Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան․ Յուրաքանչյուր թիզ հող, բարձունք և զոհ ռազմավարական նշանակություն ունի


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ՝ առանց կորսված տարածքները վերականգնելու պաշտոնական Երևանը չպետք է վերսկսի բանակցությունները: «Ազատության» հետ զրույցում ընդդիմադիր գործիչը քննադատեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե այդ տարածքները ռազմավարական կամ մարտավարական առումով որևէ նշանակություն չունեն:

«Ես հերքում եմ նման խոսքի տրամաբանությունը: Յուրաքանչյուր թիզ հող, բարձունք և զոհ ռազմավարական նշանակություն ունեն: Ամեն ինչը ունի ռազմավարական նշանակություն, և մենք աններելի և աննախադեպ կորուստներ ենք տալիս թե՛ տարածքային, թե՛ մարդկային: Դա նշանակում է, որ մենք հերոսաբար կարողացել ենք պահել ինչ պահել ենք, բայց խոցվել է մեր տարածքային ամբողջականությունը, որը գալիս է 94 թվականի զինադադարից: Պետք է առանց հավելյալ բանակցությունների, բառախաղերի՝ գնան և վերականգնեն այդ տարածքային ամբողջականությունը», - նշեց Հովհաննիսյանը:

«Երևանում՝ սրճարանում նստած, քարտեզներ են գծում, ուղիներ ցույց տալիս», - այս մոտեցմանը հակադարձել էր Սերժ Սարգսյանը՝ հարց հնչեցնելով․ - «Արդյո՞ք արժեր այդ 800 հեկտարի համար զոհել ևս 35, 40 կամ 80 հայրենասեր տղաների»:

«Պատրվակ է, պարտվողական մահանա և փախուստ սեփական պատասխանատվությունից, թե ինչու եղավ ինչ եղավ», - արձագանքում է Հովհաննիսյանը, - «հիմա մենք կենտրոնացել ենք մեր այդ հերոսական ինքնապաշտպանության վրա, որովհետև իսկապես հայ մարդը՝ տղաները, աղջիկները, մեր տեսակը ցույց տվեցին, որ կարող ենք այս մարդուն չընդունել որպես նախագահ, բայց մենք գնում ենք հայրենիք պաշտպանելու և ամեն ինչից բարձր հայրենիքն է: Բայց երբ արդեն նախապատրաստում են ժողովրդին նոր խոսքի, նոր բանակցությունների՝ առանց վերականգնելու այդ զինադադարը, ես կարծում եմ, որ դա ուղղակի ինքնահրաժարական է»:

Օրերս Ղարաբաղից վերադարձած Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է՝ առաջին գծում սպասում են կորցրածը վերականգնելու որոշմանը, որպեսզի Ադրբեջանը վճարի ագրեսիայի համար: Հովհաննիսյանը նաև այս համատեքստում է տեսնում սահմանային բախումները հետաքննող մեխանիզմ ներդնելու մասին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունը․ - «Ես կարծում եմ, որ քանի դեռ կա այս վիճակը, քանի դեռ Թալիշը գոյություն չունի որպես բնակելի հայրենի գյուղ, քանի որ տասնյակ բարձունքներ վերցված են, պատասխանատվությունը պետք է վերցնի իր վրա այդ իշխանությունը, որը թույլ տվեց: Եվ ոչ միայն քավության նոխազներով զբաղվի՝ փոխատեղություններ և այլն, այլ այնտեղ, որտեղ պատասխանատվությունը բնակվում է՝ Բաղրամյան 26-ում, Գլխավոր շտաբում»:

Իշխանափոխության ծրագրից «Ժառանգություն»-ը՝ այդ թվում և «Նոր Հայաստան»-ի կազմում, չի հրաժարվել, առաջիկայում կլինեն դահլիճային հանդիպումներ, հանրահավաքներ:

«Մենք հույս ունենք, որ արտահերթ լուծումներ կգտնվեն, որ Սարգսյանը կունենա այդ պետական խիղճը և պետական զգացողությունը, ինչպես Տեր-Պետրոսյանը ունեցավ ժամանակին: Ժողովուրդը պետք է տեսնի, որ սրանց կա իրական այլընտրանք, և ժողովրդի համբերության բաժակը այստեղ հասել է, և մենք պիտի թույլ չտանք, որ այս չընտրված իշխանությունը օգտագործի մեր այս հայրենասիրության պոռթկումը՝ իր իշխանությունը երկարաձգելու համար», - ասում է ընդդիմադիր գործիչը:

Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն չէ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, թե հիմա իշխանություններին մեղադրելու ժամանակը չէ․ - «Բոլոր ընտրություններում գործող նախագահը միշտ ասում է, որ՝ եթե ես չընտրվեմ, կայունություն չի լինի»:

«Ժառանգություն»-ը մերժում է բանակցային հիմնարար՝ Մադրիդյան կամ Կազանյան սկզբունքները՝ պնդելով՝ Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Գնահատելով Ռուսաստանի ջանքերը ռազմական քառօրյա գործողությունների ընթացքում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց՝ Եվրասիական միությանն անդամակցելիս իշխանությունները անվտանգությունն էին պատճառ բերում․- «Ո՛չ տնտեսությունն է զարգանում, ո՛չ անվտանգության հարցն է լուծվում: Ընդհակառակը՝ խոցվում է, մենք դառնում ենք ավելի խոցելի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG