Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Նախորդ շաբաթ «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանի տված որոշ գնահատականներ գրավել են գրեթե բոլոր թերթերի ուշադրությունը, թերեւս աննախադեպ հստակ սրության բերումով: «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանվողների վրա համաներումը տարածելը «ահաբեկչության հովանավորում է», «Որեւէ նորմալ քաղաքացի չի ուզենա ապրել մի երկրում, որտեղ մարդասպաններին հովանավորում են»: Անդրադանալով պարոն Դեմիրճյանի այս հայտարարություններին, մասնավորապես, «Հայոց Աշխարհ» թերթը հակահարվածում է, թե հենց ՀԺԿ-ն է հովանավորում ահաբեկչությունը: «Թե' ՀԺԿ-ն, թե' «Հանրապետություն» կուսակցությունը, թե' նրանց ձայնակցողներն ի սկզբանե շատ լավ գիտեին, թե հայտարարվող համաներման ո'ր հոդվածը ո'ւմ վրա կարող է կիրառվել», - պնդում է «Հայոց Աշխարհ»-ը: - «Նրանք նպատակամղված «կողմ» են քվեարկել համաներմանը», որպեսզի հերթական սրացումը մտցնեն երկրի ներքաղաքական կյանքում:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանի հայացքով, աննախադեպ սկանդալ է հասունանում, քանի որ, ինչպես մի քանի օրվա մտածմունքից հետո գտել-մատնանշում են «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողների փաստաբանները, Ազգային ժողովի ընդունած համաներման որոշման «երկու հոդված արգելում է համաներումը տարածել դատարանների վարույթում գտնվող, բայց դատաքննությունը սկսված գործերի վրա»: Եթե հիմա վերաքննիչ դատարանը չբավարարի այս փաստաբանների բողոքը, նրանք «ըստ ամենայնի, կբոյկոտեն «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը», - փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:

«Առավոտ»-ում նույնպիսի պնդումներով այսօր կետ առ կետ ծավալվել է նաեւ Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետ Վլադիմիր Նազարյանը, իսկ թերթի խմբագրականը շեշտադրել է. «Նաիրի Հունանյանի լկտիությունը հանցագործության պահից առ այսօր բացատրվում է միայն մեկ հանգամանքով. ինչ-որ ազդեցիկ ուժեր ահաբեկչին խոստացել են պահպանել կյանքը՝ «լուսավոր եվրոպական» սկզբունքները վկայակոչելով... Այդ հանգամանքը մեծապես խանգարում է դատաքննությանը. երբ հանցագործը գիտե, որ իր կյանքին հաշված ամիսներ են մնացել, ավելի է հակված ասել ճշմարտությունը»:

«Կսպառի՞ իրեն Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը, թե՞ կդառնա կառուցողական ընդդիմություն, իսկ նրա նորընտիր նախագահը՝ անկախ եւ ուժեղ ֆիգուր». այս հարցականներով է «Ազգ» թերթը քննում շաբաթավերջին կայացած միության համագումարը: «Ընդհանուր առմամբ համագունարի դահլիճում չէր նկատվում գործարարների այն անկախ, անկաշկանդ մթնոլորտը, որին կարելի էր սպասել», - տպավորություններ է կիսում մեկնաբանը: - «Հավաքվածների մեծ ավելի շատ մանր ու միջին չինովնիկների կարելի էր նշմարել, այլեւայլ միջազգային, խորհրդատվական մարմինների ղեկավարների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, քան թե արդյունաբերող-գործարարների: Նույնիսկ չկային այն խոշոր գործարարները, որոնք հետագայում ընդգրկվեցին միության խորհրդի կազմում»: Միությունը «միշտ էլ աչքի է ընկել իր հարմարվողականությամբ, իշխանահաճո կեցվածքով, եղել է կարծես ՀՀ կառավարության օղակներից մեկը»: «Ազգ»-ում ամփոփված է, որ նոր նախագահը «ժառանգել է որոշ առումով սպառված մի կառույց, ու նրան սպասում է դժվար աշխատանք՝ հետագա լճացումից խուսափելու ու անկախ մնալու ճանապարհին»:

«Երկիր» թերթում առավել ընդգծված է մտահոգությունը, որ գործարարների կառույցը քաղաքականությանը չխառնվի: Իսկ թերթի կենտրոնական հրապարակումը՝ «Երկրի իշխանությունները պիտի քաղաքական կամք դրսեւորեն» վերնագրի ներքո, հարցազրույցն է Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանի հետ՝ վերջապես լիարժեք ազգային անվտանգության խորհուրդ ունենալու կարեւորմամբ: «Մենք այսօր ունենք միայն անվտանգության խորհրդի քարտուղար, որը միաժամանակ պաշտպանության նախարարն է, ինչն, ի դեպ, ճիշտ չէ», - ասում է Վահան Հովհաննիսյանը: - «Ճիշտ չէ, որովհետեւ անվտանգության խորհրդի քարտուղարին պիտի հաշվետու լինեն բոլոր ուժային նախարարները... Իրենց համար իրական անվտանգություն ապահովող պետությունները ունեն երկմակարդակ գործադիր իշխանություն: Առաջին՝ ստորին մակարդակը կառավարությունն է, որն ապահովում է երկրի զարգացումը կարճատեւ ժամանակահատվածի համար...Երկրորդ՝ վերին մակարդակը ապահովում է երկրի զարգացումը 50-70 եւ 100 տարվա համար: Նա տեսնում է ամբողջ հեռանկարը, տեսնում է ազգի զարգացման ուղին: Այսօր մենք եթե որեւէ պետական պաշտոնյայի հարցնենք, թե ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանը 50 տարի հետո, ի՞նչ տիպի պետություն՝ ի՞նչ սահմաններով, ի՞նչ բնակչությամբ, ի՞նչ արդյունաբերական պոտենցիալով, ոչ ոք չի կարող պատասխանել»: Պարոն Հովհաննիսյանի պատկերացմամբ, նպատակահարմար է խորհրդի 1/3-ը նշանակի նախագահը, 1/3-ը Ազգայի ժողովը եւ 1/3-ը լինեն գիտնականներ. «Այդպես խորհրդում կլինեն հակակշիռներ, եւ այն չի դառնա ինչ-որ մեկինը... Նախագահի կարեւոր որոշումները պիտի անցնեն անվտանգության խորհրդով, եւ անվտանգության խորհուրդը պիտի վետո դնելու իրավունք ունենա»:

«Ժամանակ» թերթում այսօր ուրվագծված է, թե ինչպես մեզանում նախագահական համակարգը դարձավ կիսանախագահական. «Ամեն ինչ սկսվեց 1999 թվականի ԱԺ ընտրություններից հետո, երբ նախագահը, թեեւ սահմանադրությամբ այդպիսի պահանջ չկար, որոշեց, որ վարչապետ պետք է դառնա խորհրդարանական ընտրություններում հաղթանակած ուժի ներկայացուցիչը»: «Այսպիսով», - արձանագրում է «Ժամանակ»-ը, - «կա նախագահին հակակշիռ կամ ավելի ճիշտ՝ հավասարակշռող ուժ՝ լիազորությունների ու պատասխանատվության բավական որոշակի եւ ոչ աննշան չափով»: Եվ մնում է «սահմանադրական բարեփոխումների արդյունքում նախագահի լիազորությունները ոչ միայն փաստացի, այլեւ դե յուրե սահմանափակվեն»:

«Իրավունք» թերթի մատուցմամբ, ընդհակառակը, այսօր էլ «արտահերթ նստաշրջանի քննարկմանը դրված են օրինագծեր, որոնք ակնհայտորեն միտված են նախագահի ավտորիտար իշխանության ամրապնդմանը»: Ընդհանուր առմամբ, ըստ «Իրավունք»-ի, Հայաստանի իշխանությունը արեւմտամետ բեւեռ է, ընդդիմությունը՝ ռուսամետ: Այս հարթության վրա երկու ճամբարների հակադրությունը գնալով ուժեցանում է, եւ, ենթադրվում է, «ռուսամետ ընդդիմության ակտիվության գագաթնակետը կհամընկնի Վլադիմիր Պուտինի սեպտեմբերին Երեւան կատարելիք այցի հետ... Իսկ սեպտեմբերին հաջորդելու է հոկտեմբերը, եւ անհնար է, որ «27»-ի հերթական տարելիցի առթիվ չլինի հերթական քաղաքական լարումը», - աշնանը շարունակական դիմակայություն է կանխատեսվում «Իրավունք»-ում:

«Սոցիալիստական Հայաստան» կուսակցության գործադիր կոմիտեի նախագահ Վարդան Խաչատրյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում վերահաստատել է Աշոտ Մանուչարյանի միտքը, թե հականախագահական շարժման մեջ շուտով իրենց տեղը կգտնեն նաեւ Ալբերտ Բազեյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ Արտաշես եղամյանը՝ իրենց կուսակցություններով հանդերձ: «Այս ուժերի հետ մեր բանակցությունները, կարելի է ասել, մտել են ավարտական փուլ», - հավաստիացրել է պարոն Խաչատրյանը: «Եթե Մանուչարյանի կանխատեսումները լուրջ են, իսկ վերը նշված հնարավոր դաշինքը՝ կայանալի, ապա մինչեւ աշուն ընկած ժամանակահատվածում պետք է սպասել մի շարք արտասովոր եւ առաջին հայացքից պատահականություն թվացող միջադեպերի, որոնք ուղղակի եւ անուղղակի կարող են շեղել ներքաղաքական գործընթացների հունը», - իր հերթին բխեցնում է «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG