Մատչելիության հղումներ

Ճապոնիայում բացվել է Հարավային Կովկասի երկրների համատեղ ցուցահանդես



Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները՝ բացում են առաջին համակոկվկասյան ցուցահանդեսը Տոկիոյում:



Երկուշաբթի օրը Տոկիոյում բացվել է եւ առաջիկա հինգ օրերին կգործի Հարավային Կովկասին նվիրված ցուցահադես, որին մասնակցում են նաեւ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Միջոցառման հովանավորը արտասահմանյան ներդրումներով զբաղվող ճապոնական ՋԵԹՌՕ առեւտրական կազմակերպությունն է:

Ցուցահանդեսը, որն այսօր այցելել է Ճապոնիայի նախկին վարչապետ Ռյուտարո Հաշիմոթոն, ներկայացնում է Հարավային Կովկասի երեք երկրների 135 ընկերությունների արտադրանքը, այդ թվում՝ հայկական կոնյակը, ադրբեջանական ձկնկիթն ու վրացական գինին:

Այս ամսվա սկզբին ՋեԹՌՕ-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ նպատակ ունեն աջակցել նախկին խորհրդային երեք երկրների այն ջանքերին, որոնք ուղղված են մասնավոր ձեռներեցության խթանմանն ու արտահանվող ապրանքատեսակների մրցունակության բարձրացմանը: Նրանք հույս էին հայտնել, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի առաջին համատեղ ցուցահանդեսը կապրապնդի խաղաղությունը տարածաշրջանում:

Ելույթ ունենալով ցուցահանդեսի բացման արարողությանը, Հայաստանի արտգործնախարարը ընդգծել է ճապոնական կառավարության «հավասարակշված քաղաքականությունը» Կովկասում, ինչը, նախարարի խոսքերով, նպաստում է տարածաշրջանային կայունությանը: Նա նաեւ բարձր է գնահատել պաշտոնական Տոկիոյի կողմից կանոնավոր կերպով Հայաստանին ցույց տրվող ֆինանսական աջակցությունը:

Շաբաթվա ընթացքում Ճապոնական կառավարությունը առանձին սեմինարներ է անցկացնելու Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ՝ նվիրված երկկողմանի կապերի զարգացման ուղիներին:

Ըստ ՋԵԹՌՕ-ի, ցուցահանդեսի ընթացքում այցելուներին բաժանվելու են տարատեսակ տեղեկատվական նյութեր: Ցուցավահանակներն ու տեսնանյութերը ներկայացնելու են երեք երկրներն ու դրանցում տիրող ներդրումային մթնոլորտը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG