Մատչելիության հղումներ

Սպիտակում ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 53 տոկոսը


Ժամը 17.00-ի դրությամբ Սպիտակում քվեարկել է ընտրողների 53 տոկոսը: Այստեղ քաղաքապետի աթոռի համար պայքարում են երկու հանրապետական թեկնածուներ՝ գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանը և նախկին քաղաքապետ, ներկայումս Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը: Հանրապետականը թեկնածուներից որևէ մեկին չի սատարում, երկուսն էլ ինքնառաջադրվել են։

Գագիկ Սահակյանը վստահ է՝ ընտրություններն առանց միջադեպերի կանցնեն:

«Ընտրությունը էնպես չի, որ մեզ համար գերագույն նպատակ է հասնելու աթոռին: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ ընտրության հաջորդ օրը սովորական աշխատանքային օր է: Ինչո՞ւ պետք է մարդիկ լարվեն, ինչո՞ւ պետք է թշնամանան», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց նա:

Հանրապետական մյուս թեկնածուն ևս կարծում է՝ ինտրիգներ չեն լինի, ասում է՝ անձամբ է պայքարել, որպեսզի մաքուր ընտրություններ լինեն:

«Հանգիստ ա, դա նորմալ բան ա, ինտրիգ չի եղել, չի էլ լինի», - նշեց Վանիկ Ասատրյանը:

Այսօր վաղ առավոտից մարդիկ ակտիվորեն մասնակցում էին ընտրություններին, դա փաստեցին թե՛ ընտրատեղամասերի հանձնաժողովի նախագահները, թե՛ դիտորդները:

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուցպիոն կենտրոնի դիտորդ Մարտուն Ադամյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ լուրջ խախտումներ չեն գրանցվել, փոքր խախտումներն էլ շատ արագ շտկվել են:

«Մարդիկ կային, որ ինչ-որ նշումներ էին անում, մարդկանց ուղղորդում էին: Հետո գնացին իրենք, հանգիստ ա ամեն ինչ», - պատմեց դիտորդը:

Թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Բարսեղ Մակասյանը նկատում է՝ եթե դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ տարբեր քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կողմից խախտումների ահազանգեր են հնչել, ապա այսօր, որևէ դիմում-բողոք՝ բանավոր թե գրավոր, հանձնաժողովը չի ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG