Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ղարաբաղյան կարգավորման աշխարհագրությունում հիմա էլ Մալթայի անունն է հոլովվում, մեկնաբաններին պարտավորեցնելով հիմա էլ «այս հանգրվանի» նրբերանգներ պեղել: «Ազգ» թերթի ընդգծմամբ, մասնավորապես, մալթյան հանդիպմանը ռուսաստանյան համանախագահ րիբկովի փոխարեն փոխարտգործնախարար Տրուբնիկովի «մասնակցությունը կարող է նշանակել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ոչ միայն ակտիվ դերը, այլեւ դոմինանտությունը: Ակնհայտ է, այն լծակները, որ ունի Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, չունեն ո'չ Վաշինգտոնը, առավել եւս ո'չ Փարիզը»:

«Իրավունք» թերթը առայժմ արձանագրում է Երեւանի եւ Բաքվի դիրքորոշումների կոշտացման միտում, միաժամանակ նոր սառնություն տեսնելով հայ-ռուսական հարաբերություններում: Ներքին կյանքում էլ, «Իրավունք»-ի պատկերմամբ, «նախագահամետ եւ ընդդիմադիր ճամբարների միջեւ անջրպետը գնալով խորանում է, եւ բեւեռացումը հանգեցնում է լարվածության աստիճանական աճի»: Մեկնաբանը սա, ընդհանուր առմամբ, կապում է այն հանգամանքի հետ, որ մինչեւ հերթական նախագահական ու խորհրդարանական ընտրությունները մնացել է ոչ այնքան շատ ժամանակ. - «Ռոբերտ Քոչարյանի վերընտրվելու միակ հնարավորությունը վարչական, տնտեսական եւ քարոզչական հիմնական լծակների կենտրոնացումն է, քանի որ հիասթափված բնակչությունը դժվար թե հոժար կամքով նրան ձայն տա»: «Բնականաբար, բեւեռացումը չէր կարող շրջանցել տնտեսական դաշտը: «Արարատ ցեմենտի», «Հրազդան ցեմենտի», «Մարս» միավորման եւ այլ ձեռնարկությունների հետ կատարվող գործընթացները պարզորոշ ցույց են տալիս, որ տեղի է ունենում տնտեսության վերաձեւում ի վնաս ընդդիմության եւ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի շրջապատի», - գնահատվում է «Իրավունք»-ում:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանն էլ ակնհայտ է համարում, որ «Արարատ ցեմենտի» եւ «Մարսի» մասնավորեցման «գործընթացը հնարավորինս երկարաձգելու մասին քաղաքական որոշում է կայացվել: Մասնավորեցումը անընդհատ երկարաձգելով՝ իշխանությունները փորձում են սահմանափակել Ս. Դեմիրճյանի եւ Ա. Սարգսյանի՝ քաղաքական գործունեություն ծավալելու ազատությունը»: Մեկնաբանը փոխանցում է նաեւ Ստեփան Դեմիրճյանի արձագանքը, թե՝ «ձգձգումը մեծ վնաս է հասցնում ձեռնարկությանը, որի ղեկավարությունը հստակ պայմանավորվածություններ է ձեռք բերել մի քանի ընկերությունների հետ: Բայց իրավիճակի անորոշությունը թույլ չի տալիս, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն»:

«Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ տնտեսության մեջ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների մասին պաշտոնական տվյալների» հիման վրա «Հայկական Ժամանակ»-ում շեշտված է, որ «Արամ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո ներդրումները ոչ թե ավելացել են, այլ պակասել»: Մինչդեռ, ինչպես հիշեցվում է, «անցալ տարվա սկզբին ներդրումների ցածր ցուցանիշները հիմք տվեցին Ռոբերտ Քոչարյանին այն ժամանակվա վարչապետ Արամ Սարգսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու»: Արամ Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է. - «Կասկած չունեմ, որ Անդրանիկ Մարգարյանն էլ ջանք չի խնայում, բայց ներդրումները պայմանավորված են երկրի ներքաղաքական իրավիճակով: Հիմա իրավիճակը ավելի անհանգիստ է, քան այն ժամանակ, երբ ես էի աշխատում: Այն ժամանակ կար երկու բեւեռ, որոնց նկատմամբ վերաբերմունքը լոյալ էր: Հիմա կա մի բեւեռ, եւ այդ բեւեռի հանդեպ չարություն կա»:

«Ժամանակ» թերթում այսօր էլ պնդում կա, որ «Արամ Սարգսյանի պաշտոնավարության հետագա շարունակման դեպքում երկրի ապագան լինելու էր անկանխատեսելի»: Թերթը փորձում է վերհանել Հայաստանում պարբերաբար նախագահ-վարչապետ հարաբերություններում լարվածություն որոնելու հասարակական տրամադրվածությունը, այսօրվա համար ամրագրելով, թե կարծես գտնվել է նման լարումներից խուսափելու ճանապարհը: Դրա նոր հաստատում է դիտվում հունիսի 14-ին Ռոբերտ Քոչարյանի դրական գնահատականը կառավարության գործունեությանը, գրանցումը, որ «տնտեսության մեջ բավական դրական տեղաշարժ կա»: «Ըստ այդմ՝ ակնհայտ է, որ ներիշխանական ճգնաժամի մասին խոսելն էլ դեռեւս վաղաժամ է», - ամփոփել է «Ժամանակ»-ը:

Ո՞ր գործչի հետ են մեր երկրի քաղաքացիները կապում Հայաստանի ապագան: «Հայկական ժամանակ»-ին այս թեմայով մտորումների նյութ է տվել սոցիոլոգիական մի հարցում, որի շրջանակում միայն 15-20 մարդ է որոշակի անուն նշել, նրանցից երեքը՝ Ռոբերտ Քոչարյանինը: «Ըստ էության, մեր երկրի քաղաքացիները մեր երկրի ապագան ոչ մի քաղաքական գործչի հետ էլ չեն կապում. սա նշանակում է, որ նրանք ապագայի մասին կոնկրետ պատկերացումներ չունեն», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Մեր երկրում կորել է ապագան տեսնելու անհրաժեշտությունը, դրա պահանջարկը, որովհետեւ վախ կա այդ ապագայի նկատմամբ... Տեր-Պետրոսյանի իշխանության անգամ ամենավատ տարիներին, ամենածայրահեղ տրամադրված մարդիկ էլ հույսները չէին կորցնում: ոնե հույսը կապվում էր տերպետրոսյանական վարչակազմի հեռացման հետ»: Հիմա հանրային գիտակցության մեջ չկա անգամ ամենապարզունակ ձեւակերպումը, «որից հետո եզրակացություն լինի այսպես՝ լավ կլինի»:

Եթե նույնիսկ այդպես է, քաղաքական կյանքն, իհարկե, կանգ չի առնելու: «Անցած շաբաթ մեզանում երկու ուշագրավ հայտարարություններ հնչեցին, որոնք էապես հստակեցնում են առաջիկա ներքաղաքական զարգացումների տրամաբանությունը», - առանձնացնում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը: - «Նախ՝ Աշոտ Մանուչարյանը հայտարարեց, թե շուտով հայտնի կդառնա 2003 թ. նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուի անունը: Դրանից հետո կառավարության եւ նախագահի հրաժարականի, ԱԺ լուծարման պահանջով հանդես եկավ Արտաշես եղամյանը»: Մեկնաբանի ընկալմամբ, «Մանուչարյանն ու եղամյանը հանդես են գալիս միեւնույն քաղաքական ծրագրի շրջանակներում եւ այդ թեմայով հեռակա երկխոսություն են վարում»:

Բայց իրականում ընդդիմության միասնական թեկնածուի անունը կարող են ճշտել միայն ժողովրդական եւ «Հանրապետություն» կուսակցությունները: Այս առումով էլ «Հայոց Աշխարհ»-ում ուրվագծված է. - «Առանձին-առանձին նրանք հաղթանակի շանսեր չունեն: Սակայն միասնական ճակատով հանդես գալու դեպքում էլ, տիրապետելով լուրջ ֆինանսական միջոցների, մարդուժի, լծակների եւ այլն, նրանք չունեն գլխավորը՝ անցողիկ անձը: Նախագահի պաշտոնին «չի ձգում» ո'չ Ս.Դեմիրճյանը, ո'չ էլ Ա. Սարգսյանը»: Հետեւաբար նրանց էլ պետք է «մի թեկնածու, որը կբավարարեր մի քանի պահանջ, այն է՝ կլիներ ճանաչված գործիչ ու կվայելեր ընտրողների որոշակի համակրանքը, ամենակարեւորը՝ չէր ունենա իր թիկունքին կանգնած որեւէ զորեղ ուժ՝ քաղաքական, ֆինանսական, վարչական լծակների իմաստով: Մի խոսքով՝ ամբոխավար մի գործիչ, որը նախագահ ընտրվելու դեպքում ամբողջովին կախված կլիներ Ս Դեմիրճյանից, Ա. Սարգսյանից ու նրանց թիմակիցներից»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG