Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան կողմը չի հաստատում կորցրած դիրքերից մեկը հետ վերցնելու մասին տեղեկությունները


Հրթիռահրետակոծությունից տուժած տուն Մարտակերտում, 26-ը ապրիլի, 2016թ․
Հրթիռահրետակոծությունից տուժած տուն Մարտակերտում, 26-ը ապրիլի, 2016թ․

Ղարաբաղյան կողմը պաշտոնապես չի հաստատում մամուլում տարածված լուրերը, թե նախորդ գիշեր Պաշտպանության բանակի ուժերը հետ են վերցրել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում կորցրած դիրքերից մեկը:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն «Ազատությանն» ասաց, որ եթե նման բան լինի՝ իրենք հանրությանը տեղյակ կպահեն: Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը ևս հորդորեց սպասել պաշտոնական տեղեկատվության:

«Եթե չկա պաշտոնական հայտարարություն, ուրեմն տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», - նշեց Բաբայանը:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հայտնում է, որ գիշերը Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետևանքով զոհվել է 1996-ին ծնված զինծառայող Հայկ Մինասյանը: Հրադադարի խախտման հետևանքով երեք հայ զինծառայող էլ վիրավորվել է, այսօր լրագրողներին հայտնել է Հայաստանի Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից առավոտյան տարածված հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից, «Գրադ» կայանքներից ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ:

Հաղորդվում է նաև, որ նախորդ գիշերվա պես այս գիշեր ևս շարունակվել է Մարտակերտի հրետակոծությունը: Մարտակերտի շրջանի վարչակազմի ներկայացուցիչն «Ազատությանն» ասաց, որ չնայած այս գիշեր նախորդի համեմատ ավելի քիչ են կրակել քաղաքի ուղղությամբ, այդուհանդերձ վնասներն ավելի շատ են:

«Երեկ գիշերը նորից հակառակորդի կողմից հրթիռահրետակոծվեց Մարտակերտ քաղաքը՝ բնակելի թաղամաս: Երեք արկ ուղիղ բնակարանին ա կպել, իսկ 20 բնակարան տուժել են հրթիռահրետակոծությունից: Քաղաքացիական մարդկանցից ոչ մեկը չի տուժել», - մանրամասնեց Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանը:

Ղարաբաղի պաշտպանության բանակը տարածած մեկ այլ հաղորդագրությամբ մեղադրում է ադրբեջանական կողմին իր բնակչության թիկունքում թաքնվելու և մարդկանց որպես կենդանի վահան օգտագործելու մեջ:

«Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը հակառակորդ կողմին խորհուրդ է տալիս հարգել իրենց իսկ խնդրանքով կրակի դադարեցման վերաբերյալ կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը ու նաև զգուշացնում` խաղաղ բնակավայրերը չվերածել կրակային հենակետերի` դրանք դարձնելով խոցման թիրախ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը քառօրյա պատերազմից հետո վերջին օրերի լարվածության մի քանի պատճառ է մատնանշում․ - «Սա կապված է ինչպես Թուրքիայի նախագահի այցի հետ, այնպես էլ միջազգային հանրության և ժողովրդավարական մի շարք պետությունների ներկայացնող գործիչների հայտարարությունների հետ, որոնք գալիս են Բաքու մասնակցելու ՄԱԿ-ի ֆորումին և այնպիսի գնահատականներ են տալիս ահաբեկչական Ադրբեջանին, նրան անվանելով օրինակելի պետություն, որ, իհարկե, թևեր է ստանում և սկսում է նման քայլերի դիմել»:

Հայաստան-Ադրբեջան սահմանին ևս նախորդ գիշեր խաղաղ չի եղել: Ըստ Պաշտպանության նախարարության՝ պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ:

Ապրիլյան քառօրյա պատերազմին ու դրա հետևանքներին ամերիկյան The Washington Post-ի հետ զրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ասելով, որ իր ղեկավարած ստորաբաժանումները չէին ակնկալում նման լայնածավալ հարձակում ապրիլի 2-ին և հավելել, որ որոշ նախազգուշացնող նշաններ, այնուամենայնիվ, կային: Մնացականյանը նաև վստահեցրել է, որ հայկական կողմը կարող է պաշտպանել Ղարաբաղն առանց Ռուսաստանի օգնության:

«Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մեր ունեցած սպառազինությունը և մեր զորքերի պատրաստությունը թույլ է տալիս կասեցնել հակառակորդի գործողությունները: Եթե պատերազմը վերսկսվի, մենք ոչ միայն արժանի հակահարված կտանք, այլև առաջ կշարժվենք»,- Մնացականյանի խոսքն է մեջբերում The Washington Post-ը:

Ղարաբաղի պաշտպանության նախարարն, ըստ հեղինակի, նաև ասել է, որ քառօրյա պատերազմի ընթացքում, մարտավարական առումով, ադրբեջանցիները, գուցե, որոշակի հաջողություն են գրանցել: - «Բայց ես կասեի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմն օգտագործել է իր զինանոցում եղած ողջ ուժերը, դա ավելի շուտ պարտություն էր», - ասել է Մնացականյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG