Մատչելիության հղումներ

Արամ Մանուկյանը ԼՂ իշխանություններին կոչ է անում հրաժարվել սահմանադրական փոփոխություններից


Արամ Մանուկյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:
Արամ Մանուկյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Հայաստանում կառավարման խորհրդարանական մոդելին անցնելուց հետո Ղարաբաղում ևս մտածում են այդ ուղղությամբ։

«Ես կարծում եմ, նաև մեր հանրաքվեի էդ քյալլագյոզության արդյունքում էր էս վիճակի ստեղծումը: Արդեն գործող Սահմանադրությամբ մենք ունենք երկու Գերագույն գլխավոր հրամանատար․ մեկը՝ խաղաղ վիճակում, մեկը՝ պատերազմական վիճակում: Խնդրում եմ ինձ բացատրեք մենք ո՞ր վիճակում ենք հիմա: Նույն խառնաշփոթը բերում են հիմա Ղարաբաղի գլխին»:

Ժողովրդավարության ազգային պլատֆորմի կազմակերպած քննարկման ամենաթեժ թեման դարձավ ապրիլյան դեպքերից հետո իշխանության նկատմամբ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի որդեգրած նոր վերաբերմունքը։

Արամ Մանուկյանն այն բնորոշեց իրավիճակային՝ հավաստիացնելով, թե բոլոր հարցերը, բացառությամբ փողոցային պայքարով իշխանափոխության պահանջի, այս պահին էլ իրենց օրակարգում են․ - «Սերժ Սարգսյանին որևէ կերպ ամրացնելու խնդիր Հայ ազգային կոնգրեսը, Արամ Մանուկյանը չունի: Բայց շատ պարզ իրավիճակ է՝ այս փուլում, երբ որ զինվոր է զոհվում, ես ներսում իշխանափոխություն բառից հետ եմ կանգնում»:

«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանի համար տարօրինակ է, որ ընդդիմադիր ուժերի կարկառուն դեմքերը խոսում են իշխանության հետ համախմբումից․ - «Այն համախմբումը, որի մասին այսօր խոսվում է, իդեալական, հովվերգական պայմաններ է ստեղծում պատասխանատվությունից խուսափելու համար: Ընդ որում, առաջին հերթին իշխանությունների պատասխանատվության մասին է խոսքը»:

Մանուկյանը հակադարձեց․ - «Տեր-Պետրոսյանի և՛ հարցազրույցները, և՛ հանդիպումները այն քաղաքական ճշգրիտ գիծն են, որը ասում է՝ իշխանությունները որքան էլ թալանչի, որքան էլ գող, որքան էլ իրենց մեղքով է եկել էս վիճակը, էս պահին Հայաստանի քաղաքական ուժերը, Հայաստանի հասարակական ուժերը պետք է միախմբվեն՝ խնդիրը ի օգուտ Հայաստանի լուծելու համար: Էս պահին որևէ իշխանափոխության խնդիր, որևէ հանրահավաքի խնդիր, որևէ ներքին խժդժություններ առաջացնելու խնդիր չպետք է բարձրացնել: Սիրիայում երեկ զինադադար կնքվեց․ Աստված տա, էս շաբաթ էլ զինադադար կնքվի Հայաստանում, և մենք անցնենք մեր առօրյա, սովորական գործընթացին»:

Գեղամ Բաղդասարյանի արձագանքը․ - «Ես Ձեզ նման խոհեմ կհամարեի այդ հանդիպումները թե՛ ՀՀ նախագահի, թե՛ ԼՂՀ նախագահի հետ՝ եթե իմանայի, թե ինչի մասին են խոսել: Ես չեմ կարող զմայլվել այդ հանդիպումներով, քանի դեռ չգիտեմ ի վերջո ինչ է եղել թեման»:

Ինչքա՞ն կտևի համախմբումը: Վերլուծաբան Հրանտ Տեր-Աբրահամյան․ - «Այնքան կտևի, մինչև էս պատերազմական սպառնալիքը կվերանա: Դա այս պահին ոչ ոք չի կարող ասել»:

Արամ Մանուկյանի խոսքով՝ պատերազմական իրավիճակում խաղի կանոններ է պետք փոխել․ - «Ես ճիշտ չեմ համարում, ասենք, էն գեներալների ակտիվ գործընթացը, որոնք Հայաստանում տնտեսական մենաշնորհների մեջ են, բիզնեսներ են գողանում, և իշխանությունը հանդուրժում է: Ես որ լինեի, էդ գեներալների ուսադիրը ցուցադրական կպոկեի»:

ՀԱԿ-ում դեռ հնարավոր են համարում 4+4+4 պայմանական ձևաչափով ընդդիմության, իշխանության ու քաղհասարակության քննարկումների վերսկսումը․ - «Որքան էլ ոչ-ադեկվատ են իշխանությունները, այնուամենայնիվ զգում են իրավիճակի ծանրությունը: Եվ նաև կգան ընդառաջ, զիջումների կգնան Ընտրական օրենսգրքի հետ կապված: Առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում, ես կարծում եմ, փոփոխություններ այդ բնագավառում կլինեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG