Մատչելիության հղումներ

Հալեպում ևս մեկ հայ է զոհվել


Հալեպի հրթիռակոծված թաղամասերից մեկում:
Հալեպի հրթիռակոծված թաղամասերից մեկում:

Նոր Գյուղ թաղամասի հրթիռակոծության հետևանքով զոհվածը, «Գանձասար» թերթի թղթակից Զարմիկ Պողիկյանի փոխանցմամբ, համայնքի ակտիվ անդամներից էր: Երեկ երեկոյան հրթիռակոծվել են Հալեպի մի շարք թաղամասեր, այդ թվում հայաբնակ Սուլեյմանիեն ու Նոր Գյուղը։

«Ինքը նվիրյալ տղա էր, որ կծառայեր համայնքին», - նշեց Պողիկյանը՝ հավելելով, որ անցյալ տարի Հալեպում զոհվել էր նաև Րաֆֆի Փչախչյանի եղբայրը:

«Գանձասարի» փոխանցմամբ՝ վերջին շրջանում հայկական թաղամասերը զինյալների թիրախում են։ Երեկ երեկոյան հրթիռներ էին ընկել Նոր Գյուղ թաղամասի, նաև Սուլեյմանիեի արհեստավորական կենտրոնի վրա։ Իսկ նախօրեին նույն թաղամասի հրթիռակոծության հետևանքով վնասվել էր Կյուլպենկյան ազգային վարժարանը։ Ավարտական միջոցառման համար վարժարան եկած հայ աշակերտներից մեկը վիրավորվել էր։

«Առաքել Թերզյանը վիրավորվեց: Բայց թեթև վերք էր: Բարեբախտաբար բուժվեց և հիմա լավ է վիճակը», - փոխանցեց Զարմիկ Պողիկյանը:

Արդեն տևական ժամանակ է Հալեպում ջրի ու էլեկտրաէներգիայի խնդիրը ևս չի լուծվում։ Ազիզիե թղամասում բնակվող Մայդա Բակկալյանի խոսքով, ամեն օրը նոր զրկանքներ է բերում։ «91-ամյա մայրիկին թողնել ու Հալեպից դուրս գալ չենք կարող, ստիպված ենք ապրել տարրական պայմաններից զուրկ ու վախը սրտներումս», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Բակկալյանը:

Երեկ Թեհրանում Սիրիայի, Իրանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ կողմերը հայտարարել են, որ անհրաժեշտ է Սիրիայում արմատախիլ անել ահաբեկչությունը։ Ռուսաստանում Սիրիայի դեսպանը, «Նովոստի» ռուսաստանյան գործակալության հաղորդմամբ, ասել է, որ սիրիական բանակը ռուսական օդուժի աջակցությամբ առաջիկայում շարժվելու է Հալեպի ուղղությամբ․ - «Հալեպի մեջ տեղի կունենա գլխավոր ճակատամարտը, և այդ ճակատամարտը հաղթելը կնշանակի ահաբեկչական բոլոր խմբավորումների պարտությունը»:

Սիրիական պատերազմի հինգ տարիների ընթացքում, պաշտոնական տվյալներով, 220 հազար մարդ է զոհվել։ Զոհված հայերի թիվն անցել է 150-ից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG