Մատչելիության հղումներ

Սահակյանը Շտայնմայերի հետ հանդիպմանը խոսել է բանակցություններին ԼՂ-ի մասնակցության կարևորության մասին


Բակո Սահակյանի հանդիպումը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, Երևան, 30-ը հունիսի, 2016 թ․
Բակո Սահակյանի հանդիպումը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, Երևան, 30-ը հունիսի, 2016 թ․

Պաշտոնական Բաքուն արդեն արձագանքել է ԼՂ նախագահի հետ ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպմանը:

Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը՝ ԼՂ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, այսօր Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, որի ընթացքում ղարաբաղյան կողմը բարձրացրել է Ստեփանակերտի՝ բանակցություններին լիարժեք մասնակցության հարցը:

Հանդիպումից հետո ԼՂ արտգործնախարար Կարեն Միրզոյանը լրագրողներին ասաց, որ զրույցը տեղի է ունեցել անկեղծ մթնոլորտում, ղարաբաղյան պատվիրակությունը բարձրացրել է Ստեփանակերտին բանակցային գործընթաց վերադարձնելու հետ կապված «երկու կարևոր հարց»։

Բակո Սահակյանը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից, նաև ընդգծել է բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ Ղարաբաղի լիիրավ մասնակցությամբ: «Այսօր առանց արցախյան կողմի լիարժեք մասնակցության բանակցային գործընթացում անհնար է ապահովել լուրջ առաջխաղացում: Դա նորություն չէ ԵԱՀԿ-ի համար, մենք ևս մեկ անգամ ներկայացրեցինք, և դա նկատի առնվեց»,- ասաց Կարեն Միրզոյանը։

Քննարկված երկրորդ գործոնը, որը թույլ կտա վերսկսել բանակցությունները՝ տարիներ շարունակ ձգձգվող ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության վերջնական լուծման համար, շփման գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների մշակումն ու ներդրումն է։ Շտայնմայերի հետ հանդիպմանը Ղարաբաղի նախագահը կարևորել է նաև այդ հարցի շուտափույթ լուծումը։

ԼՂ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը նաև հիշեցրեց՝ ԵԱՀԿ-ի կողմից հակամարտող կողմերին արված այս առաջարկի մասին իրենք խոսում են դեռևս 2000 թվականից։ Դրա իրագործումը թույլ կտա ոչ միայն վստահության մթնոլորտ ձևավորել, այլև դրանով ճանապարհ կհարթվի բանակցային գործընթացն անխափան կերպով առաջ տանելու համար:

«Ղարաբաղյան կողմը կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հարցը՝ որպես բանակցությունների վերսկսման հնարավորություն»,- ասաց Միրզոյանը։ Ղարաբաղի արտգործնախարարը նաև նշեց, որ ԵԱՀԿ գործող նախագահի ուշադրությունն են հրավիրել հակամարտության լուծման ձգձգման հետևանքներին՝ տարիներ շարունակ ոտնահարվում են Ղարաբաղի ժողովրդի իրավունքները,- ըստ Միրզոյանի, Շտայնմայերին ասել է Ղարաբաղի նախագահը։

Հիշեցմանը, որ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող Ֆրանսիան նախօրեին հայտարարել է ղարաբաղյան բանակցությունների համար հարթակ տրամադրելու պատրաստակամության մասին, Միզրոյանը պատասխանեց՝ «Կարևոր է, որ հանդիպում լինի, անկախ վայրից: Կարևոր է, որպեսզի դրա ընթացքում հնարավոր լինի ձեռք բերել պայմանավորվածություններ այն ձևաչափերի շուրջ, որոնք թույլ կտան վերսկսել բանակցային գործընթացը: Այսօր կա փոխըմբռնում թե՛ հայկական կողմի, թե՛ միջազգային հանրության, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Որքան շուտ այդ գաղափարը հասկանա ադրբեջանական կողմը, այնքան շուտ մենք կկարողանանք առաջ տանել գործընթացը»։

Բակո Սահակյանը ԵԱՀԿ գործող նախագահին նաև առաջարկել է այցելել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։ «Որովհետև, հենց Ղարաբաղն է հակամարտության հիմնական կողմը»,- ընդգծեց Բաբայանը։ Ինչպե՞ս է Շտայնմայերն արձագանքել Բակո Սահակյանի՝ ԼՂ-ն բանակցությունների սեղան վերադարձնելու առաջարկին: Այս հարցին ի պատասխան, Դավիթ Բաբայանն ասաց՝

«Նրանք հասկանում են դրա կարևորությունը առանց նույնիսկ արտահայտվելու, որովհետև, ի վերջո, ո՞նց կարող է որոշվել մի երկրի ճակատագիրն առանց այդ երկրի ներկայացուցիչների հետ ուղիղ բանակցություններ վարելու կամ առանց նրանց մասնակցության։ Դա անհեթեթություն է։ Բայց նույն ԵԱՀԿ-ն ինչ-որ ձևով դառել է Ադրբեջանի պատանդը, այդ հիստերիկ պահվածքի, և մինչև լիարժեք ձևաչափը վերականգնվի, ահագին ժամանակ է պետք լինելու և աշխատանք»։

Երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը Շտայնմայերը հույս էր հայտնել, որ ղարաբաղյան բանակցություններն այս տարի կվերսկսվեն։ Նալբանդյանն անմիջապես արձագանքել էր՝ բանակցությունները հնարավոր կլինի վերսկսել միայն այն դեպքում, եթե ադրբեջանական կողմը հարգի եռակողմ անժամկետ զինադադարի մասին համաձայնագրերն ու համապատասխան պայմաններ ստեղծվեն՝ իրականացնելու այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում։

Իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ այդ պայմանների չկատարման դեպքում բանակցությունների վերսկսումն իմաստ չունի: «Կհանդիպենք այնքան, մինչև որ ռեալություն լինի: Մեզ համար կարևորագույն խնդիրը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցն է»,- ասաց Բաղդասարյանը։

Պաշտոնական Բաքուն արդեն արձագանքել է Ղարաբաղի նախագահի հետ ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպմանը՝ այն որակելով որպես «Ղարաբաղի հայկական համայնքի ներկայացուցչի հետ հանդիպում»։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսնակ Հիքմեթ Հաջիևն ասել է, թե Շտայնմայերը Բաքվում կհանդիպի նաև Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG