Մատչելիության հղումներ

Թուրքիան փորձում է կանխել Բունդեսթագում Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը


«Սաբահ» պարբերականի հաղորդմամբ, Թուրքիայի արտգործնախարարությունը և Մեջլիսի արտաքին հարցերով հանձնաժողովը ջանքեր են գործադրում առաջիկա քվեարկության արդյունքի վրա ազդելու ուղղությամբ:

Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությունից հաշված օրեր առաջ Թուրքիայի իշխանությունները, ըստ մամուլի, գործի են դրել ամենատարբեր լծակներ՝ բանաձևի ընդունումը կանխելու համար:

Ակտիվ քայլեր է ձեռնարկում նաև թուրքական մայր ընդդիմությունը․ Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըշտարօղլուն նամակներ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և քաղաքական կուսակցությունների առաջնորդներին՝ պահանջելով խորհրդարանի օրակարգից հանել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Քըլըշտարօղլուն մտահոգություն է հայտնել, թե դրա ընդունումը կարող է անդառնալի վնաս հասցնել թուրք-գերմանական հարաբերություններին՝ ընդգծելով, թե 1915 թվականի իրադարձությունների ուսումնասիրությամբ պետք է զբաղվեն պատմաբանները:

«Պատմության շարադրումն ու մեկնաբանումը խորհրդարանի գործը չէ և չի կարող լինել», - գրել է թուրք ընդդիմադիր գործիչը:

Բունդեսթագում քվեարկվելիք բանաձև հարուցել է նաև գերմանաբնակ թուրքերի դժգոհությունը․ շաբաթ օրը Բեռլինում բողոքի երթ են անցկացրել շուրջ քսան թուրքական միություններ՝ պահանջելով չընդունել բանաձևը: Ցուցարարները նաև գերմանացի օրենսդիրներին կոչ են արել չվտանգել թուրք-գերմանական բարեկամական հարաբերությունները:

Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի կարծիքով, մինչդեռ, Հայոց ցեղասպանության ճանաչումը կնպաստի տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, հայ և թուրք ժողովուրդների հաշտեցմանը:

«Գերմանիայի օրենսդիր մարմինը պետք է գնահատական տա Գերմանական կայսրության դերին, որն այն ժամանակ եղել է Օսմանյան Թուրքիայի դաշնակիցը և չի կանխել կատարված ոճրագործությունները», - այս ամիս ավելի վաղ Երևանում հայտարարել էր Բուլմանը:

Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին բանաձևը, որը Բուդեսթագում քվեարկության է դրվելու հունիսի 2-ին, մշակվել է քրիստոնեա-դեմոկրատների և քրիստոնեա-սոցիալիստների միության, կանաչների ու սոցիալ-դեմոկրատների կողմից:

Թուրքական մամուլը գրում է, որ առաջիկա քվեարկությունը կարող է բեկումնային դառնալ երկու երկրների հարաբերություններում:

XS
SM
MD
LG