Մատչելիության հղումներ

Եվրախորհուրդը պահանջում է մահապատիժ չկիրառել «Հոկտեմբերի 27»-ի գործով


«Մեր ունեցած հանդիպումները հաստատեցին, որ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման գործում լուրջ առաջընթաց կա եւ առաջ շարժվելու անկեղծ ցանկություն ու վճռականություն», - Հայաստանի արտգործնախարարությունում կայացած ասուլիսում այսօր ասաց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակներում գործող «Ագոյի խմբի» ղեկավար Պիետրո Էռկոլե Ագոն: Նրա գնահատմամբ, պարտավորությունների կատարման ուղղությամբ Հայաստանում դրական առաջընթաց կա:

Հայաստանի բարձրաստիճան ղեկավարների, պաշտոնյաների հետ վարած բանակցություններում Եվրախորհրդի «Ագոյի խմբի» անդամները հատուկ ուշադրություն են դարձրել մահապատժի վերացման հարցին: Նրանք նշել են, որ եթե Հայաստանը չկատարի մեկ տարվա ընթացքում մահապատիժը վերացնելու իր ստանձնած պարտավորությունը, ապա կբարձրացվի Եվրախորհրդին Հայաստանի անդամակցությունը կասեցնելու հարցը:

Ինչ վերաբերում է հատուկ դեպքին՝ «Հոկտեմբերի 27»-ի դատավարությանը եւ հնարավոր դատավճռին, ապա խմբի ղեկավար Եվրախորհրդում Իտալիայի դեսպան Պիետրո Էռկոլե Ագոյի խոսքերով, նախագահ Քոչարյանի հետ երեկ ունեցած հանդիպման ժամանակ «մենք կտրուկ կերպով շեշտեցինք, որ եթե մահապատժի վճիռ կայացվի, սակայն՝ չիրականացվի, դա վատ կլինի, բայց ոչ ահավոր: Եթե մահապատիժը ի կատար ածվի, ապա այն կարող է ճգնաժամ առաջանել Հայաստանի եւ Եվրախորհրդի հարաբերություններում, եւ կարող է խորհրդարանական վեհաժողովին ստիպել կասեցնելու Հայաստանի անդամակցությունը»: Ըստ Պիետրո Ագոյի, հանրապետության նախագահը ԵԽ-ի դիտորդական խմբի անդամներին հավաստիացրել է, որ իր իշխանության ժամանակ երկրում մահապատիժ չի կիրառվել եւ չի կիրառվելու:

Երեւանում խումբն արդեն հանդիպումներ է ունեցել նաեւ Աժ խոսնակի, խորհրդարանական խմբերի ու խմբակցությունների ներկայացուցիչների, արտաքին գործերի, արդարադատության, ներքին գործերի նախարարների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ծրագրված են հադիպումներ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ու գործիչների, մասնավորապես՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանի, «Ազգային համաձայնության ճակատ»-ի ղեկավար Աշոտ Մանուչարյանի հետ:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակներում գործող «Ագոյի խումբը» ստեղծվել է այս տարվա հունվարին՝ Եվրախորհրդի նոր անդամներ Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարմանը հետեւելու նպատակով: Խմբի գործունեությունը պետք չէ շփոթել Եվրախորհրդի ընդհանուր մոնիտորինգ իրականացնող մարմնի գործունեության հետ, որը գործում է խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Խումբը, որում ընգրկված են ԵԽ-ում 13 երկրների դեսպաններ, կոչվել է ղեկավարի՝ ԵԽ-ում Իտալիայի դեսպան Պիետրո Ագոյի անունով: Երեւան են ժամանել նրանցից 6-ը, այդ թվում ՝ Թուրքայի դեսպանը:

Վաղը Եվրախորհրդի նախարարների կոմիտեի դիտորդների խումբը մեկնելու է Բաքու՝ Մոսկվայով:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG