Մատչելիության հղումներ

Բուլղարացի պատգամավորներ. Ղարաբաղի հետ մերձեցումն անխուսափելի է


Պաշտոնական այցով Լեռնային Ղարաբաղ ժամանած բուլղարացի պատգամավորները հայտարարում են՝ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ուղղակի անհրաժեշտություն է: Պատվիրակությունը գլխավորող Վալերի Սեմյոնովը, ով ղեկավարում է «Հայրենասիրական ճակատ» խմբակցությունն ու «Փրկության ազգային ճակատ» կուսակցությունը, «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ հարաբերությունների մերձեցումն անխուսափելի է:

«Ես այսօր այստեղ եմ իմ 4 կուսակից պատգամավոր ընկերների հետ, որպեսզի առաջին անգամ անձամբ տեսնեմ Ղարաբաղն ու ծանոթանամ նրա ղեկավարության հետ: Այսօր մենք շատ ջերմ հանդիպումներ ունեցանք ԼՂ նախագահի ու ԼՂ ԱԺ նախագահի հետ, և կարծում եմ` երկու երկրների ժողովուրդների մերձեցումը լավ ապագա ունի: Առայժմ նույնը դժվար է խորհրդարանական մակարդակում, հասկանալի պատճառներով: Պետք է նաև ասեմ, որ Բուլղարիայում երկրորդ խորհրդարանական ուժը թուրքամետ է, բայց մեր հայրենասիրական կոալիցիայի և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հայրենասիրական ուժերի միջև հարաբերությունները, կարծում եմ, ապագայում անխուսափելիորեն դեպի մերձեցում են գնալու», - ասաց նա:

Սեմյոնովի գլխավորած խմբակցությունը 5-րդն է Բուլղարիայի խորհրդարանում, նա, սակայն, վստահեցնում է՝ փոքրաթիվ կուսակիցների հետ լուրջ հաջողություններ են գրանցել և զգալիորեն նվազեցրել են թուրքամետ ուժերի ազդեցությունը խորհրդարանում: Բուլղարացի պաշտոնյայի խոսքով, թեև Ադրբեջանը միջազգային ասպարեզում ակտիվ հակահայկական քարոզչություն է ծավալում՝ փորձելով Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր ու օկուպանտ, Բուլղարիայում մեծամասնությունը տեղյակ է հակամարտությունից, ու ադրբեջանական լոբբինգն այստեղ չի աշխատում:

«Բուլղարիան քրիստոնեական երկիր է: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ այստեղի իրադարձությունները շատ լավ արձագանք են ունենում Բուլղարիայում: Ես գիտեմ, որ իմ շրջապատում՝ ծանոթներս, ընկերներս, բոլորը Ղարաբաղի ժողովրդի կողմից են: Այնպես որ՝ երբեմն չարժե լուրջ վերաբերվել տարածվող տեղեկություններին: Ադրբեջանական հեռուստատեսություն մենք չենք դիտում, ադրբեջանական ռադիոկայաններ չենք լսում, ադրբեջանական թերթեր չենք կարդում», - ասաց բուլղարացի պատգամավորը:

Երեկ Լեռնային Ղարաբաղ այցելել ու քաղաքական ղեկավարության հետ էին հանդիպել նաև Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները:

Բուլղարական պատվիրակությանը այսօր Ստեփանակերտում ուղեկցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով, արտասահմանցի պատգամավորների պաշտոնական այցելությունները խոսում են այն մասին, որ միջազգային հանրությունը սկսում է աստիճանաբար ճանաչել Ղարաբաղի անկախությունը:

«Այդ տեղաշարժերը կան, հստակ տեղաշարժերը մենք ունենք, բայց մենք պետք է ավելի հասցեական և կոնկրետ աշխատենք՝ մեր դիրքորոշումները ավելի կոշտ հասցնենք մեր հակառակորդներին: Եվ դրա համար ամենօրյա աշխատանք է պետք», - նշեց պատգամավորը:

Մելքումյանի պնդմամբ, արտաքին աշխարհի հետ Ղարաբաղի մերձեցումը շատ օգտակար և երբեմն վճռորոշ ազդեցություն է ունենում հատկապես միջազգային տարբեր հարթակներում՝ հակահայկական բանաձևերին ու հայտարարություններին հակադարձելու ժամանակ:

«ԵԽԽՎ-ում Սեմյոնովը և՛ Սարսանգի, և՛ հակահայկական պրոյեկտներին դեմ է քվեարկել, նրանք մեր լավ բարեկամներն են: Իհարկե, իրենք իրենց կազմով հինգերորդն են պառլամենտում, դուք գիտեք, որ երկրորդ ուժը պրո-թուրքական ուժ է, բայց իրենք հենց իրենց պառլամենտի ներսում այդ քաղաքականությունը տանում են, բավականին հայանպաստ գործունեություն են ծավալել», - ասաց պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG