Մատչելիության հղումներ

Լրագրողներին ծեծելը «խասիաթ» դարձավ...


Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Մինչ Պրահայում մեկնարկում են Հայաստանին Եվրոպայի «Արեւելյան գործընկերություն» առաջարկելու շուրջ բանակցությունները՝ Հայաստանում ծեծում են հերթական լրագրողին։ Նվեր Մնացականյանը՝ «Շանթ» հեռուստատեսության մեկնաբան, ծեծվել է իր տան մուտքի մոտ։

«Աշխատանքը ավարտելուց հետո ես վերադառնում էի տուն, ինչպես ամեն օր», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Մնացականյանը։

Նվեր Մնացականյանը լրագրող է, ու հայտնի լրագրող։ Ամեն օր եթերում է։ Ոմանք ասում են՝ իշխանամետ է։ Բայց դա չէ կարեւորը։ Լրագրողի գործի էությունն է՝ պատասխան տալ ամեն ասված խոսքի համար։ Ու ամեն օր աշխատել այդ պատասխանատվության լծի տակ։ Ու ամեն օր... աշխատանքը ավարտել ու սովորական մարդու պես վերադառնալ տուն։ Այսուհետ՝ նաեւ հերթական հավանական ծեծի սպասումո՞վ։

Հայաստանում լրագրողի աշխատանքը՝ ընդդիմադիր, իշխանամետ թե օբյեկտիվ լրագրողի, արդեն սովորական մարդու սովորական գործ չէ։

Ընդամենը մեկ շաբաթ առաջ էլ հարձակման էր ենթարկվել «Արմենիա Թուդեյ» լրատվական գործակալության խմբագիր Արգիշտի Կիվիրյանը։ Կրկին՝ սեփական տան մուտքի մոտ։ Այդ առիթով ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը մտահոգություն էր հայտնել, լրատվական կազմակերպությունները բողոքել էին, հարուցվել էր քրեական գործ....

Մի գործ էլ, երեւի, Նվեր Մնացականյանի ծեծի առիթով կհարուցեն։ «Մտահոգություններ» ու «կոչեր» կհնչեցվեն։

..ու այդ մարդը ամեն երեկո հեռուստաէկրանից ահուդողով կնայի քեզ՝ Հայաստան երկիր, Եվրամիության «Արեւելյան գործընկեր»։ Քեզ, որ մի բուռ լրագրողներիդ անգամ պաշտպանել չես կարողանում...
XS
SM
MD
LG