Մատչելիության հղումներ

ՀՀ կառավարությունում քննարկվելու է Հայաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմը վերացնող համաձայնագիրը


Իրանցի զբոսաշրջիկները Երևանի Հյուսիսային պողոտայում:
Իրանցի զբոսաշրջիկները Երևանի Հյուսիսային պողոտայում:

Եթե փաստաթուղթն արժանանա հավանության, հարևան պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով, առանց մուտքի արտոնագրի, կարող են «մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել Հայաստանի և Իրանի տարածքում մինչև 90 օր ժամկետով 180 օրվա ընթացքում»:

Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի խոսքով, համաձայնագրի գլխավոր նպատակներից մեկը զբոսաշրջության խթանումն է:

«21 օր տևողությամբ վիզայի պետական տուրքը սահմանված է ընդամենը 3 հազար դրամ, 120 օր տևողությամբ վիզայի համար՝ 15 հազար դրամ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ապրեսյանը՝ հավաստիացնելով, թե փոփոխությունը էական նշանակություն կունենա․ - «Միայն գումարի հարց չէ, այստեղ նաև վերաբերմունքի հարց է: Եվ ժամանակ է տնտեսվում, որովհետև, եթե վիզա պետք է ստանա, սահմանին երկու գործողություն են անում»:

Երևանի փողոցներում այսօր այքան էլ շատ իրանցիների չհանդիպեցինք։ Հարևան երկրից տուրիստների հիմնական մասը Հայաստան է այցելում մարտին՝ Նովրուզը նշելու։

Հայաստան ամռանն այցելած իրանցի Հոսեյնն ու իր ընկերները մուտքի արտոնագրի վերացման գլխավոր առավելությունը թղթաբանության նվազումն են համարում․ - «Շատ լավ կլինի, ավելի շատ տուրիստներ կգան։ Սահմանին քաշքշուկը կքչանա։ Վիզայի գինն էական նշանակություն չունի, սակայն վիզա որ չլինի, Հայաստանն իրանցիների տան նման կդառնա»։

Հյուսիսային պողոտայում զբոսնող նույն խմբից Ամիրն ընդգծում է. - «Առաջին հերթին սահմանին ժամանակ չենք վատնի։ Ու բացի այդ, ես մուտքի արտոնագրի վերացումը դիտում եմ որպես երկու երկրների մտերմության նշան»։

Իրանցի մեկ այլ զբոսաշրջիկ պատմում է, որ սահմանին մուտքի արտոնագիր ընդամենը 5 րոպեում է ստացել, և արտոնագիրը խոչընդոտ չի համարում Հայաստան այցելելու համար․ - «Չեմ կարծում, որ արտոնագրի վերացմամբ տուրիստների հոսքի զգալի աճ կլինի, բայց, միևնույն ժամանակ, նրանք, ովքեր որոշել էին Հայաստան գալ՝ ավելի հեշտ կգան»։

Հարցին, թե ինչպիսի փոփոխություններ կցանկանային իրանցիները, որպեսզի ավելի հաճախ այցելեն Հայաստան, Ամիրն արձագանքեց․ - «Կուզեի, որ Հայաստան մուտք գործելուց գոնե քարտեզ տային։ Բացի այդ, գիդերը չթանկացնեին ծառայությունները, երբ իմանանում են, որ տուրիստ ենք։ Մեզ հեշտ է, մենք արդեն ամեն ինչի ծանոթ ենք, բայց առաջին անգամ եկողը բախվում է նման խնդրի»։

Վերջերս առանց մուտքի արտոնագրի ռեժիմ է սահմանվել Վրաստանի և Իրանի միջև: Հարցին, թե արդյոք Վրաստանը զբոսաշրջության առումով լուրջ մրցակից չի դառնա Հայաստանի համար, պաշտոնյան արձագանքեց․ - «Իհարկե, ինչ-որ առումով Վրաստանը մեզ մրցակից է, որպես զբոսաշրջային երկիր։ Իհարկե, աշխարհագրական դիրքով Վրաստանն ունի մրցակցային առավելություն՝ ծովի ելք, նաև մեզ նման չունի փակ սահմաններ»:

Լուծումը Մեխակ Ապրեսյանը տեսնում է տարածաշրջանային միասնական զբոսաշրջային արդյունքի գաղափարի մեջ․ - «Հիմնականում հեռավոր երկրներից, նաև Իրանից արդեն զբոսաշրջիկները այցելում են միանգամից երկու երկիր: Դա շատ ավելի հետաքրքիր է լինում: Եվ նույնիսկ մենք քննարկում են Հայաստան-Վրաստան-Իրան միասնական զբոսաշրջային արդյունք: Եվ ոչ միայն քննարկում ենք․ մասնավոր հատվածը արդեն սկսել է և բավական ակտիվ այդ ուղղությամբ աշխատում է»:

Հայաստան այցելող զբոսաշրջիկների ցանկում Իրանի քաղաքացիները չորրորդն են․ առաջին հորիզոնականում Ռուսաստանից եկողներն են (45 տոկոս), երկրորդում տեղում Վրաստանի, երրորդում՝ Եվրամիության երկրների քաղաքացիներն են:

Նախորդ տարի Հայաստանը ավելի քան 140 հազար զբոսաշրջիկ է ընդունել Իրանից: Այս տարվա առաջին եռամսյակի տվյալները գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG