Մատչելիության հղումներ

«Իսկական շոկ»․ Միացյալ Թագավորությունը դարձավ ԵՄ-ն լքող առաջին պետությունը


Մեծ Բրիտանիա - Լոնդոնի կենտրոնական փողոցներից մեկում, 24-ը հունիսի, 2016թ․
Մեծ Բրիտանիա - Լոնդոնի կենտրոնական փողոցներից մեկում, 24-ը հունիսի, 2016թ․

Այժմ սկսվում է աշխարհի թերևս ամենաբարդ ապահարզանի գործընթացը, փաստում են փորձագետները:

Իսկական շոկ կամ ապահարզան անգլիական ձևով՝ այսպես են մեկնաբանում Մեծ Բրիտանիայի երեկվա պատմական հանրաքվեն, որի արդյունքներով Միացյալ Թագավորությունը դարձավ Եվրամիությունը լքող առաջին պետությունը՝ 43 տարվա անդամակցությունից հետո:

Բրիտանացիների անակնկալ որոշմանը հետևեց Դեյվիդ Քեմերոնի կանխատեսելի հայտարարությունը. բաժանմանը դեմ վարչապետը պնդեց՝ հոկտեմբերից երկրի կառավարման ղեկը կհանձնի այլ առաջնորդի:

«Մեծ Բրիտանիայի ժողովուրդը որոշեց դուրս գալ Եվրամիության կազմից, և այդ ցանկությունը պետք է հարգվի: Ես դեմ էի, սակայն ժողովուրդն այլ ճանապարհ ընտրեց, այդ իսկ պատճառով, կարծում եմ՝ մեր երկրին պետք է նոր ղեկավարություն, որը կարող է առաջնորդել մեզ այս նոր ճանապարհով», - ասաց Քեմերոնը:

Այժմ սկսվում է բարդ ու խճճված ապահարզանի գործընթացը՝ ցնցելով առաջին հերթին ֆինանսական շուկան: Հանրաքվեի արդյունքներից անմիջապես հետո բրիտանական ֆունտը ավելի քան 10 տոկոսով արժեզրկվեց դոլարի համեմատ՝ արձանագրելով ամենացածր ցուցանիշը 1985-ից ի վեր: Միջազգային շուկաներում ևս համատարած անկում է, ընդ որում՝ այն կարող է դեռ երկար շարունակվել, քանի որ փաստացի կողմերը պետք է առնվազն երկու տարի բանակցեն՝ ապահարզանի պայմանները որոշելու համար: Իսկ դրանք բավական բարդ են՝ առևտրի ոլորտում խաղի նոր կանոններ հաստատելուց մինչև վիզային ռեժիմի վերանայում:

Է՛լ ավելի դրամատիկ զարգացումներ են ակնկալվում, սակայն, քաղաքական դաշտում: Բրիտանացիների որոշումը կարող է բացել «Պանդորայի արկղը», նշում են փորձագետները, փաստելով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում զգալի ավելացել է դաշինքից դուրս գալու կողմնակիցների թիվը:

Ֆրանսիայում ազգայնական Լը Պենն արդեն հայտարարել է՝ հաջորդ տարվա ընտրություններում հաղթելու դեպքում առաջինը Եվրամիությունից բաժանման հարցն է դնելու, Իտալիայում նույնն է խոստանում երկրորդ ամենաբարձր վարկանիշն ունեցող կուսակցությունը։

«Բրիտանիայի ժողովուրդը հաղթեց Լոնդոնի ու Բրյուսելի քաղաքական գործիչներին, ժամանակն է, որ մենք նրանց հետևենք», - հայտարարում է Նիդերլանդների Ազատության կուսակցության առաջնորդ, կոալիցիայի անդամ Գերտ Վիլդերսը: - «Բրիտանիայի ժողովուրդը երեկ քվեարկեց ազգային ինքնիշխանության, սեփական երկրի վերածննդի օգտին, և ես կարծում եմ՝ նույնը կուզեն նաև հոլանդացիները, որպեսզի կարողանան իրենք տնօրինել իրենց սեփական բյուջեն, իրենց երկիրը, իրենք վերահսկեն իրենց սահմանները կամ որոշեն ներգաղթի քաղաքականությունը։ Այնպես որ, Հոլանդիայում էլ պետք է Nexit անցկացնենք որքան հնարավոր է շուտ»։

Փախստականների խնդիրն ու ու Ռուսաստանի հետ տարաձայնությունները չհաղթահարած Բրյուսելում, մինչդեռ, հավաստիացնում են՝ չէին սպասում, բայց կդիմանան նաև այս հարվածին:

«Բրիտանացիները կայացրին իրենց որոշումը, այժմ մեր խնդիրն է մնալ հզոր ու կենսունակ», - հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: - «Չեմ թաքցնի՝ մենք այլ որոշում էինք ակնկալում, ես լիովին գիտակցում եմ, թե ինչ լուրջ ու դրամատիկ պահ է սա քաղաքական առումով, անշուշտ, բոլոր հետևանքները այժմ չենք կարող կանխատեսել, սակայն հստակ է՝ հիմա հիստերիկ արձագանքների ժամանակը չէ, այն, ինչ չի սպանում մեզ, դարձնում է առավել ուժեղ»:

«Հիմա մեր խնդիրն է անցումն անել որքան հնարավոր է սահուն», - փաստեց եվրոյի գոտու երկրորդ ամենամեծ տնտեսությունն ունեցող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ - «Բրիտանիայի ժողովրդի քվեարկությունը բարդ քննություն է Եվրոպայի համար, մենք պետք է միասնական լինենք այս պայմաններում, ցույց տանք մեր ուժը և համարժեք քայլեր ձեռնարկենք՝ տնտեսական ու ֆինանսական վտանգներին դիմակայելու համար»։

Սա հարված էր Եվրոպային ու եվրաինտեգրման գործընթացին՝ իր հերթին, փաստեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ կոչ անելով սառը դատել ու հապշտապ որոշումներ չկայացնել։ «Թե ինչ հետևանքներ կունենա այս հանրաքվեն հաջորդ ամիսների ու տարիների ընթացքում՝ կախված է այն բանից, թե արդյոք մենք՝ դաշինքի մնացած 27 անդամներս, կկարողանանք և կցանկանանք զերծ մնալ արագ ու հեշտ տրվող որոշումներից, որոնք կարող են է՛լ ավելի բաժանել Եվրոպան, արդյոք կկարողանանք սառնասրտորեն վերլուծել ու գնահատել իրավիճակը՝ միասին ճիշտ որոշումներ կայացնելու համար», - ասաց Գերմանիայի կանցլերը։

Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ Մերկելը Բեռլինում արտահերթ հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի, Իտալիայի և Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Մինչ այդ, խորանում են բաժանարար գծերը հենց Միացյալ Թագավորությունում: Քիչ առաջ Էդինբուրգը հայտարարեց, թե պատրաստվում է երկրորդ անգամ անկախության հանրաքվե անցկացնել, փաստելով՝ շոտլանդացիները դեմ են եղել Եվրամիությունից դուրս գալուն և չեն ուզում, որ այս հարցում իրենց ճակատագիրը որոշվի անգլիացիների կամոք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG