Մատչելիության հղումներ

Օհանյան․ «Մենք լուրջ աշխատանք ենք տարել բանակի կարողությունների բարձրացման ուղղությամբ»


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հավաստմամբ, Հայաստանի և Ղարաբաղի սահմաններում վերջին շրջանում խաղաղ վիճակ է։ Փոքր Մհեր կրթահամալիրում Վերջին զանգի արարողությունից հետո Սեյրան Օհանյանը պատասխանեց հարցին, թե արդյոք ՊԲ-ն քայլեր ձեռնարկում է Ադրբեջանին զիջած 800 հեկտարը վերադարձնելու համար։

«Ես բազմիցս ասել եմ՝ դրանք գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումների վերահսկողության ներքո», - ասաց Օհանյանը:

Նախարարը չմանրամասնեց, ինչ նկատի ունի «վերահսկողության ներքո գտնվել» ասելով։ Օհանյանը ևս մեկ անգամ հաստատեց. շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը արձանագրող սարքերի տեղադրմանը Հայաստանը կողմ է․ - «Մեր ցանկությունը մեկն է, որ դրանք արագ տեղադրվեն, որովհետև վերջին տարիներին մենք բազմիցս ասել ենք և մեր պատրաստակամությունն ենք հայտնել աջակցել այն ուղղությամբ, որպեսզի շփման գծում վստահության մթնոլորտը լինի, համապատասխան պայմաններ ստեղծվեն միջազգային հետաքննության անցկացման»:

Պաշտպանության բանակի առաջին հրամանատար Սամվել Բաբայանը, տարիներ շարունակ արտերկրում գտնվելուց հետո, վերադարձել է Հայաստան։ Արդյո՞ք հնարավոր է, որ նա բանակում կրկին պաշտոն զբաղեցնի, այս հարցին նախարարը պատասխանեց․ - «Դա իմ որոշելիքը չէ, հարցեր են վերջին ժամանակներս տրվում, թե ինչ կարող են անել: Յուրաքանչյուր ոք այսօր գտնվելով Հայաստանում, Արցախում, մեր լեռնաշխարհը համարելով իր հայրենիքը, կարող է իր ներդրումներն ունենալ այս կամ այն ծառայության մեջ: Զինվորական ծառայության առումով, ես չեմ կարող ասել, որովհետև այսօր մեր բոլոր պաշտոնները, հաստիքները համալրված են, և բանակի անձնակազմը, գեներալական կազմը իրենց խնդիրները կատարում են պատշաճ մակարդակի»:

Երեկ տված հարցազրույցում Սամվել Բաբայանը կարծիք էր հայտնել, որ 2011 թվականին Ղարաբաղի հարցով Կազանում հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները բոլորովին տարբեր հետևություններ արեցին, և մինչ Ադրբեջանը շարունակում էր զինվել, Հայաստանի քաղաքական ղեկավարությունը որոշում կայացրեց ուշադրությունն ավելի շատ կենտրոնացնել այլ խնդիրների վրա։ Սեյրան Օհանյանն այսօր արձագանքեց Սամվել Բաբայանի գնահատականին․ - «Գիտեք, ես անհատական տարբեր կարծիքների ուշադրություն չեմ դարձնում, կարծում եմ, որ այս տարիների ընթացքում մենք լուրջ աշխատանք ենք տարել մեր բանակի կարողությունների բարձրացման, ընդլայնման, կատարելագործման ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG