Մատչելիության հղումներ

Շավարշ Քոչարյան․ Նույնիսկ գիշեր-ցերեկ ռեժիմով ԱԳՆ-ում աշխատանք կատարվել է


Հայաստանի արտգործնախարարի տեղակալը «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրն է:

Անցած երկու շաբաթներին իրականում նույնիսկ գիշեր-ցերեկ ռեժիմով Հայաստանի արտգործնախարարությունում աշխատանք է կատարվել: Այդ մասին հայտարարեց արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով արտաքին քաղաքական գերատեսչության հասցեին այս օրերին հնչող քննադատություններին ու պասիվության, ոչ համարժեք գործելաոճի մեջ մեղադրանքներին:

«Դրա արտահայտությունը նա է, որ եղել են շատ կարճ ժամանակահատվածում համապատասխան շփումներ, հիմնականում՝ հեռախոսով, բնական է, բազմաթիվ երկրների արտգործնախարարների, միջազգային կառույցների պաշտոնյաների հետ, Մինսկի խմբի համանախագահների հետ: Առաջին հերթին՝ այդ բոլորը արվել է հենց նախարարի մակարդակով», - ասաց Քոչարյանը:

Բացի այդ, ըստ նրա, «համապատասխան հանձնարարականներ անմիջապես գնացել են բոլոր դեսպանատներին, դեսպանները աշխատել են իրենց երկրներում»:

«Արդյունքը նա է, որ մենք պետք է արձանագրենք մեկ բան՝ որ ըստ էության, բացառությամբ Թուրքիայի, Պակիստանի և Իսլամական կոնֆերանսի այս վերջին հայտարարության, միանշանակ է եղել արձագանքը ու բավականաչափ արագ: Արձագանքի իմաստը եղել է՝ տարբեր պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների, որ՝ անհապաղ վերջ դնել այդ ռազմական գործողություններին, և խնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի», - նշեց Քոչարյանը՝ հավելելով․ - «Բնական է՝ մենք կցանկանայինք, որ ավելի հասցեագրված նշվեր նա, ով խախտել է այդ 94 թվականի զինադադարը»:

Ըստ փոխնախարարի՝ տարածվել են փաստաթղթեր և՛ ՄԱԿ-ում, և՛ ԵԱՀԿ-ում, և՛ «ըստ էության բոլոր միջազգային կազմակերպություններում, իսկ մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների խախտման վերաբերյալ այն աղաղակող փաստերը, բնական է, ևս տարածվել են»:

Աննա Իսրայելյանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի ժամանակ Շավարշ Քոչարյանը նաև ներկայացրեց ղարաբաղյան բանակցային գործընթացի մանրամասները, անդրադարձավ վերջին շրջանում հրատապ դարձած արտաքին քաղաքական մյուս խնդիրներին ևս, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության մատակարարման, Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի և որոշ այլ պետությունների բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշման:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG