Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երեւանն արձագանքում է Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի ստեղծմանը


Երեւանում այսօր հրապարակվեց առաջին պաշտոնական արձագանքը Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի ստեղծմանը: «Նախ եւ առաջ միանշականորեն հայտնում եմ, որ ՀՀ արտգործնախարարությունը բացարձակապես առնչություն չունի այս «Հաշտեցման հանձնախմբի» ստեղծման եւ նրա գործունեության հետ», - ասված է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Ձյունիկ Ազաջանյանի այսօր տարածված հայտարարության մեջ: - «Արգործնախարարությանը միայն տեղյակ է պահվել այդ գործընթացի մասին, ինչպես տեղյակ է պահվում համարյա բոլոր ոչ կառավարական կազմակերպությունների կողմից նախաձեռնվող գործունեության վերաբերյալ»:

Հանձնաժողովում Սիրիայում ՀՀ նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանի ներգրավման առնչությամբ, Ձյունիկ Աղաջանյանն իր հայտարարության մեջ տեղեկացնում է, որ «նա դեռ 2000 թվականի սեպտեմբերին տեղափոխվել է աշխատելու Երեւանի պետական համալսարանում՝ որպես դասախոս»:

Ինչ վերաբերում է Հայաստանի արտգործնախարարության դիրքորոշմանը, ապա՝ «Հայաստանը միշտ էլ դրական է վերաբերվել եւ ողջունել ցանկացած հասարակական շփում ու երկխոսություն հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ, ինչը կնպաստի հասարակական քննարկումների ծավալմանը առկա խնդիրների շուրջ: Այնուհանդերձ, նման երկխոսությունները չեն կարող որեւէ կերպ փոխարինել պետական մակարդակով լուրջ քննարկումներին՝ երկու երկրների առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներին լուծում տալու համար»:

Այս շաբաթվա սկզբին Ժնեւում իր առաջին նիստն անցկացրած մասնավոր, ոչ կառավարական բնույթ կրող Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նպատակը համագործակցության եւ շփումների հաստատման հնարավորությունները քննարկելն է, ինչը կարող է նպաստել ապագայում Թուրքիայի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ ուղղակի կապ ստեղծելուն: Հանձնաժողովի աշխատանքներին հայկական կողմից մասնակցել են նախկին ՀՀ արտգործնախարար, ՀՀՇ նախագահ Ալեքսանդր Արզումանյանը եւ Սիրիայում նախկին ՀՀ դեսպան, Երեւանի պետական համալսարանի դասախոս Դավիթ Հովհաննիսյանը:

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պետական մակարդակով հարաբերությունների հաստատման ճանապարհին կա երկու հիմնական խոչընդոտ. թուրքական կողմը որպես նախապայման է դնում ղարաբաղյան հարցի կարգավորումը, իսկ ցեղասպանության ճանաչման հարցը ընդգրկված է Հայաստանի պետական քաղաքականության օրակարգում:

Ազգային ժողովի փոխխոսնակ եւ հանրապետական կուսակցության խորհրդի փոխնախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքով, «այդ հանձնաժողովի աշխատանքները դատապարտված են տապալման»: Անդրադառնալով միջազգային լրատվամիջոցների հրապարակումներին, թե հանձնաժողովի ստեղծումն, այսպես ասած, «օրհնել» են թե' Հայաստանի, թե' Թուրքիայի իշխանությունները, Տիգրան Թորոսյանն ասաց. «ճիշտն ասած, ես չգիտեմ, թե Հայաստանի իշխանություններից ով է օրհնել: Եթե նույնիսկ իշխանությունները ներքին կարգով հավանություն տված լինեին, ապա ինչ֊որ գոնե կիսապաշտոնական խորհրդակցություն պիտի լիներ, որտեղ այդ օրհնությունը պիտի տրվեր»:

Ավելի կոշտ է ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանի կարծիքը: Հանձնաժողովը, ըստ նրա, հայկական կողմի ներկայացուցիչների անցյալ գործունեությունից ելնելով, նպատակ ունի «փորձել զիջումների տրամադրել Հայաստանին: Զիջումներ՝ ցեղասպանության հարցում, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում, Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելիս», ինչը Աղվան Վարդանյանն անընդունելի է համարում:

«Որ երկու երկրների հարաբերությունները պիտի ինչ-որ առումով կարգավորվեն, դա բնական է, բայց շատ կարեւոր հարցեր են առաջանում», - ասաց Աղվան Վարդանյանը: - «Ո՞ւմ նախաձեռնությունն է, ո՞վ է հովանավորում: Ինչպե՞ս եղավ, որ հասարակական կոչվող հանձնաժողովի մեջ ներգրավված են քաղաքական մարդիկ»:

ԱԺՄ խմբակցության, ինչպես նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սեմյոն Բաղդասարյանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմանի հարաբերություններ հաստատելու հարցում մեծ հույսեր չունի: Սեմյոն Բաղդասարյանը, այդուհանդերձ, ասաց. - «Ես ողջունում եմ ցանկացած կոնտակտ թուրքական կողմի հետ՝ պաշտոնական թե ոչ պաշտոնական, կվերաբերեն դրանք մեզ համար շատ կարեւոր եղեռնի հարցին, թե ուրիշ հարցերի, քանի որ պետք է ելք գտնել՝ Հայաստանի դեմ Թուրքիայի վարած տնտեսական պատերազմից դուրս գալու համար»:


Հրաչ Մելքումյան եւ Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG