Մատչելիության հղումներ

Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ փոփոխություններ չի կրի


Արամ Վանեցյան, Պրահա
Նոյեմբերի 3-ին Թուրքիայի խորհդարանական ընտրություններում համոզիչ հաղթական տարած մահմեդական արմատներ ունեցող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Աբդուլլաթիֆ Շիները երկուշաբթի օրը ասել է, որ Թուրքիան չի վերանայելու Հայաստանի նկատմամբ դիրքորոշումը եւ շարունակելու ամենայն կերպ աջակցել Ադրբեջանին:

«Մենք փորձում ենք պահպանել լավ հարաբերությունները Հայաստանի ու այլ երկրների հետ: Սակայն Թուրքիան չի ցանկանում վտանգել իր հարաբերությունները Ադրբեջանի ու միջինասիական երկրների հետ», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Աբդուլլաթիֆ Շիները:

«Թուրքերը հատկապես զգայուն են Ադրբեջանի իրադրության նկատմամբ: Ադրբեջանը սպասելիքներ ունի Թուրքիայից», - ասել է նա՝ նկատի ունենալով, որ Ադրբեջանը կտրականապես դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ քանի դեռ լուծված չէ Ղարաբաղյան հակամարտությունը:

Շիների խոսքերը ենթադրում են, որ թուրքական նոր ձեւավորվող կառավարությունը չի փոխի երկրի դիրքորոշումը, երբ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պայմանավորվում է Ղարաբաղյան հակամարտության լուծմամբ:

«Հայաստանն ու Թուրքիան հարեւան երկրներ են, եւ մենք ունենք պատմական ու մշակութային կապեր հայերի հետ», - նշել է Շիները՝ այդուհանդերձ, ավելացնելով. - «Ամեն մի պետություն պետք է հետեւի այնպիսի քաղաքականության, որը ծառայում է իր ազգային նպատակներին»:

«Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Էրդոգանը արդեն բացառել է շոշափելի փոփոխությունները երկրի արտաքին քաղաքականության մեջ: Ակնկալվում է, որ այս շաբաթ Էրդոգանը նախագահ Սեզերին ներկայացնելու է երկրի վարչապետի թեկնածությունը: Հավանական թեկնածուներից մեկը Աբդուլլաթիֆ Շիներն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG