Մատչելիության հղումներ

Հայաստանի քաղաքական գործիչները մեկնաբանում են Լավրովի այցը


Ռուսաստանի արտգործնախարարին ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Երևան, 22-ը ապրիլի, 2016 թ․
Ռուսաստանի արտգործնախարարին ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Երևան, 22-ը ապրիլի, 2016 թ․

«Ազատության» հետ զրույցներում իրենց կարծիքները հնչեցրին Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարցերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը և ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամ Զարուհի Փոստանջյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում շատ կարևոր ուղերձներ է հղել․ - «Այս փուլում մենք կարող ենք արձանագրել, որ գոնե դիվանագիտական առումով Հայաստանի և Արցախի իշխանությունների մեսիջները, նաև պահանջները, խիստ գնահատականները տեղ են հասել, և Ռուսաստանի արտգործնախարարը համանախագահ երկրների անունից նշեց, որ խնդիրն ունի բացառապես խաղաղ կարգավորում, որ 1994 թվականի զինադադարը պետք է գործի՝ ի հեճուկս տարբեր կողմերի, որ խնդիրը առանց Ղարաբաղի չի լուծվելու, որ չկա նոր փաստաթուղթ, որտեղ կլինի միակողմանի զիջումներ, որ կա այն փաստաթուղթը, որից հրաժարվել է Ադրբեջանը, որ Թուրքիան մնում է սպառնալիք տարածաշրջանի համար»:

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարցերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի կարծիքով՝ Սերգեյ Լավրովը Երևան էր եկել կոնկրետ առաջարկների շուրջ կողմերի դիրքորոշումները մոտեցնելու՝ չնայած արտգործնախարարությունում կարզակերպված համատեղ ասուլիսի ժամանակ որևէ հստակ հայտարարություն չհնչեց․ - «Կարծես կազմակերպված էր այն բանի համար, որ հիմնական բովանդակությունը հեռու մնա, և մարդիկ չկարողանան տեղեկանալ, թե իրական նպատակը այցի որն է եղել: Կարծում եմ, Լավրովը ինքը Բաքվում շուրջ 10 օր առաջ հայտարարեց, որ ունի առաջարկություններ և հենց այդ առաջարկությունների շուրջ քննարկումներ ծավալել․․․ Ես ուզում եմ հիշեցնել, որ ամսի 8-ին մեր արտգործնախարարն էր մասնակցում Մոսկվայում մի քանի միջոցառման և առանձին հանդիպում ունեցավ Լավրովի հետ: Եվ որևէ բան այնտեղ չասվեց, որ «պլանավորված» այց է նախատեսվում Հայաստան: Հետևաբար հասկանալի է՝ այս բախումների և Ռուսաստանի ակտիվացման կոնտեքստում, թերևս, Լավրովը եկել էր կոնկրետ առաջարկների շուրջ կողմերի դիրքորոշումները մոտեցնելու»:

Ընդունելով Սերգեյ Լավրովին՝ Սերժ Սարգսյանն ասել էր, որ Բաքվի գործողությունները «բանակցային գործընթացը մղեցին բավականին հեռու մի կողմ»: Կարապետյանը, այդուհանդերձ, կարծում է, որ եթե դիրքորշումները մերձենան, նախագահների հանդիպում տեղի կունենա․ - «Եթե Ռուսաստանին, որը վերցրել է կարծես միջնորդական դրոշը և առաջատարն է այս փուլում, հաջողվի մոտեցնել կողմերի դիրքորոշումը, ես չեմ բացառում, որ առաջիկայում կլինեն բանակցություններ»:

ՀԱԿ-ի արտաքին հարցերի պատասխանատուն կարծում է նաև, որ Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի՝ երեկ տարածած մեկնաբանությունը շահեկան էր Հայաստանի համար։

«Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացման համատեքստում ռուսական կողմը ելնում է նրանից, որ «Կրակի դադարեցման մասին» 1994 թվականի համաձայնագիրը, ինչպես նաև ի զարգացումն դրա ընդունված «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում կրակի դադարեցման ամրապնդման մասին» 1995 թվականի համաձայնագիրը անժամկետ բնույթ ունեն և նախկինի պես հակամարտության գոտում հրադադարի հիմքն են կազմում»։ Այս դիրքորոշումը, ըստ հրապարակման, շարադրված էր նաև Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Ռուսաստանի մշտական ներկայացուցչության նոտայում, որը ապրիլի 12-ին հղվել է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը։

Այս առնչությամբ Վլադիմիր Կարապետյանն ասաց․ - «Եթե Ռուսաստանի արտգործնախարարությունը սովորական գրագրությունը ներկայացրել է իր մամուլի հաղորդագրությունների ցանկում՝ շեշտելով, որ Ռուսաստանը հատուկ կարևորում է հենց իր միջնորդությամբ 1994 և 95 թվականների հրադադարի մասին պայմանագրերը, դա, բնականաբար, շատ շահեկան է Հայաստանի համար, մեր կողմի համար: Եվ կարծում եմ, դա նաև հասկացնել էին տալիս կամ պատասխան էին տալիս Ադրբեջանին այն բանի հետ կապված, որ Ադրբեջանը ուզում էր ինչ-որ նոր փաստաթուղթ մեջտեղ բերել և եռակողմը դարձնել երկկողմ: Կարծում եմ, դա չհաջողվեց, բայց դա չի նշանակում, որ շատ լուրջ ազդեցություն կունենա այն կարգավորման պրոցեսում, որում հիմա գտնվում ենք»:

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») մամուլից տեղեկացել է, որ Ռուսաստանի արտգործնախարարը ղարաբաղյան կարգավորման որոշակի ծրագրով է եկել Երեւան։ Լավրովի առաջարկները պատգամավորը վտանգավոր ու անընդունելի է համարում։

Նշենք, որ ռուսաստանյան Известия-ի փոխանցմամբ՝ առաջիկայում Վլադիմիր Պուտինի անմիջական մասնակցությամբ բանակցություններ են մեկնարկելու՝ Ադրբեջանին տարածքների մի մասի վերադարձի, խաղաղապահներ տեղակայման, փախստականների վերադարձի, սահմանների բացման, կրքերը հանդարտվելուց հետո՝ նաև Ղարաբաղի կարգավիճակի մասին հանրաքվե անցկացման շուրջ:

«Հանրությունը մերժում է տարածքների հանձնումը, նրա կարծիքի հետ պետք է հաշվի նստել», - ասաց Փոստանջյանը։ - «Իհարկե, դա նշանակում է ողջ հայ ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու անվտանգությունը խոցող օրակարգ, որը, իհարկե, բացարձակ անընդունելի է: Դեռ չեմ ասում, որ եթե այդտեղ տեղաշարժ է տեղի ունենում, ապա ամբողջ տարածաշրջանում է տեղաշարժ տեղի ունենալու՝ դեպի վատթարացում, դեպի անկայություն, դեպի պատերազմներ»:

Փոստանջյանը թերահավատ է ղարաբաղյան կարգավորման բանակցությունների վերսկսման հարցում․ - «Մի շեմ է անցել, որից հետո այլևս այն ձևաչափով խոսելը, որը կար մինչև չորսօրյա պատերազմը, իրեն լիարժեք սպառել է: Այդ պատերազմից հետո բոլորիս համար պարզ է, որ քանի դեռ կա այդ արհեստական ստեղծված Ադրբեջանը՝ իր այդ քաղաքական ղեկավարությամբ, երբևիցե չի գնալու որևիցե բանակցության, երբևիցե չի որդեգրելու քաղաքակիրթ պետության դիրքորոշում: Ընդհակառակը՝ անընդհատ իրեն դրսևորելու է որպես ագրեսոր»:

XS
SM
MD
LG