորձեր օգտագործել»:

Խնդրի վերջնական լուծումը ՀԱԷԿ-ի տնօրենը տեսնում է էներգետիկայում իրականացվելիք ընդհանրական, համակարգային փոփոխություններում, որոնք կներառեն էլեկտրաէներգիա արտադրողից մինչեւ բաշխողն ընկած ամբողջ շղթան:

Նման մոտեցումը Սուրեն Ազատյանը համարում է համակարգի առաջ ծառացած բոլոր խնդիրների աստիճանական լուծման միակ հնարավոր տարբերակը, երբ կգործեն հորիզոնական սկզբունքով կնքված միջգերատեսչական պայմանագրերը: Նրա կարծիքով, միանգամայն իրական է մինչեւ տարեվերջ այդ փոփոխությունների իրականացումը:

Հուլիսի 10-ից Մեծամորի ատոմակայանը կանգ է առել 45-օրյա պլանային վերանորոգման աշխատանքների իրականացման եւ վառելիքի վերալիցքավորման նպատակով:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG