Մատչելիության հղումներ

Վրաստանում ռադիոակտիվ նյութերի վաճառքի նոր դեպք է կանխվել


Սա այս տարի Վրաստանում ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության արդեն երրորդ բացահայտված դեպքն է

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն այսօր հաղորդել է, որ Աջարիայում ոստիկանությունը 5 մարդու է ձերբակալել, որոնք մեղադրվում են ռադիոակտիվ նյութեր վաճառելու մեջ: Ըստ ՊԱԾ-ի հաղորդագրության, նրանք փորձել են մեկ կիլիգրամ 600 գրամ ուրան-238 և ուրան-235 ռադիոկատիվ նյութերը վաճառել 3 միլիոն դոլարով:

Պոտենցիալ գնորդների մասին ոչինչ չի հաղորդվում: Հատկապես կարևոր գործերով քննիչ Սավլա Մոտիաշվիլին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարել է, որ նշված մարդիկ Քոբուլեթիում ձերբակալվել են ուրանը վաճառելու պահին: «Նրանք ձերբակալվել են, երբ ռադիոակտիվ նյութը բերել են Քոբուլեթիի բնակարաններից մեկը՝ փորձելով վաճառել այն: Ցանկացել են վաճառել 3 միլիոն դոլարով: Ռադիոլոգիական հետազոտությունը ցույց է տվել, որ ուրանը կշռում է մեկ կիլոգրամ 665 գրամ և պարունակում է ռադիոակտիվ երկու իզոտոպ՝ ուրան-238 և փոքր քանակի՝ մոտավորապես 0,23 տոկոսի ուրան-235»,- մանրամասնել է քննիչը:

Ապրիլի 27-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը ձերբակալվածների նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը: Հաղորդագրություններում նրանց անունները չեն բացահայտվում, միայն նշվում է, որ ձերբակալվածները Վրաստանի քաղաքացիներ են:

Սա Վրաստանում ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության առաջին դեպքը չէ: Ընդամենը 10 օր առաջ՝ ապրիլի 18-ին, Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդել էր 6 մարդու ձերբակալության մասին, որոնցից 3-ը Վրաստանի, երեքն էլ՝ Հայաստանի քաղաքացիներ են: Այս մի խումբն էլ փորձել էր ուրան-238-ը վաճառել 200 միլիոն ամերիկյան դոլարով:

Այդ դեպքի մասին էլ հատկապես կարևոր գործերով քննիչ Սավլա Մոտիաշվիլին ասել էր, որ ձերբակալվածներից մեկի տնից առգրավվել է ուրան պարունակող գործարանային արտադրության տրանսպորտային կոնտեյներ: Դրանից առաջ՝ հունվարին Վրաստանի անվտանգության ծառայության պաշտոնյաները հաղորդել էին ուրիշ դեպքի մասին: Այն ժամանակ էլ ձերբակալվել էր երեք մարդ, ովքեր փորձել էին ցեզիում-137 ռադիոակտիվ նյութ վաճառել:

Նշենք, որ բոլոր նշված դեպքերում որևէ տվյալ չի հաղորդվել ռադիոակտիվ նյութերի ձեռքբերման աղբյուրների մասին: Ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությունն այսօր ողջ աշխարհում լուրջ մտահոգության առարկա է դարձել, հատկապես՝ հակամարտությունների գոտիներում: Նաև այդ խնդիրներին է անդրադարձել վերջերս Վաշինգտոնում անցկացված միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG