Մատչելիության հղումներ

Էջեւիթը նոր պայման է առաջադրում Հայաստանին


Այսօրվա թուրքական թերթերը գրում են, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը, որն այս շաբաթ այցելել էր Անկարա, վարչապետ Բյուլենթ էջեւիթի հետ քննարկել է նաեւ Թուրքիա - Հայաստան հարաբերությունների հարցը: Երկու երկրների միջեւ բնականոն հարաբերույթունների հաստատման համար էջեւիթը երկու պայման է նշել:

Դոնալդ Ռամսֆելդ եւ Բյուլենթ էջեւիթ



Գրավյալ տարածքներն ազատելու ավանդական նախապայմանին էջեւիթն ավելացրել է երկրորդը՝ ղարաբաղյան խնդիրը լուծելիս պետք է հաշվի առնվի նաեւ Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ միջանք ապահովելու հարցը:

Դիտորդների գնահատմամբ, երկրորդ պահանջի առաջադրումը պայմանավորված է նրանով, որ ղարաբաղյան խնդրի նման լուծումը խիստ շահեկան է Թուրքիայի համար: Ժամանակին Թուրքիան, Իրանի համաձայնությամբ, ապահովեց դեպի Նախիջեւան տանող միջանցքը, եւ եթե Նախիջեւան-Ադրբեջան տրանսպորտային կապը իրականություն դառնա, Անկարան այդ միջանցքը մինչեւ Ադրբեջան երկարաձգելու, այն լիարժեքորեն գործող աշխույժ մայրուղու վերածելու հնարավորություն կստանա՝ նոր շուկաներ դուրս գալու հեռանկարով:

էջեւիթի այս հայտարարություններից կարելի է ենթադրել, որ Անկարան սկսել է առաջնային նշանակություն տալ Հայաստանի տարածքով միջանցք անցկացնելու խնդրին: Հետեւաբար, մեծանալու է նաեւ Թուրքիայի շահագրգռությունը ղարաբաղյան խնդրի հնարավորինս արագ լուծման գործում: Փորձագետների կարծիքով, Թուրքիայի ղեկավարությունը ջանքեր կգործադրի համոզելու համար Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին, որ ղարաբաղյան խնդրի փոխզիջումային լուծումը ոչ միայն կվերացնի հակամարտությունը, այլեւ միանգամայն նոր իրավիճակ կստեղծի տարածաշրջանում: Իրավիճակ, որը խիստ ձեռնտու կլինի թե' Ադրբեջանին, թե' Թուրքիային:

Արմեն Դուլյան՝ Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG