Մատչելիության հղումներ

Հրթիռակոծվել է Հալեպի Նոր Գյուղ հայկական թաղամասը


Հալեպում անցած գիշերը շարունակվել են ռազմական գործողությունները զինյալների ու կառավարական զորքերի միջև:

Հալեպում տպագրվող «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանի փոխանցմամբ՝ վիճակն աղետալի է, հայաբնակ Նոր Գյուղը երեք օր ի վեր հրթիռակոծվում է․ - «Նոր Գյուղի պատկերը եթե տեսնեք․․․ թերևս համաշխարհային պատերազմին այսքան ավերակ չէր եղած»:

Զինյալ խմբավորումների արձակած հրթիռներից երեկ Նոր Գյուղում զոհվել է 4 մարդ, կան տասնյակ վիրավորներ, ավերվել են բազմաթիվ բնակելի տներ։

Իսկ անցած ուրբաթ, Պողիկյանի փոխանցմամբ, հրթիռակոծությունից զոհվել է Նոր Գյուղում «Վերժին Կյուլպենկյան» հիվանդանոցում գտնվող ծերանոցի աշխատակից Մարալ Քյուլլիկյանը։

Հայկական ծերանոցից մոտ 50 ծերեր տեղափոխվել են առավել ապահով վայր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Հալեպահայ լրագրողը փոխանցում է, որ այսօր ցերեկը վիճակը համեմատաբար հանդարտվել է։

«Հալեպում չկա գեթ մեկ թաղամաս, որտեղ իրավիճակը հանդարտ լինի», - ասում են արդեն 5 տարի շարունակվող պատերազմի կիզակետում գտնվող սիրիահայերը։

Մայդա Բակկալյանի տունը Նոր Գյուղ թաղամասից հեռու Ազիզյե կոչվող թաղամասում է։ Կինն ասում է, որ թեժացած բախումների հետևանքով քանի օր է քաղաքը զրկված է խմելու ջրից և էլեկտրականությունից։

«Ամեն վայրկյան վտանգի մեջ ենք։ Դժվարին օրերի մեջ ենք», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Բակկալյանը:

Մայդա Բակկալյանն ասում է, որ քաղաքում մնացել են տարեցներն ու նրանք, ովքեր պատերազմի դաշտի վերածված քաղաքում կարողանում են հոգալ օրվա հացը։ Ինքն ու ամուսինը ապրում են համայնքի աջակցության շնորհիվ, և հայրենիք գալու մտադրություն չունեն, քանի որ Հալեպից հեռացած հարազատները սոցիալական խնդիրների են հանդիպել Հայաստանում։ Հավելեց, որ Հայաստանում ապաստանած իր քույրերն անհամբեր սպասում են իրավիճակը հանդարտվելուն, որպեսզի վերադառնան Հալեպ:

Սիրիական հակամարտության ընթացքում Հայաստանի իշխանությունները աջակցություն են ցուցաբերել հիմնականում Հայաստան ժամանած սիրիահայերին։ Մինչդեռ Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանի կառավարությունը պետք է նաեւ գումարներ ծախսեր Սիրիայից տարհանելու այն հայերին, ովքեր ի վիճակի չէին ինքնուրույն դա անել:

«Ես լուրջ կասկածներ ունեմ, որ չեն կարող էվակուացնել, որովհետև եթե փնտրում ես, միշտ կգտնես ճանապարհը, հատկապես որ Սիրիայում այդ ճանապարհները կան: Ինչի՞ չեն կարող․․․ գումար ծախսելու խնդիր է, պետք է ծախսվի: Այստեղ շատ կարևոր բան կա․ եթե ցանկություն կա էվակուացվելու, ապա մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, այդ ցանկությունը պիտի բավարարենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, տարիներով ձգվող այս հակամարտության հանգուցալուծմանն ուղղված բանակցությունները դժվար լուրջ արդյունք արձանագրեն․ - «Որովհետև այն հիմնական հարցերը, որոնք իրականում գոյություն ունեն Սիրիայում, դրանք կապված են այն ուժերի ներկայության հետ, որոնք որևէ բանակցությունների պատրաստ չեն և չեն ուզում, և հենց այդ ուժերի գոյությունն է, որ ընդդմադիրներին, որոնք կտրուկ հակաասադյան դիրքորոշում ունեն, ուժ են տալիս դրանց»:

Սիրիական պատերազմի պատճառով հայկական ամենամեծ գաղութը գրեթե դատարկվել է․ Հալեպից հեռացել է համայնքի մոտ 70-80 տոկոսը։ Հայկական համայնքն արդեն հարյուրից ավելի զոհ է տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG