Մատչելիության հղումներ

Հայաստանը առայժմ չի կարող դիմել «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրին


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչ
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչ
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը ուրբաթ օրը հայտարարել է, որ Հայաստանը այս պահին չի կարող դիմել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային նոր ծրագրի համար, քանի որ ընտրությունների եւ մի շարք այլ պատճառներով Հայաստանի ցուցանիշները չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին:

Այդ մասին ԱՄՆ դեսպանն ասաց ուրբաթ օրը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ Արագածոտնի մարզ կատարած այցելության ժամանակ` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին:

Այցի նպատակը մարզի Կարբի ու Նոր Եդեսիա համայնքներում «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կողմից երկու ջրանցքների վերականգնողական աշխատանքների արդյունքին ծանոթանալն էր:

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի 5-ամյա ծրագիրը Հայաստանում ավարտվում է այս սեպտեմբերին: Կորպորացիայի տնօրենների խորհուրդը դեռ 2009 թվականի հունիսին որոշեց դադարեցնել Հայաստանում իրականացվող ծրագրի ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը (մոտ 68 միլիոն դոլար), որով նախատեսվում էր վերականգնել շուրջ 350 կիլոմետր գյուղական նշանակության ճանապարհներ: Հայաստանում շարունակեցին իրականացնել գյուղական վայրերում ոռոգման համակարգերի վերանորոգման ենթածրագիրը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահական վերջին ընտրություններից հետո` 2008թ. մարտի 11-ին (մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո) «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նամակ էր ուղղել, որում, մասնավորապես գրել էր. - «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան իրավունք ունի կասեցնելու կամ դադարեցնելու Հայաստանի հետ կնքված համաձայնագիրը, եթե լուրջ քաղաքական հետընթաց է տեղի ունենում, եւ այս նամակը պաշտոնական զգուշացում է, որ վերջին իրադարձությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի՝ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից ֆինանսավորմանը համապատասխանելու վրա»:

Դեսպանը այսօր ասաց, թե միգուցե հետագայում հնարավոր լինի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի նոր ծրագիր իրականացնել Հայաստանում:

«Ամեն տարի քննարկվում է, թե տվյալ երկիրը կարո՞ղ է դիմել: Այս պահին Հայաստանը չի կարող դիմել երկրորդ ծրագրի համար` որոշ ցուցանիշների պատճառով: Կարծում եմ` սա նաեւ խթան պետք է լինի, որպեսզի աշխատանք իրականացվի այն ցուցանիշների մասով, որոնք չեն համապատասխանում [հիմնադրամի պահանջներին], մասնավորապես` լավ կառավարման ասպարեզում», - ասաց դեսպանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան դեսպանը պարզաբանեց. - «Այն, ինչ ես ցանկանում էի ասել, թե ինչ է նշանակում «լավ կառավարում»… այդ մասին ցուցանիշները մենք կարող ենք տրամադրել, դրանք հրապարակային տվյալներ են, եւ դրանք առնչվում են տարբեր ոլորտներին ու այդ թվում, ակնհայտորեն, ընտրություններին: Եվ հիմա, երբ Հայաստանը մուտք է գործում ընտրական նոր շրջան` գալիք տարի խորհրդարանական ընտրություններ են, 2013 թվականին` նախագահական ընտրություններ, ապա հնարավորություն կա բարելավելու այս ցուցանիշները: Իհարկե, ընտրությունների անցկացումը կարեւոր ցուցանիշ է, բայց կարեւոր է նաեւ մամուլի ազատությունը, հավաքների ազատությունը եւ այլ հարցեր, որոնք լավ կառավարման հիմք են կազմում»:
please wait

No media source currently available

0:00 0:04:37 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG