- Հեղինակ՝ Արման Հովհաննիսյան
Հայաստանում գործող բոլոր 1997 ընտրատեղամասերում կիրակի օրը անցկացված հանրաքվեի նախնական արդյունքներով՝ սահմանադրական փոփոխություններն ընդունված են։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում հրապարակված արդյունքներով՝ «այո» է քվեարկել 825 հազար 622 ընտրող կամ քվեարկության մասնակիցների 63.35 տոկոսը, «ոչ»՝ 421 հազար 593 ընտրող կամ քվեարկության մասնակիցների 32.35 տոկոսը։
Հիշեցնենք՝ Սահմանադրության 113-րդ հոդվածի համաձայն՝ «հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը»։ Ըստ այդմ՝ «այո» է քվեարկել ընտրողների 32.17, «ոչ»՝ 16.42 տոկոսը։
Անվավեր է ճանաչվել 53 հազար 323 քվեաթերթիկ, անճշտությունների թիվը 824 է։
ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ ամենաակտիվը եղել են Արարատի մարզի ընտրողները, որոնց 66.5 տոկոսը մասնակցել են քվեարկությանը, ամենացածր ակտիվությունն արձանագրվել է Շիրակի մարզում՝ 41.27 տոկոս, Երևանում մասնակցությունը 46.36 տոկոս է։
Մի քանի րոպե առաջ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտակայքում հավաքված մի խումբ քաղաքացիներ ցանկություն են հայտնել ներս մտնել հանձնաժողովի շենք և իրենց ունեցած որոշակի մտահոգությունների կապակցությամբ քննարկումներ անցկացնել ԿԸՀ նախագահի հետ:
ԿԸՀ մամլո ծառայությունը հայտնում է, որ հանձնաժողովի ամբողջ կազմը, ներառյալ՝ դրա նախագահը, ներկայումս իրականացնում են օրենքով իրենց վերապահված գործառույթները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների ամփոփման կապակցությամբ: ԿԸՀ մամլո ծառայությունը հայտարարում է նաև, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այդ թվում՝ դրա նախագահը, պատշաճ ընթացակարգերից դուրս, առանց գրավոր հիմքերի իրավասու չեն կատարել քաղաքացիների ընդունելություն, մասնավորապես, նրանց հետ բանավոր քննարկումներ անցկացնել ինչպես նրանց կողմից հնչեցված ընդհանուր մտահոգությունների, այնպես էլ ենթադրյալ խախտումների վերաբերյալ:
Միաժամանակ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավաստիացնում է, որ պատշաճ կարգով ներկայացված ցանկացած դիմում, բողոք կամ պահանջ օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակներում պատշաճ քննարկման առարկա կդառնա:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական տվյալներ է ներկայացնում թվով 1482 ընտրատեղամասերից։
Ըստ այդ տվյալների՝ «այո»-ի օգտին է քվեարկել 618 014 հոգի կամ 66.06 տոկոսը, «ոչ»-ի օգտին՝ 280 533 ընտրող կամ 29.98 տոկոսը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական տվյալներ է ներկայացնում թվով 251 ընտրատեղամասերից։
Ըստ այդ տվյալների՝ «այո»-ի օգտին է քվեարկել 97 214 հոգի կամ 70.98 տոկոսը, «ոչ»-ի օգտին՝ 35 079 ընտրող կամ 25.61 տոկոսը։
- Հեղինակ՝ Սիսակ Գաբրիելյան
Հանրապետական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը «Ազատության» ուղիղ եթերում, արձագանքելով մեր այն տեսանյութին, որում Շենգավիթի ընտրատեղամասերի մոտ քաղաքացիներին գումար էին բաժանում, ասաց, որ իրենց «արջի ծառայություն մատուցողներ պետք չեն»:
«Ես ասեմ՝ ընտրակաշառքը այն ընտրախախտումներից է, որը դժվար ապացուցելի է, բայց այս փաստերը արդեն իսկ հիմք են, որ իրավական պրոցես սկսվի, և իրավապահները կպարզեն՝ ինչ է տեղի ունեցել», - ասաց Հովհաննես Սահակյանը:
Նա ընդգծեց, որ թե՛ իրավական, թե՛ քաղաքական առումով մերժում են այդ ամենը՝ հավելելով՝ «երբ մենք բոլորս շրջում ենք տեղամասերով, պատկերը այդքան վատ չէ, որքան ներկայացվում է»:
«Հիմնականում ընտրախախտումներ չեն եղել: Եթե մեկ երկու դեպքեր եղել են, երբ փորձել են Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել թե՛ ոստիկանությունը, թե՛ դատախազությունը արդեն սկսել են իրենց գործընթացները»:
- Հեղինակ՝ Նարինե Ղալեչյան
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Սոֆիա Հովսեփյանը ահազանգել էր, որ նախաձեռնության անդամներ Արտուշ Չիբուխչյանը, Արամ Մանուկյանը, Վահե Բաղդասարյանը, Մաքսիմ Սարգսյանը, Տիգրան Մազմանյան, Արսեն Չաչոյանը, Միքայել Նազարյանը և Կարո Ղուկասյանը Ազատության հրապարակից բերման են ենթարկվել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Մալխասյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ բերման են ենթարկել 9 հոգու՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար, կազմվում են վարչական արձանագրություններ:
- Հեղինակ՝ Կարլեն Ասլանյան
Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը քիչ առաջ հայտարարեց, որ 5/1 ընտրատեղամասում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ծեծի են ենթարկել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանին՝ խախտումները բացահայտելու համար, նրա ձեռքից վերցրել են հեռախոսը և մեկուսացրել:
«Ոստիկանության ներկայացուցիչներ, պահանջում եմ 5/1 տեղամասում ազատել «Ժառանգության» վարչության անդամին և մեղավորներին պատժի ենթարկել», - ասաց Մարտիրոսյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական տվյալներ է ներկայացնում թվով 75 ընտրատեղամասերից։
Ըստ այդ տվյալների՝ 75 ընտրատեղամասերում «այո»-ի օգտին է քվեարկել 18 006 հոգի կամ 76.94 տոկոսը, «ոչ»-ի օգտին՝ 4797 ընտրող կամ 20.50 տոկոսը։
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ Երևան քաղաքի Ազատության հրապարակում այսօր երեկոյան տեղի ունեցած հավաքը դարձյալ ընթացել է օրենքի խախտումներով:
Ըստ ոստիկանության հաղորդագրության, հավաքի կազմակերպիչներն իրենց կողմից ներկայացված և ի գիտություն ընդունված երթուղուց շեղվելով, շարժվել են դեպի երթի իրազեկմամբ չնախատեսված՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ: Նշված վայրում երթի կազմակերպիչները ՀՀ ոստիկանությունից պահանջել են իրենց թույլատրել մոտենալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին շենքին և պետական այդ մարմնին հնչեցնել իրենց պահանջները կամ ապահովել, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը մոտենա և լսի իրենց պահանջները:
«Կարճ ժամանակ անց ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը հավաքի կազմակերպիչներին հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նիստ է ընթանում և քսան րոպեից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը կմոտենա հավաքի մասնակիցներին ու կլսի նրանց պահանջները: Միաժամանակ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը, վկայակոչելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթը, պահանջել է ժամը 22.00-ից սկսած անցկացվելիք հավաքը չզուգորդել անձանց հանգիստը խանգարող աղմուկով: Ի պատասխան այս առաջարկի, հավաքի կազմակերպիչները չեն սպասել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի հետ նախատեսված հանդիպմանը և, անտեսելով ՀՀ ոստիկանության իրավաչափ պահանջը, շարունակել են աղմուկով ուղեկցվող երթը: ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս նախազգուշացնում է, որ չի ենթարկվելու որևէ սադրանքի, իսկ ոստիկանների կողմից իրականացվող գործողությունները լինելու են բացառապես կոնկրետ իրավիճակից թելադրվող և դրան համարժեք»,- ասված է հաղորդագրությունում։
- Հեղինակ՝ Արմեն Քոլոյան
Ժամը 22-ի դրությամբ ստացվել է 234 ահազանգ՝ 218-ը լրատվամիջոցների հրապարակումների, 16-ը՝ ոստիկանության թեժ գծով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը:
Ահազանգերը մեծամասամբ վերաբերել են այլ անձի փոխարեն քվեարկելու, քվեարկության ուղղորդման, նաև՝ տեղամասերում կուտակումների դեպքերին, լրագրողի ու դիտորդի գործունեությունը խոչընդոտելուն, լցոնումների, վստահված անձանց սպառնալու, կրկնակի քվեարկության, ընտրակաշառքի փորձերին, բռնության կամ ծեծի, բաց քվեարկության: Ահազանգերից 30-ն ուղարկվել են նախաքննական մարմիններին,114-ը՝ ոստիկանական տարածքային ստորաբաժանումներ՝ համապատասխան քննություն կատարելու համար, 90 ահազանգերը ստուգվում են: