Մատչելիության հղումներ

Տավուշի գյուղերում մարդիկ վերջին կրակոցների հետևանքներն են գնահատում


Տավուշի սահմանագոտու գնդակոծվող տեղամասերից մեկը
Տավուշի սահմանագոտու գնդակոծվող տեղամասերից մեկը

«Գյուղի ամենամեծ խնդիրը խաղաղությունն է, բնակիչները ցանկանում են, որ խաղաղություն լինի»,- ասում են այգեպարցիները։

Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում մարդիկ վերջին օրերի կրակոցների հետևանքներն են գնահատում: Բաղանիսցի Լուսինե Ավագյանը պատմում է, որ ընդամենը 2 օր առաջ, ուշ երեկոյան, տան երկաթյա դարպասի ուղղությամբ ուժգին կրակոցներ են եղել։ Բարեբախտություն է համարում, որ այդ պահին իրենք բակում չեն գտնվել։ «11-ի մոտերքն էր։ Ես ու աղջիկս կինո էինք նայում։ Մի քանի ուժեղ կրակոցներ եկան, հետո մի հատը, որ ուժեղ թխկաց, դուրս եկա, տեսա՝ լսերը հանգած ա...»,- վերհիշում է Լուսինե Ավագյանը:

Սահմանամերձ գյուղերում մարդիկ իրենց տներ թափանցած բեկորները խնամքով պահում են, ասելով, թե մի օր դրանք միայն պատմություն են դառնալու սերունդների համար։ Բայց ապագա պատմության «նմուշներն» օրեցօր շատանում են։

Մեկ այլ սահմանամերձ գյուղում՝ Այգեպարում էլ մի քանի օր առաջ նոր պարկուճներ են գտել։ «Տուն չկա, որ խփած չլնեն...»,- ասում է Կոլյա Ադամյանը: Նա «Ազատությանը» պատմեց, որ օրեր առաջ կնոջ հետ երջանիկ պատահականությամբ են միայն ողջ մնացել՝ «Երկուսով տանն էինք, լամփուշկին խփեց, եկավ...»:

Սահմանամերձ Այգեպարում մինչև 90-ականները գինու, պահածոների ու այլ գործարաններ են աշխատել։ Նախկին բանվորական ավանը հողատարածքներ չունի։ Բայց այսօր ամենամեծ խնդիրը ոչ թե աշխատատեղերն ու հողերի բացակայությունն են համարում, այլ վտանգավոր սահմանը։ «Գյուղի ամենամեծ խնդիրը խաղաղությունն ա, բնակիչները ցանկանում են, որ խաղաղություն լինի․․․»։

Սահմանագոտում արդեն տասնամյակներ շարունակ կրակոցների սովոր հրամանատար Վարշամ Անդրեասյանն ասում է՝ իրենց դիրքերը հաճախ են հայտնվում հակառակորդի դիտակետում։ «Պատրաստ ենք, ամեն ինչի պատրաստ ենք... էսքան տղերքը որ ստեղ են, իրանց տանից-տեղից կտրված»,- ասում է հրամանատարը:

Թե՛ դիրքերում, թե ավելի ներքև՝ բնակավայրերում, ուշի ուշով հետևում են պաշտոնական հայտարարություններին և սպասում, որ մի օր վերջանալու է այս ամենը։ «Գնալու տեղ չունենք, ո՞ւր գնանք...»,- ասում են մարդիկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG