Մատչելիության հղումներ

Քննիչները և փորձագետները պարզում են երևանյան ավտոբուսի պայթյունի պատճառները


Հայաստանի ոստիկանապետի փոխանցմամբ, պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի աջ կողմի երկրորդ նստարանին։

Քննչական կոմիտեի վերջին տվյալներով` Հալաբյան փողոցում թիվ 63 երթուղուն պատկանող «Bogdan» մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում պայթյունի պահին գտնվել է 10 մարդ` վարորդը և 9 ուղևոր, որոնցից 2-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:

Կոմիտեն փոխանցում է, որ վիրավորներից մեկը` 1994 թվականին ծնված Արթուր Մարգարյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) ապրիլի 26-ի, ժամը 04.20-ի տվյալներով՝ կա 8 տուժած՝ 1963 թվականին ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թվականին ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թվականին ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թվականին ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թվականին ծնված Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թվականին ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1955 թվականին ծնված Արեգնազ Սարգսի Ղալեչյան, 1994 թվականին ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Տուժածները, ըստ ԱԻՆ-ի, Հայաստանի քաղաքացիներ են:

«Մյուս տուժածները տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության», - ասված է հաղորդագրությունում:

Քննչական կոմիտեն փոխանցում է, որ մահացածներից մեկի ինքնությունը պարզվել է` ազգությամբ հայ, Հայաստանի քաղաքացի, մյուսի ինքնությունը պարզվում է:

Կոմիտեն նշում է, որ ավտոբուսի վարորդին բժշկական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել:

«Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ` դեպքի առթիվ քննությունն իրականացվում է հատկապես կարևոր գործերի քննության վարչության քննիչների կողմից: Այս պահին դեպքի վայրում շարունակում է աշխատել քննչական խումբը` փորձագետների հետ միասին, կատարվում է դեպքի վայրի զննություն, անհետաձգելի այլ քննչական գործողություններ: Փորձագետները վերցրել են անհրաժեշտ փորձանմուշները և կատարվում է փորձաքննություն պայթյունի պատճառները պարզելու համար, որի արդյունքները պարզ կլինեն առաջիկա ժամերին: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դատապայթյունատեխնիկական, դատակենսաբանական, դատաքիմիական, դատաբժշկական և այլն: Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ: Պայթյունի պատճառների վերաբերյալ փորձագետների եզրակացության մասին լրացուցիչ հայտարարություն կտարածվի», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում:

Գիշերը տուժածներից 14-ամյա Ռոլանդ Խոջայանի տատիկն «Ազատության»-ը փոխանցեց, որ տղան «Թումո» կենտրոնից վերադառնալիս է եղել տուն։ «8-րդ դասարանում է սովորում, երեկոյան ընկերոջ հետ [տուժած Էդգար Գասպարյան] գնում էր «Թումո» գալիս էր։ Երկուսն էլ վիրավոր են, ու տեղյակ չենք, թե ինչ է եղել էրեխեքի հետ», - ասաց տատիկը։

Ռոլանդի հայրն էլ փոխանցեց, որ իրեն զանգով են տեղեկացրել դեպքի մասին։ «Զանգեցին, ասեցին՝ ավտոբուսը պայթել է, տղաները տուժել են, նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Հուսանք լավ կլինի, Աստված տա՝ լավ լինի, ոտքի, ձեռքի վնասվածքներ ունի», - ասաց հայրը։

Ավելի վաղ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ հիվանդանոց տեղափոխվածների վիճակը ծանր է։

«7 տուժած է տեղափոխվել հիվանդանոց, 7-ից մեկը հրաժարվել է բուժումից, մուտքից ինքնակամ հեռացել է, իսկ վեցը ընդունվել են հիվանդանոց՝ երեք կին, երեք տղամարդ։ Տղամարդկանցից մեկը 14 տարեկան տղա է, և մեկ հղի կին ունենք։ Երկու հոգի այս պահին վիրահատվում են, բոլորի վիճակը գնահատվել է ծանր, որից չորսը կայուն ծանր են, երկուսը, որոնք վիրահատվում են, ծայրահեղ ծանր են։ Հիվանդների վիճակն ընդհանուր առմամբ այս պահին վերահսկելի է։ Հղի կինը կայուն ծանր վիճակում է, մեր հսկողության տակ է գտնվում, կյանքը վտանգից դուրս է», - ասել էր նախարարը։

Գիշերը դեպի վայրում գտնվող Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողներին փոխանցել էր, որ ավտոբուսում տեղի է ունեցել ոչ թե բեկորային, այլ ալիքաձև պայթյուն՝ մանրամասնելով, որ պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի աջ կողմի երկրորդ նստարանին։

Դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ոստիկանապետը հայտարարել էր, որ ավտոբուսը աշխատել է դիզելային վառելիքով, հետևաբար այն չէր կարող գազի պայթյունի հետևանք լինել:

Ոստիկանապետը նաև հրաժարվել էր մեկնաբանել հնարավոր ահաբկչության մասին լուրերը, նշելով, որ տվյալ պահին դա ոչ հերքելու, ոչ էլ հաստատելու ժամանակն է:

Ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG