Մատչելիության հղումներ

Հայաստանի դպրոցներում «Վերջին զանգը» սկսվել է լռության րոպեով


Լռության րոպեն Արմավիր մարզի Գետաշեն գյուղի դպրոցում: 27-ը մայիսի, 2016 թ․
Լռության րոպեն Արմավիր մարզի Գետաշեն գյուղի դպրոցում: 27-ը մայիսի, 2016 թ․

Շուրջ 25 հազար 12-րդ դասարանցիներ մեկ րոպե լռությամբ հարգել են ապրիլյան բախումներում զոհված զինծառայողների հիշատակը:

Արմավիրի մարզում Թուրքիային սահմանակից Գետաշեն գյուղի դպրոց այցելած Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը «Ազատության» հարցին, թե խոստացել էր ուսումնասիրել անցած շաբաթ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հայտարարությունը կոնկրետ դպրոցներում դրամահավաքի վերաբերյալ, ասաց, թե ստեղծված հատուկ հանձնաժողովը զբաղվում է այդ հարցով:

Նախարարի խոսքով, աշակերտներն իրենք են ցանկանում ճոխ նշել «Վերջին զանգը»: Մկրտչյանը փոխանցեց, որ 300-400 աշակերտ նախարարություն էին գնացել՝ հավաստիացնելու, թե տնօրենները կապ չունեն դրամահավաքի հետ:

«Ազատության» հարցին՝ բացառո՞ւմ է, որ աշակերտների այդ հայտարարությունները կարող էին ուղղորդված լինել ուսուցչական կոլեկտիվների կողմից, գուցե կա՞ն ապօրինի դրամահավաք կազմակերպող տնօրեններ, նախարարը պատասխանեց, թե չի բացառում, բայց փաստեր չունի․ - «Այդ նույն ժամանակ մեր «թեժ գծում» առաջին անգամ սկսեցին հայտնվել շատ զանգեր, որոնք սկսեցին ասել, որ թողեք, որ երեխաները հանգիստ նշեն, ինչու ենք խանգարում, ինչու ենք հարամում»:

Մկրտչյանն ասաց, որ ինքը բազմիցս ծնողներին կոչ է արել «Վերջին զանգ»-ն ամանորյա սեղանների մրցակցության չվերածել, շեշտելով, որ ծնողական կոմիտեների անդամները նույնպես պետք է նվազեցնեն ավարտական միջոցառման ծախսերը:

Մինչ տնօրենը դպրոցի հետնաբակում խորովածի սեղան էր բացել դպրոց այցելած Արմավիրի մարզպետի, Կրթության և գիտության նախարարի, Ագրարային համալսարանի ռեկտորի ու մյուս հյուրերի համար, «Ազատություն»-ը դպրոցի բակում զրուցեց աշակերտների հետ: Եթե մայրաքաղաքում աշակերտներն օրեր առաջ ասել էին, թե ավարտական խնջույքի և «Վերջին զանգի» համար շուրջ 70-75 հազար դրամ են հավաքում, Գետաշենի դպրոցի աշակերտները սահմանափակվում են 5-30 հազարի սահմաններում՝ վստահ, որ նշելու են «շատ ճոխ»:

Գետաշենցի 46-ամյա Լաուրա Ղազարյանի երկրորդ դուստրն է այսօր ավարտել 12-րդ դասարանը: «Ազատության» հետ զրույցում նա նեղսրտեց՝ իր մտահոգություններն այլ են․ երեխաները գնում են Երևան կրթություն ստանում, վերադառնում են գյուղ ու անգործ նստում: Նրա ամուսինն ու ավագ որդին այս պահին արտագնա աշխատանքի են մեկնել: Ասաց՝ մեծ խնջույք չեն կազմակերպում, ռեստորանների փոխարեն գյուղում բոլորն իրենց տներում են նշում այս օրը, ավարտական երեկոն էլ դեռ հարց է՝ կնշե՞ն, թե՞ ոչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG