Մատչելիության հղումներ

HRW-ն ՎԶԵԲ-ի նախագահին հորդորում է Բաքվում բարձրացնել քաղբանտարկյալներին, լրագրողներին ազատ արձակելու հարցեր


Ըստ HRW-ի, Ադրբեջանը խախտում է Եվրոպական բանկի կանոնադրությամբ պահանջվող քաղաքացիական և քաղաքական իրավունքները։

Human Rights Watch իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպությունը դիմել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիին՝ հորդորելով, որ նա Բաքվում բարձրացնի քաղաքական հայացքներով դատապարտվածներին, լրագրողներին, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային ազատ արձակելու հարցերը։

Եվրոպական բանկի նախագահն այսօր արդեն ժամանել է Բաքու։ Երկօրյա այցի ընթացքում նա բազմաթիվ հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի իշխանությունների, բանկային համակարգի, ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների և ղեկավարների հետ։

Ադրբեջանի կառավարության բռնաճնշումներն ընդդեմ անկախ ձայների չեն համապատասխանում ՎԶԵԲ-ի՝ միջազգային միակ ֆինանսական կազմակերպության կանոնադրությանը, որը քաղաքական մանդատ ունի՝ պաշտպանելու բազմակուսակցական ժողովրդավարությունը և բազմակարծությունը, նշված է Human Rights Watch-ի նամակում։

«Ադրբեջանի կառավարությունը դրամատիկ հարձակումներ է իրականացնում լրագրողների, լրատվամիջոցների, քաղաքացիական ակտիվիստների և անկախ կազմակերպությունների դեմ», - ասել է Human Rights Watch-ի ավագ փորձագետ Ջեսիկա Էվանսը՝ նշելով, որ Ադրբեջանի կառավարությունը խախտում է Եվրոպական բանկի կանոնադրությամբ պահանջվող քաղաքացիական և քաղաքական իրավունքները։

Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Ռեյչըլ Դենբերի նամակում կետ առ կետ նշված են մի շարք կոնկրետ հարցեր, որոնք իրավապաշտպան կազմակերպությունը Եվրոպական բանկի նախագահին հորդորում է բարձրացնել Բաքվում՝ ազատ արձակել ակտիվիստներին, լրագրողներին և կառավարությանը քննադատած մյուսներին, որոնք բանտարկված են քաղաքական ենթատեքստ ունեցող մեղադրանքներով՝ ներառյալ Խադիջա Իսմայիլովային, ձեռնպահ մնալ քաղաքացիական ակտիվիստներին և կառավարությանը քննադատողներին ձերբակալելուց և հետապնդելուց, մասնավորապես՝ ովքեր պահանջում են կառավարության թափանցիկություն և հաշվետվություն, դադարեցնել ոչ կառավարական կազմակերպությունների և նրանց անդամների նկատմամբ շարունակվող ճնշումները, վերացնել նրանց բանկային հաշիվների վրա դրված արգելափակումը, չեղարկել ոչ կառավարական կազմակերպությունների և լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակող օրենքները, թույլատրել նրանց արտասահմանյան ֆինանսավորումը։

Human Rights Watch-ը մի քանի օր առաջ ևս՝ մայիսի 20-ի նամակով դիմել էր Եվրոպական բանկի նախագահին՝ հորդորելով Բաքվում բարձրացնել նմանատիպ հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG