Մատչելիության հղումներ

ԼՂ անկախությունը ճանաչելու օրինագիծը ԱԺ նստաշրջանի օրակարգում չընդգրկվեց


Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ելույթ է ունենում խորհրդարանում, արխիվ
Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ելույթ է ունենում խորհրդարանում, արխիվ

Այսօր ավելի վաղ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մի քանի ժամ տևած բուռն քննարկումների արդյունքում դրական եզրակացություն չտվեց օրենքի նախագծին:

Ազգային ժողովի վեց խմբակցություններից չորսը՝ իշխող Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստան»-ը, Հայ ազգային կոնգրեսն ու «Օրինաց երկիր»-ը, չմասնակցեցին քվեարկությանը, իսկ հիմնականում Դաշնակցության ու «Ժառանգության» պատգամավորների 12 կողմ ձայները հարցն օրակարգում ներառելու համար բավարար չէին:

Զարուհի Փոստանջյանի («Ժառանություն») և Հրանտ Բագրատյանի (ՀԱԿ) օրենսդրական նախաձեռնությանը դրական չէր նաև Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եզրակացությունը՝ «պահը պատեհ չէ» հիմնական պատճառաբանությամբ:

Իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե Հայաստանը կճանաչի Արցախը՝ եթե սկսվեն լայնածավալ ռազմական գործողություններ և բանակցային գործընթացը հայտնվի փակուղում:

Կառավարության տեսակետը փոխանցեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը․ - «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը կառավարությունը պայմանավորում է Արցախի և Հայաստանի միջև բանակցություններով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:

ՀԱԿ պատգամավոր, օրինագծի համահեղինակ Հրանտ Բագրատյանը հարցրեց․ - «Կոնկրետ, որպես կառավարության ներկայացուցիչ, խնդրում եմ ասեք՝ դուք դրակա՞ն, թե՞ բացասական եզրակացություն եք տալիս այս օրինագծին»:

«Ձեր նախագծին՝ բացասական», - պատասխանեց Շավարշ Քոչարյանը:

Բագրատյանը պնդեց․ - «Ճանաչելով՝ ոչինչ չենք կորցնում: Մի քիչ կփնթփնթան․․․ Է, դիմացեք, բա իշխանություն եք: Բայց դրանից հետո եկեք բանակցենք»:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը (ՀՀԿ) ասաց․ - «Այսինքն Մինսկի խմբում խնդիրը լուծվի, որտեղ այդ փաստաթղթի մեջ գրված լինի նաև ճանաչման գործընթացը, որը պետք է բխի ինչ-որ մի այլ գործընթացից, որտեղ Հայաստանը միայնակ չի լինելու, Հայաստանի հետ միասին լինելու են նաև ՄԱԿ-ի անդամ մյուս բոլոր սուբյեկտները: Ուզում եք այդ շքերթում մենա՞կ լինենք, դրոշակը վերցնենք, ասենք՝ կեցցե՛նք մենք, ճանաչեցի՛նք․․․ և հետո՞»:

«Իմ խորին համոզմամբ, ոչ մի Մինսկի խումբ, ոչ մի Ադրբեջան, ոչ մի միջազգային հանրություն Ղարաբաղի հանրապետության անկախությունը երբևիցե չի ճանաչելու», - հակադարձեց Բագրատյանը։

Զարուհի Փոստանջյանը հավելեց․ - «Հերի՛ք է: Մենք պետք է ինքներս մեր որոշումները կայացնենք՝ Ստեփանակերտը և Երևանը, ոչ թե այլ մայրաքաղաքները մեր տեղը պետք է որոշում կայացնեն»:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Արցախի ճանաչման օրինագծի քննարկումները տևեցին ավելի քան երկու ժամ և անցան բուռն մթնոլորտում:

Ծագումով ղարաբաղցի Համլետ Հարությունյանը խոսեց ճանաչման հետևանքների մասին․ - «Ադրբեջանը հինգ օր հետո առիթ դարձնի, ասի՝ ընդունել են, ուրեմն ոչ մի բանակցային գործընթաց, վաղվանից ռազմական գործողությունները սկսում ենք․․․ Ո՞վ է պատասխան տալու սրա համար: 131 հոգի պատասխա՞ն ա տալու էդ հետևանքների համար»:

Բագրատյանի արձագանքը․ - «Մեր ճշտի դեպքում մենք որևէ կատաստրոֆիկ սխալ չենք անում, իսկ ձեր ոչ-ճշտի դեպքում․․․ ես մարգարե չեմ, կարող է դուք էլ եք ճիշտ: Բայդ ձեր ոչ-ճշտի դեպքում մենք կարող ենք քաշվել, և շատ լուրջ»:

Երեկոյան Վիեննայում սպասվող Սարգսյան - Ալիև հանդիպումից առաջ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց՝ բանակցային գործընթացի մասին խոսելն անիմաստ է․ - «Եվ դա շատ հստակ հայտարարվել է, հայտարարվել է մեր նախագահի շուրթերով, որ անհրաժեշտ է, որպեսզի լինի կայուն զինադադար, ավելին՝ պետք է ինչ-որ վստահության միջոցներ կյանքի կոչվեն: Դրա համար այսօր խոսել ընդհանրապես բանակցային գործընթացի մասին, քանի որ չի ապահովված դրա հիմքը, իսկ հիմքը դա կայուն զինադադարն է: Հիմա նպատակը նա է, որ ոչ միայն կանխվի ապագա ռազմական գործողությունների վերսկսումը, այլ նաև լինի կայուն զինադադար»:

XS
SM
MD
LG