Մատչելիության հղումներ

Զինվորին ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրգործը կարճվեց


Արթուր Հակոբյան, արխիվ
Արթուր Հակոբյան, արխիվ

Արթուրի հարազատները տարակուսած են՝ այդ դեպքում ինչո՞ւ է առողջ վիճակով բանակ զորակոչված երիտասարդը հոգեկան հիվանդություն ձեռք բերել և կարճ ժամանակ անց զորացրվել:

Առողջ վիճակով բանակ զորակոչված, սակայն յոթ ամիս անց հոգեկան հիվանդության պատճառով բանակից ազատված 19-ամյա Արթուր Հակոբյանին ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցադեպի բացակայության պատճառով:

Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ Նշված դեպքով քրգործը կես տարուց ավելի քննելուց հետո իրավապահները եկել են եզրահանգման, որ զինվորի մատնանշած՝ ենթադրաբար բռնություն գործադրած անձը կապ չունի Հակոբյանի հիվանդության հետ:

Արթուրի մորաքույրը՝ Ռիտա Հակոբյանը տարակուսած է՝ փաստորեն, ստացվում է, որ զինվորին ո՛չ ծեծել են, ո՛չ էլ նվաստացրել, մինչդեռ, իր աչքով է տեսել զարմիկի գլխի վնասվածքը։ Իսկ մորաքրոջ հարցին՝ ինչո՞ւ է առողջ վիճակով բանակ զորակոչված տղան հոգեկան հիվանդություն ձեռք բերել, մինչ օրս որևէ մեկը պատասխան չի տվել։

Զինվորի ընտանիքը վերհիշում է, թե պատանին ինչ սիրով Ռուսաստանից Հայաստան վերադարձավ ու «ժպիտը դեմքին» բանակ գնաց։ Իսկ հիմա օրական մի քանի անգամ ուշագնաց է լինում և ուշքի գալուց հետո ամեն անգամ գումարտակի հրամանատար Ջիվան Մկրտչյանի անունն է տալիս: Մկրտչյանը, ըստ զինվորի ընտանիքի, պարբերաբար ծեծել է Արթուրին, ինչից հետո էլ վերջինս հայտնվել է հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում։ Զինվորի բնակարան «Ազատության» այսօրվա այցի ժամանակ ևս Արթուրը ուշագնաց եղավ։ Մինչ շտապօգնության բրիգադի ժամանումը, մորաքույրն ու հարևանուհին կարողացան ուշքի բերել տղային։

«Գործը կոծկելու» մասին Արթուր Հակոբյանի հարազատները վաղուց էին խոսում։ Զինվորի փաստաբան Արա Ղարագյոզյանը ևս համարում է, որ Քննչական կոմիտեն կոծկել է գործը։ Փաստաբանը շեշտում է՝ իրավապահաներն այդպես էլ առերեսում չկազմակերպեցին, Արթուրի պնդմամբ, իրեն պարբերաբար ծեծի ենթարկած հրամանատարի հետ, «որպեսզի չհիմնավորվի ծեծի փաստը»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ զինված ուժերում թիրախ են դառնում հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների զավակները։ Իրավապաշտպանը նշում է՝ պաշտպանության նախարարությունը պարտավոր է հոգալ զինվորի բուժման ծախսերը, «մինչդեռ Արթուրը մինչ այժմ տնային պայմաններում է բուժվում»։

Արթուրի փաստաբանն այժմ պատրաստվում է բողոք ներկայացնել դատախազություն՝ քրգործը «անհիմն կարճելու» համար։ Եթե դա էլ չօգնի, Ղարագյոզյանը կդիմի Եվրոպական դատարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG