Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթի ամփոփմամբ, Հայաստանի առաջին հանրապետության երեկվա տոնակատարությունները բավական ալարկոտ էին, եւ, ընդհանրապես, շատերը չեն էլ պատկերացնում, թե՝ ի՞նչ ասել է Առաջին հանրապետություն: Ինչեւէ, առավել էականը «Երրորդ Հանրապետությունն է», - ընդգծում է «Հայկական ժամանակ»-ը, - «եւ ամեն ինչ պետք է անել պատմության մեջ հայոց հանրապետությունների դասակարգումը դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության համար գոյության մշտական ռեժիմ հաստատելու համար»:

«Իրավունք» թերթի շեշտադրմամբ, Մայիսի 28-ը եւ Եռագույնը «սրբություն են ցանկացած հայրենասեր հայի համար: Որովհետեւ Առաջին հանրապետության երկուսուկես տարվա գոյության ընթացքում պետականության հիմքեր դրվեցին, եւ օրեցօր աճում էր ՀՀ տնտեսական հզորությունը: Որովհետեւ Առաջին հանրապետության ղեկավարներին ոչ մի օտարացու չէր կարող հրամայել չզարգացնել արդյունաբերության այս կամ այն ճյուղը, կամ՝ օտարներին վաճառել, ասենք, կոնյակի գործարանը... Իսկ այսօր պետականության մասին տոնավաճառի սեղանիկի մակարդակի պատկերացումներ ունեցող իշխանիկները ինչեր ասես, որ չեն անում եռագույնի ներքո... Երկիրը արդար ու ազատ լինել չի կարող, եթե մարդկանց զգալի մեծամասնությունը մուրացիկ ու գործազուրկ է, իսկ մի խումբ հին ու նոր «բիրդան աղաներ» խնջույք են սարքել ժանտախտի ժամանակ», - ձեւակերպում է «Իրավունք»-ը:

«Հայոց Աշխարհ» թերթում առանձնացվել է, որ «Մայիսի 28-ի մասին հիշելով՝ պետք է փորփրենք ոչ թե պատմական անցյալի, այլ մեր ներկա խիստ հակասական կյանքի խորքերը... պատմությունը ներկայով է իմաստավորվում: Մեզ պակասում է մեր ներկա կեցության արժեքային ճշմարիտ ու անաղարտ ընկալումը»: «...Տարելիցների պարզունակ հերթափոխը կարող է զրկվել իր իմաստից եւ բովանդակությունից, եթե պետականություն ունենալու խնդիրը նպատակից չվերածվի միջոցի», - ուղղորդում է «Հայոց Աշխարհ»-ը: - «Միջոցի, որով կառուցում են որոշակի արժեքներ դավանող եւ հանուն դրանց իրենց կեցության նորմերը կարգավորող հարաբերություններ»:

«Անկախությունը չի դարձել ժողովրդի սեփականությունը», - այսպես է վերնագրված «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցը Դաշնակցության Հայաստանի երագույն մարմնի անդամ, եղամ Մանուկյանի հետ: Դրանում կա, մասնավորապես, հետեւյալ պատկերավորումը. «Տասը տարվա ընթացքում ժողովուրդը տեսավ, որ գլխին կարգված հայ նախարարը, դատավորը, ոստիկանապետը, եթե ավելի վատը չէ, ապա առնվազն նույնն է, ինչ օտարը: Երբ հայ մարդը տեսավ, որ անկախությունն իր կյանքի բարելավմանը որեւէ ձեւով չի նպաստում, ժողովրդի մեջ կոտրվեց արդար պետություն ունենալու հույսը»:

«Հայկական ժամանակ»-ը հրապարակել է «Կանադայի ՀՅԴ մի խումբ անդամներ» ստորագրությամբ մի հայտարարություն, ուր մեղադրանք է հնչում, թե «ՀՅԴ Բյուրոն իր խիստ գաղտնի «Շրջաբերական N55»-ում... կուսակցության բարձրագույն շահերը համապատասխանեցնում է ՀՀ նախագահի դիրքորոշման հետ, ինչը գերադասելի է համարվում, քան նախագահին ընդդիմանալը, որպեսզի պահպանվեն ՀՅԴ-ի ձեռք բերած արտոնությունները երկրում: Այս փաստը ՀՅԴ բոլոր ավանդույթներին դեմ է, եւ մենք, որպես Դաշնակցության գաղափարակիրներ, բողոքում ենք ՀՅԴ Բյուրոյի նման վարքագծի դեմ», - ասում են նամակագիրները: Մեկնաբանության համար խմբագրությունը դիմել է Դաշնակցության երագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին: Վերջինիս համոզմամբ, «բերվածը կեղծ հայտարարություն է, քանի որ նրա տակ կոնկրետ անուններ չկան: Իսկ այն նկատառմանը, թե թիվ 55 շրջաբերականի մասին տեղեկացվածությունը չի՞ վկայում, արդյոք, որ հեղինակներն, այնուամենայնիվ, կուսակցության ներսից են, պարոն Ռուստամյանը պատասխանել է. «Ցավոք, այդ շրջաբերականը հասել է նաեւ ոչ կուսակցական շրջանակներին»: Այսուհանդերձ, հիշյալ շրջաբերականի բուն բովանդակության մեջ կա՞ն, արդյոք, կեղծ կամ անկեղծ ստորագրողների դժգոհությունը հարուցած դրույթները՝ Դաշնակցության ներկայացուցիչը չի անդրադարձել:

Նախորդ շաբաթ Երեւանում կայացած գագաթնաժողովի մոտիվներով, «Իրավունք»-ի մեկնաբանը գրում է. «Մեկ-երկու տասնամյակ անց պատմաբանները հատուկ կանգ են առնելու 2001 թ. մայիսի 25-ի վրա՝ համարելով դա 10 տարի գոյություն ունեցող միաբեւեռ աշխարհակարգի վերջի սկիզբ: Կոնկրետ մեր տարածաշրջանում դա նշանակում է, որ ի հայտ է գալիս արեւմտյան ճնշումներին դիմակայելու հնարավորություն... Նոր իրողությունների շնորհիվ Ադրբեջանն աստիճանաբար կկորցնի Կենտրոնական Ասիան Ռուսաստանը շրջանցող ուղիով Արեւմուտքին կապող օղակի դերը, հետեւաբար, նույն Արեւմուտքի համար Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» աստիճանաբար կկորցնի իր հրատապությունը: Իսկ դա նշանակում է, որ ժամանակը կամաց-կամաց կարող է աշխատել ոչ թե ի վնաս, այլ հօգուտ Հայաստանի»:

«Ազգ» թերթում ներկայացվող «Ռուսաստանը եւ Անդրկովկասը» հարթության վերլուծականում Կտրիճ Սարդարյանը նշում է. «Ռուսաստանը խմբագրում ու սրբագրում է իր քաղաքականությունը, ջանում, որ Անդրկովկասում վերջնական խաղաղություն ու նաեւ համագործակցություն հաստատվի. իսկ մերոնք հազար ու մի փաստարկ են հորինում դա կանխելու համար... Ռուսաստանին հասկանալ է պետք՝ եւ ոչ թե սիրել ու հուսախաբվել: Ռուսաստանին ավանդական կապերով կապված հոգեհարազատ ժողովուրդների ազգային գործիչները միշտ էլ Ռուսաստանից լավ գիտեն, թե ինչ է պետք նրան: Ու այնքան համոզված են դրանում, որ չեն էլ ուզում լսել, թե Ռուսաստանն ինչ է ասում... Ճգնաժամից դուրս գալու խաղաղության, ներդաշնակության եւ տարածաշրջանային համագործակցության ուղին ցույց տալու փոխարեն, նրանք ամեն ինչ անում են, որ հանկարծ գործը չհասնի դրան»: «Ակամա ստանում ես այնպիսի տպավորություն, որ Ղարաբաղի հարցը արծարծվում է ոչ թե խնդրի լուծման, այլ Ռուսաստանի շահը տարածաշրջանում պաշտպանելու համար: Թերեւս նման «մեծագործությունները» նկատի ունենալով է Վ.Սարոյանը ձաղկել «Պզտիկ ազգի մեծ խոսակցությունները»: Երեկ Ռուսաստանն էր դավաճանում Հայաստանին ու Ղարաբաղին, այսօր Հայաստանն է դավաճանում Ռուսաստանին: Ու այսպես գումարելիների տեղափոխության մտավարժանքներից ու դավաճան փնտրելու ինտրիգներից այն կողմ չի կարողանում անցնել հայ քաղաքական միտքը», - եզրագծել է Կտրիճ Սարդարյանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG