Շաբաթ, նոյեմբերի 01, 2014 Ժամանակը Երեւանում 00:39

Հասարակություն

Ծանր հոգեկան ապրումներ ունեցած երիտասարդների ապաքինումը կինոֆիլմերի միջոցով

Գրելը, նկարելը կամ բեմում գործելը ոչ միայն հաճելի է, այն կարող է նաև լինել բուժման եղանակ մարդու համար, ով կարիք ունի հաղթահարելու անցյալի հետ կապված ցավոտ հիշողությունները:

Շատ պրոդյուսերներ, ինչպես Դայան Մոզեսը, աշխատում են Հարավային Լոս Անջելեսում գտնվող շահույթ չհետապնդող կազմակերպությունում, որն օգնում է նման դեռահասներին բուժվել ֆիլմերի միջոցով:

Ուսանող ռեժիսոր Ֆերնանդո Լոպեզի համար այսպիսի բեմադրությունները շատ անձնական երևույթ են: «Ֆիլմի ստեղծումը կատարյալ ելք է ինձ համար ազատ արձակելու իմ բոլոր զգացումները՝ անկախ նրանից, թե դա գրելու, դերակատարման, թե բեմադրման միջոցով կարվի: Եվ ես պետք է իմ էության մասնիկը ներբերեմ դրա մեջ», - ասում է նա:

17-ամյա Լոպեզը նկարահանել և բեմադրել է «Մեր առաջին ֆիլմը» կինոնկարը: Սա երկու մրցակից նորաթուխ կինոգործիչների պատմություն է, ովքեր բախվում են բեմահարթակի և գողացված տեսախցիկի սարքավորումների համար: «Օրվա վերջին եզրակացրեցինք, որ այնքան էլ տարբեր չենք: Երկուսս էլ ասելիք ունենք», - ասում է նա:

Լոպեզի պատմությունը մասամբ ներշնչված է իր մոր բանտում անցկացրած ժամանակով: Փորձը նրա, ինչպես և իր ֆիլմի համադերակատարի մոտ թողել է լքվածի և դիմադրության անհրաժեշտության զգացում:

Սակայն երկու տարի առաջ նա միացավ Հարավային Կալիֆորնիայի «Խաչմերուկներ» շահույթ չհետապնդող կազմակերպությանը, որը օգնում է բռնությամբ լեցուն համայնքներից դուրս եկած երիտասարդներին ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ և գտնել կարիերայի զարգացման ուղիներ: Կինոնկարների ստեղծումը իր բազմաթիվ ծրագրերից մեկն է:

Դրամատիկ թերապևտ Միմի Սավաջն ասում է, որ արվեստը բուժական հատկություններ ունի: Սակայն նա ասում է, որ անցյալի զգացողությունների արծարծումը կարող է վտանգավոր լինել առանց մասնագիտական ուղղորդման:

«Օրինակ, երբ աշխատում ես թե՛ երիտասարդ և թե՛ տարիքով մտավոր կամ հոգեկան հիվանդությամբ մարդկանց հետ, որտեղ նրանք, օրինակ, ունեն զարգացման արատի հետևանքներ, ապա մենք պետք է նրբանկատ գտնվենք՝ տվյալ ծանր պահը կրկին հոգետանջանք չդարձնելու նրանց համար, կամ էլ այն, ինչ նրանք ցանկանում են արտահայտել, չպետք է դնի նրանց այդ պահի ցավի կամ հոգետանջանքի մեջ», - նշում է Սավաջը:

Անցած ուսանողական ֆիլմերը անդրադարձել են ահաբեկմանը, ավազակությանը, ընտանեկան բռնությանը, ինքնասպանությանը, անօթևանությանը և բարեկամությանը: Հարավային Կալիֆորնիայի «Խաչմերուկներ» ընկերության գործադիր տնօրեն Պաուլ Քարիլյոն ասում է, որ սա մի ծրագիր է, որի կարիքը ունեին իր հին հարևանության դեռահասները: Նա պնդում է, որ կարող է թվարկել մի քանի տասնյակ անձանց, ում հետ մեծացել է, որոնք, եթե լիներ սրա նման մի ծրագիր, հավանաբար հիմա չէին լինի մահացած կամ ազատազրկման վայրում:

Լոպեզի և նրա դասընկերների կողմից ստեղծված ֆիլմերը ցուցադրվել են Հարավային Լոս Անջելեսի հանրակրթական դպրոցներում՝ որպես դեռահասների ապաքինմանը օգնելու միջոց:

 

Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը