Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Կռիլով. «Խոսքն այն մասին չէ, թե ով կդառնա գլխավոր խաղաղապահը»


Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովի կարծիքով, վերջին շրջանում ռուսական կողմի միջնորդությամբ հաճախակի դարձած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումների նպատակը ղարաբաղյան բանակցային գործընթացի առաջ մղումն է:

«[Մոսկվայում] ցանկանում են ինչ-որ ձեւով առաջ մղել խաղաղ կարգավորումը, որպեսզի թե´ Հայաստանը, թե´ Ադրբեջանը գնան որոշակի զիջումների եւ գտնեն հակամարտության կարգավորման փոխադարձ ընդունելի մի մոդել: Օբյեկտիվորեն` նման մոդել գտնելը բավական դժվար է: Ուստի չեմ կարծում, թե մոտ ապագայի հարց է, որ նման մի մոդել կհայտնաբերվի», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Կռիլովը:

Մյուս կողմից, քաղաքագետը պնդեց, թե չի կարելի ասել, որ ներկայում Ռուսաստանը ձգտում է նախաձեռնությունը ամբողջովին վերցնել իր ձեռքը:

«Խոսքն այն մասին չէ, թե համանախագահներից ով առաջ կանցնի մյուսներից եւ կդառնա, այսպես ասած, առաջին ու գլխավոր խաղաղապահը: Գոյություն ունի եռակողմ ձեւաչափ` Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան, որը ոչ մի հարց չի առաջացնում ո՛չ Միացյալ Նահանգների, ո՛չ Ֆրանսիայի մոտ եւ չի նյարդայնացնում նրանց», - պարզաբանեց Կռիլովը, - «Մինչ այդ ԱՄՆ-ը ավելի ակտիվ քաղաքականություն էր վարում եւ ձգտում էր ինքնուրույն առաջ մղել հակամարտության խաղաղ կարգավորումը: Դրա մասին էին, օրինակ, վկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունները, որոնք նա անում էր գրեթե ամեն տարի, թե` ահա այս տարի հարցը կլուծվի: Խնդիրն այն է, որ հակամարտությունը բավականին բարդ է, եւ այն արագ կարգավորել սկզբունքորեն հնարավոր չէ: Արագ լուծումը կարող է միայն ռազմական ճանապարհով լինել, սակայն առկա ուժերի հավասարակշռությունը քիչ հավանական է դարձնում հարցի ռազմական լուծումը: Ուստի` խաղաղ կարգավորման գործընթացը դոփում է տեղում: Սակայն դա ավելի լավ է, քան ռազմական գործողությունների վերսկսումը»:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով Ալեքսանդր Կռիլովն անդրադարձավ նաեւ այն հարցին, թե Մեդվեդեւ-Պուտին հակասությունների վերաբերյալ վերջին շրջանում հաճախակի դարձած խոսակցությունների ֆոնին, հնարավո՞ր է, որ ռուսաստանյան նախագահական ընտրություններից հետո ղարաբաղյան հարցում Մոսկվայի քաղաքականությունը որոշակի փոփոխությունների ենթարկվի:

«Գիտեք…յուրաքանչյուր պետության համար ամենասարսափելին դա էլիտայի բաժանումն է: Կարծում եմ, ե՛ւ´Պուտինը, ե՛ւ Մեդվեդեւը շատ լավ հասկանում են, թե դա ինչ խնդիրներ կառաջացնի Ռուսաստանի համար: Փաստորեն, դա կարող է հանգեցնել ազգային աղետի: Ուստի ռուսական էլիտայում մենք դժվար թե լուրջ հակամարտության ականատեսը լինենք: Կարծում եմ, որ ընտրություններից հետո Ռուսաստանի ռազմավարական գիծը Կովկասում կպահպանվի, որն իրենից ներկայացնում է հետեւյալը` Հայաստանը Ռուսաստանի կովկասյան քաղաքականության հիմքն է, Ռուսաստանը զարգացնում է իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, մինչեւ այն չի հակասում Հայաստանի հետ մեր ռազմավարական հարաբերություններին: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա Մոսկվայում, թերեւս, ակնկալում են այնտեղ տեսնել ուկրաինական սցենարի կրկնություն, եթե ոչ հարյուր տոկոսով, գոնե ինչ-որ չափով», - պատասխանեց Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG