Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն 10 օրում կորոշի օֆշորային սկանդալի հետ կապված քրգործ հարուցելու հիմնավորվածությունը


Միհրան Պողոսյան, արխիվ
Միհրան Պողոսյան, արխիվ

Այսպես կոչված՝ պանամական փաստաթղթերի գաղտնազերծման արդյունքում օֆշորային սկանդալում հայտնված ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին առնչվող նյութերը դատախազությունն այսօր ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն։

ՀՔԾ-ն տասնօրյա ժամկետում դրանք ուսումնասիրելուց հետո կորոշի՝ հարուցե՞լ քրեական գործ, թե՞ ոչ։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը զերծ մնաց Պողոսյանին առնչվող իրավական գործընթացի գնահատականներից, միայն փաստեց՝ իրավապահ մարմիններն ուսումնասիրություն են սկսել։

Հարցին՝ ինչպե՞ս է ընդունել իր երբեմնի ենթակայի հրաժարականի այն պատճառաբանությունը, թե վերջինս չի ցանկացել իր անունը տեսնել միլիարդներ յուրացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների անունների կողքին, նախարարը պատասխանեց.

«Հրաժարական տալով, յուրաքանչյուր մարդ ինքն է համարում, որ այս կամ այն պատճառը համոզիչ է, և այդ պատճառաբանությունները դնում է իր հրաժարականի հիմքում, ինչն էլ կատարել է պարոն Պողոսյանը: Թե պետական իրավասու մարմինները դրան ինչպիսի վերաբերմունք կցուցաբերեն, և արդյո՞ք միայն հրաժարականում նշված պատճառաբանությունները կհամարվեն հրաժարականի իրական պատճառ, դա ցույց կտա ժամանակը»:

Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնն ութ տարի զբաղեցրած Միհրան Պողոսյանը, իբրև իր հրաժարականի բացատրություն, ԴԱՀԿԾ կայքէջում հետևյալ գրառումն էր արել՝ «Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին: Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի»:

Մեկ ամիս առաջ «Հետք» էլեկտրոնային պարբերականը պանամական գաղտնազերված փաստաթղթերի մեջ հայտնաբերել էր ԴԱՀԿԾ ղեկավար Միհրան Պողոսյանին առնչվող տվյալներ: Ըստ այդմ՝ վերջինս Պանամայում գրանցված 3 օֆշորային ընկերությունների սեփականատեր է և զբաղեցրած պաշտոնն օգտագործել է սեփական բիզնեսի զարգացման համար՝ թաքցնելով եկամուտներն ու խուսափելով հարկերից։

Այս տեղեկությունների հրապարակումից հետո Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը հայտարարել էր, թե կուսումնասիրեն դրանք: Մինչ այժմ, սակայն, ՊԵԿ-ը այս գործն ուսումնասիրելու վերաբերյալ որևէ տեղեկություն չի հրապարակել: Այսօր Միրումյանը լրագրողներին ասաց՝ ինչպես և այլ կասկածելի դեպքերում, նշված դեպքում ևս սահմանված կարգով ուսումնասիրություն կիրականացնեն ու մինչև տարեվերջ կպարզեն՝ առկա՞ են հարկերից խուսափելու փաստեր, թե՞ ոչ։

«Իհարկե, ցանկացած պարագայում, երբ ՊԵԿ-ը կիրականացնի նման ստուգումներ և կտեսնի, որ կա փոխկապակցվածություն՝ օֆշորային գոտիներում գրանցված կազմակերպությունների հետ, և դրա արդյունքում կան պետությանը չվճարված հարկեր, բնականաբար, Պետական եկամուտների կոմիտեն կարձագանքի»,- այսօր հայտարարեց Վախթանգ Միրումյանը՝ հավելելով, որ ստուգման գործընթացը որոշակի ժամանակահատված կպահանջի:

«Հետք»-ի վերոհիշյալ հրապարակումից հետո «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել տեղեկությունների իսկությունը։ Հայաստանի նախագահի նստավայրում գործող այդ կառույցի ղեկավարն, ի պատասխան, հայտարարել էր, թե ուսումնասիրություն են սկսել: Սակայն, այդ գործով վարույթ այդպես էլ չհարուցվեց։ Հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանն այսօր «Ազատությանն» ասաց, որ ուսումնասիրությունը դադարեցրել են, քանի որ այդ գործով զբաղվում են իրավապահ մարմինները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG