Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը այսօր փորձում է տեսնել՝ ում է մեզանում պետք խոսքի ազատությունը, եւ կարծես՝ ոչ մեկին չի գտնում. - «Իրավիճակը, երբ երկրում չկա զանգվածային լրատվության եւ ոչ մի ինքնաբավ միջոց, ստեղծել է պետությունը», - գրում է մեկնաբանը: - «Ողջ Հայաստանը անբարենպաստ գոտի է լրատվական բիզնեսի համար... Մեզանում հաճախ են խոսում, թե իշխանությունը թույլ է տալիս լրագրողներին գրել ինչ ցանկանան, եւ հենց դրանով է դրսեւորվում իսկական խոսքի ազատությունը: Ո'չ... ցանկացած իշխանություն թքած ունի խոսքի ազատության վրա», - ամրագրվում է «Հայոց Աշխարհ»-ում: - «Ցանկացած իշխանություն՝ նախկին, ներկա կամ ապագա, շահագրգռված չէ խրախուսել կողմնակի ձայները: Իշխանության բնույթն է այդպիսին, որ նա կարիք ունի լիակատար լռության: Ինչպես կրկեսում՝ վտանգավոր համարի ցուցադրման ժամանակ: Իսկ հայրենի իշխանությունը ահա արդեն տասը տարի շարունակ քայլում է լարի վրայով»: Մյուս՝ լրագրողական դիրքերում էլ մեկնաբանը պատկերում է. - «Այսօր լրագրության ասպարեզում հայտվել են ահռելի քանակությամբ մարդիկ, որոնք նպատակաուղղված սպանում են մեր մասնագիտությունը... «Լրագրողական հանրություն» հասկացությունը բացակայում է սկզբունքորեն... Մենք տրոհված ենք խմբագրությունների քաղաքականություններով, բոլորի կողմից ընդունվող հեղինակությունների բացակայությամբ, սեփական հավակնություններով... եւ խոսքի ազատությունը՝ սույն հասկացության իսկական իմաստով, մեզ նույնպես պետք չէ»:

Առանձնացնելով, որ կոմունիստական ցույցերը, հանրահավաքները «պետական որեւէ մարմնի կողմից որեւէ խոչընդոտի չեն հանդիպում», «Առավոտ» թերթը դա բացատրում է այսպես. - «Կոմունիստական ցույցերի հիմքում ընկած «շինիչ» գաղափարը, հայտնի է. Հայաստանը պետք է միանա «Ռուսաստան-Բելառուս» դաշինքին: Այդ գաղափարի մեջ իշխանավորները որեւէ վտանգ չեն տեսնում իրենց աթոռների համար: Ճիշտ հակառակը. հայտարարագրված «կոմպլեմենտարիզմի» շրջանակներում այն կարող է չափազանց օգտակար լինել»: Մինչդեռ, մեծ հաշվով, «Առավոտ»-ի ընդգծմամբ՝ «Սահմանադրության երաշխավոր երկրի նախագահը պարտավոր է հիշեցնել կոմունիստներին, որ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Իսկ մտավորականները պետք է հակազդեն ինքնիշխանության դեմ ուղղված լյումպենական տրամադրություններին»: «Հայկական ժամանակ» թերթն էլ, անդրադառնալով կոմկուսի երեկվա հանրահավաքին, համադրում է. «Շարքային անդամները ձեռքի հետ քննադատում էին նաեւ երկրի ղեկավարությանը, պահանջում նրանց հրաժարականը: Այս կոչերը, սակայն, ՀԿԿ ղեկավարության շրջանում աջակցություն չէին ստանում, եւ նրանցից ոչ մեկը նման արմատական պահանջներով հանդես չեկավ»:

«Վերջին տարիների ընթացքում քաղաքականությունը մեզանում այնքան է արժեզրկվել ու վարկաբեկվել, որ քաղաքական դաշտում որեւէ ընդդիմադիր բեւեռ ձեւավորելու եւ անգամ ամենաանհեթեթ նպատակներ առաջադրելու համարձակությունը կարող է միայն ու միայն նպաստել քաղաքական կյանքի առողջացմանը», - կարծում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը: - «Կարող է նպաստել, քանզի ներկայումս քաղաքական ուժերի մեծամասնության ծրագրային-գաղափարական առաջադրանքների եւ կոնկրետ գործունեության միջեւ որեւէ կապ ու փոխպայմանավորվածություն գոյություն չունի... Այդ պայմաններում քաղաքական ուժերը վերածվում են պարզունակ շահախնդիր միությունների... Երբ իշխանությունը վերականգնեց իր հստակորեն միաբեւեռ կերպարանքը, քաղաքական ուժերի ապագաղափարականացման միտումը հանգեցրեց նրան, որ վերջիններս պարզապես սկսեցին մրցել միմյանց հետ՝ իշխանությանը դուր գալու կամ շանտաժի ենթարկելու ճանապարհով պաշտոններ, դիրք ու նյութական բարիքներ կորզելու գործում»: Այս իրավիճակում, մեկնաբանի պատկերացմամբ՝ «Քաղաքական որեւէ նպատակ առաջադրող ցանկացած ընդդիմադիր դաշինքի ձեւավորումը հանգեցնելու է նրան, որ կուսակցությունների մի մասը ոչ թե խոսքով, այլ գործով հայտնվելու է իշխանության հանդեպ հստակորեն հակադիր դիրքերում: Կուսակցությունների մյուս հատվածի կողմից «ո'չ իշխանություն, ո'չ ընդդիմություն» ջայլամային կեցվածքի պահպանումը դառնալու է անհանդուրժելի՝ առաջին հերթին հենց իշխանության համար: Եվ վերջինս պահանջելու է այդ ուժերից հստակ պատասխանատվություն ստանձնել տարվող քաղաքականության համար»: Այսպես, վերջապես, ժողովուրդն էլ հնարավորություն կունենա ավելի հստակ գնահատել քաղաքական ուժերին:

Ինչպես պարզաբանել է, մասնավորապես, Հայաստանի արտգործնախարարության խոսնակը, «Ժնեւյան հանդիպումը չեղյալ է հայտարարվել այն պատճառով, որ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցից հետո խիստ մտահոգված են խնդրի լուծումն ընդունելու հասարակության անպատրաստությունից»: «Ազգ» թերթում փորձ է արված ի մի բերել, թե «հակամարտության լուծման ո՞ր ընկալումն է մեզ մոտ բնորոշվում որպես պատրաստ, փոխզիջումների մասին խոսելիս ի՞նչ ներքին շեմ է նախանշվում», եւ առայժմ փաստագրվում է՝ «Կարգավիճակի հստակեցումը Հայաստանի քաղաքական դաշտի տեսակետներում հիմնականում համարժեք է ԼՂ անկախության ամրագրմանը»:

Քննելով փոխզիջման հոգեբանությունը, «Առավոտ»-ի վերլուծաբաններից մեկը այսօր սահմանում է. - «Մարդը հոգեբանորեն պատրաստ է փոխզիջմանը այն դեպքում, երբ գիտակցում է, որ ստեղծված իրավիճակում, իրական ուժերի (այդ թվում՝ միջազգային) տվյալ դասավորության պայմաններում իր առավելագույն պահանջները չեն կարող կենսագործվել: Այնուհետեւ, մարդը իսկապես հակված է փոխզիջման, երբ համոզված լինելով սեփական ճշմարտության մեջ, պատրաստ է, այնուամենայնիվ, ինչ-որ բան տալ: Ընդ որում, խորհելով խնդրի այս կամ այն տարրի մասին, նա իրեն թույլ չի տալիս սեւեռվել այդ տարրերից մեկի վրա՝ որքան էլ այն կարեւոր թվա: Քանզի նա խնդիր է դնում ամփոփել զանազան դրական եւ բացասական գործոնների ընդհանուր արդյունքը»: Եվս մեկ էական հանգամանք՝ որքան վճռական ես մերժում հարցի ուժային լուծումը, այնքան ավելի ես հակված փոխզիջման, եւ եթե նորից պատերազմը չոքի դռանդ՝ պիտի ընդունես, որ դրանում անձամբ դու էլ մեղավոր ես՝ փոխզիջմանը քո անպատրաստվածությամբ:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG