Մատչելիության հղումներ

Հայաստանի միջպետական պարտքը Ռուսաստանին վերածվելու է ներդրումների






«Մենք մտադիր ենք Հայաստանի պարտքը վերածել ներդրումների», - պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին ասաց Ռուսաստանի փոխվարչապետ Իլյա Կլեբանովը՝ չճշտելով, սակայն, թե որքան է կազմում միջպետական այդ պարտքը: Դա նշանակում է, որ մեր պարտքը Ռուսաստանին համարվելու է Ռուսաստանի ներդրումը Հայաստանում:

Պարտքի չափը չնշվեց, որովհետեւ, ըստ տեղեկությունների, կողմերը տարբեր թվեր են ներկայացնում. ըստ մեր պաշտոնյաների, այն կազմում է 88 միլիոն դոլար, իսկ ռուսական կողմի հաշվարկներով այն ավելի մեծ է: Ամեն դեպքում, եթե անգամ այդ գումարը փոքր-ինչ ավելին է, թվերն այնքան էլ խոսուն չեն, որպեսզի ասենք, թե մեր պարտքի դիմաց Ռուսաստանը խոշոր ներդրումներ է անում Հայաստանում: Անդրադառնալով դրան, Իլյա Կլեբանովն ասաց, որ ռուսաստանյան կողմը աշխատում է մեծ թիմ կազմող պոտենցիալ ներդնողների՝ գործարարների հետ, որպեսզի նրանք եւս Հայաստանում ներդրումներ կատարեն:

Ռուսաստանի փոխվարչապետի խոսքերով, պարտքի ձեւակերպումը որպես ներդրում գումարային առումով երկրորդական նշանակություն ունի. ինչպեսեւ աշխարհի բոլոր վայրերում, այստեղ եւս իրական ներդրումներ պետք է արվեն: Նա նշեց, որ Ռուսաստանի հայերի միությունը շահագրգռված է այս հարցում, միության անդամ գործարարները հաստատապես որոշել են մասնակցել այդ ծրագրերին:

Ըստ Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանի, պարտքը ներդրումների վերածելու արդյունքում կամ կստեղծվեն համատեղ ձեռնարկություններ, կամ Հայաստանի ձեռնարկություններից մի քանիսը կհանձնվեն Ռուսաստանին, այսինքն՝ կդառնան ռուսաստանյան ընկերություններ: Պայմանը լինելու է այն, որ իրական ներդրումներ արվեն, ինչը կապահովի ձեռնարկությունների լրիվ բեռնվածությամբ գործունեությունն ու վերջնական արտադրանքի թողարկումը:


Կոնկրետ ձեռնարկությունների անուններ չնշվեցին, սակայն հայտնի է, որ Ռուսաստանի պատվիրակությունը երեկ եղել է Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանում, իսկ այսօր պատվիրակության անդամներին ներկայացվել է «Մարս» գործարանը: Եթե ռուսական կողմը հետաքրքրվի այդ գործարանով, դա կարող է քաղաքական ենթատեքստում դիտվել, քանի որ «Մարս»-ի գործադիր տնօրեն, ՀԺԿ-ի (Հայաստանի ժողովրդական կուսակցության) նախագահ Ստեփան Դեմիրճյանը վերջին ժամանակներս հանդես է գալիս իշխանությունների խիստ քննադատությամբ:

Ռուսաստանի փոխվարչապետը նույնպես ասաց, որ առաջին փուլում խոսքը, հիմնականում, համատեղ ձեռնարկություններ հիմնելու մասին է: Առաջին փուլում Ռուսաստանին հետաքրքրում են էներգետիկայի, բնական ռեսուրսների շահագործման բնագավառները: Զուգահեռաբար մտածելու են արդյունաբերական ոլորտի մասին, որտեղ Իլյա Կլեբանովը նշեց էլետրոնիկայի բնագավառը՝ ավելացնելով, որ իրենք մանրամասնորեն ուսումնասիրել են «Մարս» գործարանի կարողությունները:

Ռուսաստանի փոխվարչապետը հաստատեց, որ ռուսական ընկերությունները մտադիր են մասնակցել Հայաստանի բէց-երի մասնավորեցման մրցույթին:

Վարչապետ Անդրանիկ Մանուկյանի հետ կայացած հանդիպումից հետո հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Իլյա Կլեբանովն ու Սերժ Սարգսյանը ստորագրեցին հանդիպման արդյունքներն ամփոփոխ արձանագրություն:

Ռուսաստանի փոխվարչապետը նշեց, որ հիմնական խնդիրը սեպտեմբերին Երեւանում կայանալիք Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը նախապատրաստելն էր, որպեսզի այն քաղաքականից բացի, հագեցած լինի նաեւ տնտեսական բնույթի հարցերով:

Կառավարությունից Իլյա Կլեբանովը մեկնեց նախագահի նստավայր: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Իլյա Կլեբանովը, ընդգծելով երկու երկրների քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, շեշտել են տնտեսական համագործակցությունը նույն մակարդակին հասցնելու անհրաժեշտությունը:



Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG